Սփյուռքը կտրուկ և, կարելի է ասել, ծայրահեղական դրսևորումներով ցուցադրեց իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբ վերջինս 5 քաղաքներ կատարած այցի ժամանակ նպատակ ուներ ներկայացնել կառավարության դիրքորոշումն արձանագրությունների առնչությամբ և փորձել ստանալ սփյուռքի աջակցությունը:
Այն անցանկալի շրջադարձը, որ սկիզբ առավ Փարիզում, շարունակվեց Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և եզրափակվեց Ռոստովում, թեև` ավելի հանդարտ: Ի վերջո, մեկ բան ակնհայտ է` կազմակերպիչների սպասումներն անհաջողության մատնվեցին: Հակազդեցությունը, ընդունելությունն ու պատասխանները ակնկալվածից տարբեր էին: Արդյունքում կառավարության, մասնավորապես` նախագահի ուղերձը հազիվ թե հասավ նպատակին: Այս ամենի ակնհայտ եզրակացությունն այն է, որ սփյուռքը համաձայն չէ: Համաձայն չէ նաև Հայաստանի հասարակությունը: Մինչդեռ նման քաղաքականություն ու գործողություններ հնարավոր էր իրականացնել միայն ժողովրդի միանշանակ աջացության պայմաններում: Ժողովրդի, որը շատ կորուստներ է ունեցել նախկինում և այդ պատաճառով զգուշանում է ապագա կորուստներից:
Ի վերջո, այս արձանագրությունների ստորագրման առնչությամբ բազմաթիվ հին ու նոր հարցեր կան, որոնց Հայաստանի կառավարությունը պետք է կարողանա պատասխանել:
Արդյո՞ք Հայաստանի կառավարությունն իրապես հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերություների համար կարելի է վճարել ցանկացած գին:
Արդյո՞ք բաց սահմանի տնտեսական առավելություններն իսկապես այնքան մեծ ու իրատեսական են, որ կարող են ստվերել այս փաստաթղթերում տեղ գտած ռազմավարական ու քաղաքական զիջումների առկայության փաստը:
Արդյո՞ք իշխանությունները կամք կդրսևորեն հետաձգելու գործընթացը, մի կողմ թողնելով տարօրինակ, արհեստականորեն ստեղծված ժամկետները և նորից բանակցելու մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որն իսկապես ճանապարհ կհարթի դեպի ապագան:
Արդյո՞ք ցանկություն կա կրկին դիմելու սփյուռքին, այս անգամ` արդեն ձևավորված անջրպետը հաղթահարելու համար: