Հայ- թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ճիշտ մեկնաբանելու համար գնահատականները պետք է կառուցվեն երկու տարբեր տեսությունների վրա:
Առաջինը, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան կարգավորման կամ այդ հարցում առաջընթացի: Այլ կերպ ասած` չի բացի սահմանը առանց Ադրբեջանի համաձայնության: Այս տեսությանը հավատացողների համար, անշուշտ օգոստոսի 31-ի արձանագրությունների բովանդակությունը բացարձակապես անընդունելի է: Այս փաստաթղթերով Թուրքիան արդեն պաշտոնապես, գրավոր ստացել է Հայաստանից այն ամենն, ինչ ուզում էր, բայց չէր կարողացել ստանալ Հայաստանի անկախությունից ի վեր: Այն, ինչ Հայաստանն է ակնկալում ստանալ Թուրքիայից` սահմանի բացումը, տեսանելի և շոշափելի ֆիզիկական իրողություն է, որը Հայաստանը դեռ չի ստացել: Մինչդեռ Թուրքիայի ակնկալիքը Հայաստանից ընդամենը խոսք է, որը նա արդեն ստացել է, ընդ որում` գրավոր:
Հայաստանի իշխանությունների հավանությանն արժանացած այս փաստաթղթի հրապարակման պահից, նույնիսկ վավերացրած չլինելու դեպքում, այն հնարավորություն է ընձեռում Թուրքիային օգուտներ քաղել դրա բովանդակությունից` դիվանագիտական, քաղաքական, բարոյական և այլ հարթություններում: Ուրեմն չի կարելի պնդել որ Թուրքիան Հայաստանից ցեղասպանության և հողային պահանջատիրության խնդրով չի ստացել իր ուզածը այնքան ժամանակ, քանի դեռ արձանագրությունները չեն վավերացվել խորհրդարանում:
Արձանագրությունների հրապարակման պահից բազմաթիվ փորձագետներ, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներ, որպես մեծ դիվանագիտական հաջողություն են ներկայացնում այն հանգամանքը, որ փաստաթղթում չի հիշատակվում Ղարաբաղը: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները վերջին տարվա ընթացքում ամեն առիթով հրապարակավ խոսել են այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի միայն ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո, թերևս դիվանագիտական հաջողություն կարելի կլիներ համարել ճիշտ հակառակը. եթե Ղարաբաղը ընդգրկվեր հայ-թուրքական համատեղ այս փաստաթղթում` հստակ ձևակերպմամբ, որ ղարաբաղյան խնդիրը որևէ կերպ չի առնչվելու հայ-թուրքական կարգավորմանը: Միայն ղարաբաղի հարցի նման ընդգրկումը օգոստոսի 31-ին հրապարակված փաստաթղթում կարելի էր համարել դիվանագիտական հաղթանակ, որովհետև միայն դա զերծ կպահեր Թուրքիայի վարչապետին կամ արտգործնախարարին հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորմամբ պայմանավորելուց, մի բան, որ շարունակվում է նաև այս արձանագրությունների հրապարակումից հետո:
Այլապես, սթափ գնահատականի դեպքում, դժվար է չնկատել վտանգավոր սցենարը. Թուրքիայի գործադիր իշխանությունը ի ցույց դրեց աշխարհին Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր “բարի կամքը”, բայց որպես “կայացած ժողովրդավարություն” չի կարող իր կամքը պարտադրել խորհրդարանին: Այսօր արդեն, թուրք պատգամավորների արձագանքներից ակնհայտ է դառնում, որ խորհրդարանում այս փաստաթղթի շուրջ աղմուկը մեծ է լինելու: Եվ Թուրքիայի գործադիր իշխանությունը հեշտությամբ կարող է միջազգային հանրությանը բացատրել, որ խորհրդարանում փաստաթղթի վավերացման համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը գոնե որոշ զիջումների գնա Ղարաբաղի հարցում և դուրս գա Ղարաբաղին հարող տարածքներից:
Երկրորդ տեսությունն այն է, որ Թուրքիան պատրաստ է, նույնիսկ Ադրբեջանի հետ ժամանակավորապես կամ արտաքուստ հակադրվելու գնով, գնալ սահմանի բացմանը, հետևաբար Հայաստանը նույնպես ամեն ջանք պետք է գործադրի դրան հասնելու համար: Այս տեսության կողմնակիցներին էլ կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասին:
Նրանք, որ համարում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը գերակա է բոլոր այլ խնդիրների նկատմամբ, և հայկական կողմը կարող է չպնդել պատմական հարցերի վրա: Բայց այս մարդիկ պետք է հստակ գիտակցեն նաև, որ նույնիսկ այս դեպքում ղարաբաղյան խնդիրը չի շրջանցվելու: Եթե Թուրքիան համաձայնի բացել Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան խնդրում կարգավորման հարցում Ադրբեջանին ձեռնտու առաջընթացի, որևէ կասկած չի կարող լինել, որ Թուրքիան հստակ խոստումներ է ստացել միջազգային հանրության կողմից, որ Ղարաբաղին հարող բոլոր տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնականացման երաշխիքի:
Մյուս հատվածը գիտակցում է սահմանի բացման անառարկելի անհրաժեշտությունը, բայց պատրաստ չէ ամեն գնով հասնել դրան: Հենց այս դաշտում է, որ պետք է փորձել ծավալել առողջ քննարկումը: Բայց, որպեսզի կարողանանք սթափ գնահատել, թե որն է այն գինը, որ պատրաստ ենք վճարել բաց սահմանի համար, իրերը պետք է կոչենք իրենց անուններով: Այս փաստաթղթով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու դիմաց մենք տալիս ենք համաձայնություն, որ չունենք հողային պահանջ Թուրքիայից, ինչպես նաև ընդունում ենք Թուրքիայի կողմից առաջարկված պատմաբանների ներգրավմամբ հանձնաժողովի ստեղծումը: Ակնհայտ է, որ խորհրդարանի կողմից վավերացման դրույթի ներառումը փաստաթղթում Թուրքիայի գաղափարն է, բայց պետք է փորձել գոնե օգտվել դրանից, և խորհրդարանի միջոցով ճշգրտումներ մտցնելու և կամ այս փաստաթուղթն ընդհանրապես մերժելու հնարավորություն թողնել: Անշրջելի սխալ կլինի, եթե Հայաստանի խորհրդարանը բացառապես գործադիր իշխանության դեմքը փրկելու մղումով, արհամարհի փաստաթղթում առկա բոլոր վտանգները:
Եվ վերջում, կարևոր է գիտակցել, որ անկախ Հայաստանը, որպես սուվերեն պետություն առաջին անգամ է տարածքների, սահմանների, մեր ամենացավոտ խնդրի` ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի հետ համատեղ փաստաթուղթ ստորագրելու, և դա չի կարող արվել քաղաքական հարմարավետությունից ելնելով: Ակնհայտ է նաև, որ այս փաստաթուղթը ներկայիս ձևակերպումներով չի բխում մեր ազգային շահերից: Այս արձանագրությունները որպես դիվանագիտական մեծ հաղթանակ ներկայացնելու փորձերը առնվազն լուրջ չեն ընկալվում: Ի վերջո, անկախության բոլոր 17 տարիների ընթացքում Հայաստանի նախկին իշխանությունները նման քայլի չեն գնացել` ելնելով քաղաքական և պատմական պատասխանատվությունից:
Արձանագրությունն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ (PDF)