Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Ինչ անել, երբ Մայր օրենքն ընդունվում է համատարած կեղծիքներով» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:
Դեպքը
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Պաշտոնական արդյունքներով դրան մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50,5 տոկոսը: Շուրջ 63 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, 33 տոկոսը՝ «ոչ»: Տեղական, միջազգային դիտորդների և հանրության մեծ մասի գնահատականներով՝ հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների ծավալն անհանգստացնող է եղել՝ համեմատած նախորդ համապետական ընտրությունների հետ:
Դատելով սոցցանցերում, լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերից, լուսանկարներից, ընտրատեղամասային հանձնաժողովների ընդդիմադիր անդամների պնդումներից՝ հանրաքվեի ընթացքում գործի է դրվել նորանկախ Հայաստանի ընտրությունների պատմության ընթացքում կիրառված ընտրակեղծիքների գրեթե ամբողջ զինանոցը:
Խորապատկերը
2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանին հաջողվեց Բաղրամյան 26 հասնել, քաղաքական-հասարակական լարվածությունը թուլացնելու խնդիր էր դրված: Ուստի նաև այդ պատճառով համապետական ու ՏԻՄ ընտրությունների ընթացքում սկսեց կիրառվել հնարավորինս անաղմուկ, ծպտյալ ու փափուկ ընտրակեղծիքների բավական «արդյունավետ» զինանոց:
Մակերեսային տպավորությամբ՝ Հայաստանում աստիճանաբար լավանում էր ընտրություններ անցկացնելու մշակույթը: Սակայն ընտրությունները շարունակում էին հակասել քաղաքացիների իրական կամարտահայտությանը, աղմկահարույց դեպքերի ու ագրեսիվ ճնշումների բացակայությունն ամեն ընտրությունից հետո ստեղծում էր «մեկ քայլ առաջ»-ի պատրանք: Պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունները, դիտարկելով սոսկ համակարգի արտաքին շերտը, Հայաստանում արձանագրում էին ժողովրդավարական ազատությունների ու իրավունքների զարգացման միտում:
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կազմակերպման և անցկացման որակը պայթեցրեց 2008-ից հետո փչված «կեղծ ժողովրդավարության փուչիկը»: Հերթական անգամ պարզվեց, որ իշխանությունը լեգիտիմության լրջագույն պակաս ունի և ապավինում է կոշտ ընտրակեղծիքներին՝ ընտրակեղծարարների խմբավորումների կատարմամբ և իրավապահ համակարգի լռելյայն համաձայնությամբ:
Վերլուծություն
Միանշանակ կարելի է պնդել, որ դեկտեբերի 6-ի հանրաքվեի ընթացքում կեղծիքների առակայությունը էականորեն ազդել է վերջնական արդյունքների վրա:
Իշխանություններն ապավինել են կոշտ ընտրակեղծիքների կիրառմանը և «վա-բանկ» են գնացել մի շարք պատճառներով: Նախ, հիմնավոր դուրս եկան այն պնդումները, որ սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ չկար: Այդպես էլ քարոզարշավի ընթացքում չհաջողվեց հասարակությանը համոզել, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելուն խանգարում է գործող Սահմանադրությունը: Գերակա մնաց այն համոզմունքը, որ խնդիրը ոչ թե Սահմանադրության բովանդակությունն է, այլ գործող Սահմանադրության դրույթների չկիրառումն ու ոտնահարումը:
Իր հերթին, «Ոչ»-ի ճամբարին հաջողվեց հանրության լայն զանգվածներին հասցնել, որ սահմանադրական կարգի փոփոխությունը միտված է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը:
Հատկանշական էր, որ իշխանությունների նկատմամբ հանրային անվստահությունը այն աստիճան ցածր մակարդակի վրա, որ իշխանության գրեթե յուրաքանչյուր նախաձեռնություն դատապարտված է մերժման քաղաքացիների գերակշիռ մեծամասնության կողմից, եթե անգամ այդ նախաձեռնությունը կարող է լինել հօգուտ պետության և հասարակության:
Մյուս կողմից, նախընտրական շրջանում «այո»-ի քարոզիչներն ամբողջությամբ տապալվեցին՝ քարոզչական ճակատում թույլ տալով կոպտագույն սխալներ: Օրինակ, հանրաքվեից մի քանի օր առաջ իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչները սկսեցին «սպառնալ», որ եթե «ոչ»-ը հաղթի, ապա Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ իշխանության ղեկին՝ նախագահական վերջին ժամկետի ավարտից հետո: Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 3-ին հրապարակված ծավալուն հարցազրույցը, երբ նա չբացառեց, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում ինքը շարունակելու է մնալ իշխանության վերևում, ավելի ամրապնդեց «ոչ»-ի դիրքերը:
Ուշագրավ էր, որ հանրաքվեի ընթացքում, չնայած համատարած ընտրակեղծիքներին, հասարակությունը թերևս առաջին անգամ իր ամբողջության մեջ գործարքի չգնաց իշխանության հետ՝ ընտրակեղծիքների իրականացման հարցում: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների առյուծի բաժինն իրականացվում էր հանրության ստվար հատվածի գործուն մասնակցությամբ, ապա այս անգամ նման երևույթ գրեթե չարձանագրվեց: Ընտրակաշառքը, ուղղորդվող քվեարկությունները, «կարուսելը» և նմանատիպ այլ ընտրակեղծիքներ հիմնականում անարդյունավետ դուրս եկան: Ժողովրդի մի մասն արտաքուստ գործարքի գնաց, սակայն իրականության մեջ «խաբեց» իշխանությանը և քվեախցում միայնակ մնալով՝ արտահայտեց իր իրական կամքը: Հենց այս հանգամանքի պատճառով է, որ իշխանությունը ստիպված եղավ ընտրակեղծիքներն իրականացնել երկու փուլով:
Բուն քվեարկության ընթացքում «խաբվելով» քաղաքացիների կողմից՝ իշխանությունը ստիպված եղավ կոպտագույն ընտրակեղծիքներ կիրառել քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում՝ «այո»-ի հաղթանակը պաշտոնապես ամրագրելու համար:
Վերոհիշյալ գործոնների հանրագումարը հանրության մոտ գրեթե ամբողջական մերժողական վերաբերմունք է ձևավորել սահմանադրական փոփոխությունների նկատմամբ: Հանրային տրամադրություններին իշխանությունները քաջածանոթ են եղել, հավանաբար՝ նաև ներքին սոցհարցումների շնորհիվ: Ստեղծված իրավիճակում ոչինչ չէր մնում, քան «վա-բանկ» գնալ: Հետևապես «այո»-ի հաղթանակի համար կիրառվեց ընտրակեղծիքների ողջ գործիքակազմը:
Հեռանկարներ
1995-ին Սահմանադրության ընդունման և 2005-ի սահմանադրական փոփոխությունների փորձը ցույց է տալիս, որ անկախ սահմանադրական հանրաքվեի լեգիտիմության աստիճանից՝ հանրաքվեից հետո երկրում հաստատվում են խաղի նոր կանոններ: Կամա թե ակամա հասարակությունը, քաղաքական ու քաղաքացիական ինստիտուտներն այլևս ստիպված են լինում գործել սահմանադրական նոր կարգի պայմաններում:
Հանրային կոնսոլիդացիայի աստիճանից դատելով՝ կարելի է ասել, որ փողոցի, այն է՝ հրապարակային պայքարի միջոցով շատ քիչ հավանական է իրավիճակի կտրուկ փոփոխությունը: Ուստի փողոցային պայքարն այս փուլում չի կարող տալ ընդդիմության ցանկալի արդյունքը և հետ պտտեցնել Սահմանադրության փոփոխման գործընթացը կամ հանգեցնել Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուն:
Նոր իրողություն է ընտրակեղծիքների մեքենա – ընտրող դաշինքի խզումը:
Պետք է արձանագրել, որ քաղաքացիական գիտակցության աճով պայմանավորված՝ էականորեն փոխվել է քաղաքացիների վարքագիծն ընտրական գործընթացների ժամանակ: Այս հանգամանքը ստիպելու է թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը այլ տեսանկյունից նայել իրավիճակին՝ հատկապես հերթական ընտրություններին նախապատրաստվելիս:
Նոր սահմանադրական կարգի որակի հիմնական չափորոշիչներից մեկը դառնալու է ընտրական նոր օրենսգրքի ընդունումը: Այդ օրենսգրքի մշակումն ու ընդունումը կլինի քաղաքական օրակարգի գլխավոր թեման: Նոր ընտրական օրենսգիրքն է որոշելու, թե ինչ որակ կունենա հայկական պառլամենտարիզմը:
Լուծումներ
Թեև ընդդիմության հրապարակային պայքարն ընդդեմ իշխանությունների կարևոր է, սակայն առանց հանրության լայն զանգվածների աջակցության այն շարունակելը հղի է անցանկալի հետևանքներով: Մի կողմից, հանրության մոտ արմատավորվում է անվստահությունը փողոցի միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորության նկատմամբ; մյուս կողմից, իշխանությունը կարող է շահարկել ընթացող հրապարակային պայքարի սակավամարդությունը՝ շեշտադրելով, թե հասարակության մեծամասնությունը հակաիշխանական տրամադրություններ չունի, և դեկտեմբերի 6-ի հանրաքվեն լեգիտիմ է: Ընդդիմությունը պետք է զգույշ լինի չարժեզրկելու փողոցի նշանակությունը և այս փուլում կենտրոնանա հանրաքվեի ընթացքում գրանցված ու փաստագրված ընտրակեղծիքների բացահայտման վրա:
Քաղաքական ուժերը պարտավոր են նոր պայքար սկսել նոր ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման հարցում: Թեև իշխանությունը լեգիտիմության լրջագույն պակասորդ ունի, փաստացի հաստատված խաղի կանոնների մերժումն ընդդիմությանը կարող է թողնել քաղաքական լուսանցքում: Ընդդիմադիր ուժերը քաղաքականապես չպետք է իներտ լինեն:
Ընդդիմությունը և հասարակությունը հնարավոր բոլոր միջոցներով պետք է փորձեն չեղարկել համատարած ընտրակեղծիքներով անցկացված հանրաքվեի արդյունքները: Միաժամանակ, պետք է օգտվեն այն իրողությունից, որ հասարակությունն այլևս չի ենթարկվում իշխանությունների մանիպուլյացիաներին, և համապետական հաջորդ ընտրություններում հասնեն այն բանին, որ իշխանության ծրագիրն աշխատի իշխանության դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում 2012-ին: