Եթե սկզբնական շրջանում, հատկապես մինչև 2009-ի ապրիլ 24-ի նախօրեն, Անկարան հայ-թուրքական երկխոսությունը շահարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը խոշոր երկրներում չեզոքացնելու նպատակով, ապա այսօր, ինչպես մեկ անգամ ևս ցույց տվեցին օրերս ԵԽԽՎ-ում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, թուրքական իշխանությունները փորձում են միջազգայնորեն ստեղծել տպավորություն, որ արձանագրությունների վավերացմանը խոչընդոտող միակ խնդիրը Ղարաբաղն է և զիջումներ չանելու հայերի համառությունը:
Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում պաշտոնական Երևանը ակնարկում էր, իսկ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի ստորագրությամբ, ըստ էության, վավերացրեց Հայաստան-Թուրքիա այսօրվա սահմանի և Կարսի 1921թ. պայմանագրի օրինականությունը, ինչպես նաև՝ համաձայնվեց պատմաբանների հանձնաժողով ձևավորելուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի և ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից ջնջվեց Արարատ սարը և այն փոխարինվեց գնդակով: Գյուլի Երևան այցի նախօրեին Հ1-ը ցուցադրեց ծաղկած խնձորենի՝ այն համարելով Գյուլի այցի ավետիս:
Չնայած հայկական կողմի նման քայլերին, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո թուրքերը արդեն բացահայտորեն էին ասում, որ չեն բացի սահմանը: Սակայն նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Բուրսա, թեև նախապես խոստացել էր, որ պատասխան ֆուտբոլային հանդիպմանը ներկա կլինի, եթե «սահմանը բաց լինի կամ լինենք դրա նախաշեմին»:
Սահմանը չբացվեց, օր-օրի այդ «նախաշեմը» սկսեց ավելի հեռանալ, սակայն հայկական կողմը ոչ միայն հետ չէր կանչում երկու արձանագրությունները, այլ ի հաճս արևմտյան հանրության, որը ծափահարում էր հայ-թուրքական գործընթացը, հավաստիացնում, որ դրանք անմիջապես կվավերացվեն Ազգային ժողովում, եթե առաջինը Թուրքիայի խորհրդարանը դրանք վավերացնի:
Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ողջ ընթացքում պաշտոնական Անկարան բոլոր հնարավոր միջոցներով հասկացնում էր, որ վերջ չի տալու Հայաստանի շրջափակմանը և Երևանի հետ չի հաստատելու դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ հայերը ադրբեջանցիներին հող չեն զիջել, գոնե «Ֆիզուլին և Աղդամը», ինչպես վերջերս ասել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն:
«Ֆուտբոլային դիվանագիտության» քննադատները կանխատեսում էին, որ ոչ միայն Թուրքիան վերջ չի տալու շրջափակմանը, այլ հայ-թուրքական իրականում գոյություն չունեցող հարաբերությունները ավելի են լարվելու: Այսօր, փաստորեն, կողմերի հայտարարությունները ավելի կոշտ են ու ոչ դիվանագիտական, քան էին մինչև 2008-ի ամռանը: Սակայն եթե Թուրքիայի համար ստատուս քվոյի այս վիճակը, երբ Հայաստանը չի հրաժարվում արձանագրություններից, նպատաստավոր է, ապա Երևանը դրա դիմաց ոչինչ չի ստանում: Ավելին, քանի դեռ Հայաստանը մի կողմից շարունակում է հայտարարել, որ պատրաստ է անմիջապես վավերացնել արձանագրությունները, եթե առաջինը նույնն անի Թուրքիայի խորհրդարանը, մյուս կողմից՝ սառեցված է պահում այդ արձանագրությունները, դժվար թե որևէ պետություն կամ կազմակերպություն սահմանը ապաշրջափակելու հարցում ճնշումներ բանեցնի Թուրքիայի վրա կամ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Անշուշտ, եթե արձանագրություններից Հայաստանը հրաժարվի, ապա հնարավոր է, որ խոշոր երկրները ոչ ճնշումներ բանեցնեն Անկարայի վրա, ոչ էլ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Բայց տարբերությունն այն է, որ արձանագրությունների սառեցված ժամանակահատվածում բոլորը իրենց դիրքորոշումն արդարացնելու են հենց հայ-թուրքական գործընթացը իբր չփչացնելու կեղծ մտահոգությամբ:
Հետևաբար, որքան էլ հայկական կողմը կոշտ արտահայտվի Թուրքիայի հասցեին կամ պատասխան տա թուրքական կողմից հնչող սպառնալիքներին, դրանք ընկալվելու են որպես լոկ քարոզչական քայլեր՝ ուղղված այն լսարանին, որը հետևողականորեն քննադատել է Հայաստանի գործող իշխանությունների թուրքական քաղաքականությունը, ինչպես նաև՝ սփյուռքին, որը, բացառությունները մի կողմ, քննադատում ու դատապարտում էր նախագահ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը»:
Այսօր՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին, ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեն առնվազն երկու նախապայման պարունակող հայ-թուրքական երկու արձանագրություններից և ի լուր հայ-թուրքական գործընթացը պաշտպանող միջազգային հանրության հայտարարեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը պատրաստ են սկսել նոր, սպիտակ էջից, առանց նախապայմանների: Անշուշտ, չկա երաշխիք, որ Հայաստանի գործող կամ հաջորդ իշխանությունները հայ-թուրքական որևէ նոր արձանագրություն ավելի լավ կբանակցեն, բայց այդ անորոշ հեռանկարը արդարացում չէ այսօրվա հայ-թուրքական փաստաթղթային ստատուս քվոն անվերջ հանդուրժելու համար: