Տխուր է նկատել, որ Թուրքիան վերջերս ձեռք է բերել դիվանագիտական ամենավատ սովորություններից մեկը՝ երբեք առիթը բաց չթողնել առիթը բաց թողնելու համար: Բայց կամքի ու հեռատեսության նման բացակայությունը միայն մեծացնում է տարածաշրջանային անկայունությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցելությանը նախորդող երկու շաբաթվա ընթացքում գրեթե բոլորը լավատեսորեն ակնկալում էին, որ Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ: Բայց Օբաման եկավ ու գնաց, իսկ սահմանը մնաց փակ:
Հայ-թուրքական հարաբերությունները մնում են ժեստերի մակարդակի վրա ու չեն անցնում բուն նյութին: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունները վկայում են, որ Թուրքիան կարող է հետ քաշվել նորմալ երկկողմանի հարաբերություններ հաստատելու իր ծրագրերից:
Հարաբերությունները լարված են եղել 1993 թվականից, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ իր սահմանը ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության Լեռնային Ղարաբաղի՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ: Երբ Էրդողանն ու Գյուլը իշխանության եկան 2003-ին, ոչինչ չփոխվեց: Սահմանը մնաց փակ:
Գյուլի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ 2003-ին, երբ նա դեռ Թուրքիայի արտգործնախարարն էր, նա ընդունեց, որ Թուրքիան չի շահել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հետ կապելու քաղաքականությունից: Նա ասում էր, որ Թուրքիան ուզում է նորմալ հարաբերություններ հաստատել իր բոլոր հարևանների հետ: Ականջիս դա երաժշտության նման էր հնչում, ու նրան այդպես էլ ասացի:
Բայց Ադրբեջանի ճնշումն ավելի ուժեղ գտնվեց, և Թուրքիայի քաղաքականությունը չփոխվեց: Իհարկե այն ժամանակ Թուրքիայի շահերն այն չէին, ինչ այսօր են: Եվրոպական Միությանն անդամակցելու բանակցությունները դեռ չէին սկսվել, Թուրքիան ձգտում էր, որ ադրբեջանական նավն անցներ իր տարածքով, հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձևերը դեռևս թափ չէին հավաքել աշխարհով մեկ, Թուրքիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ չէր, և Ռուսաստան-Վրաստան լարվածությունը գնալով չէր վատթարանում:
Այսօր աշխարհն այնքան է փոխվել, որ անգամ Ռուսաստանն ու Ամերիկան են համաձայնում հայ-թուրքական սահմանի բացման մասին: Փաստորեն Ռուսաստան-Վրաստան լարվածության լույսի ներքո Թուրքիան կարող է շահել Կովկասում իր նոր դերից: Նրա առաջարկած «Կովկասի համագործակցության և անվտանգության պլատֆորմը» առաջին քայլն է: Եվ այսօր Թուրքիայում հասարակական կարծիքն առավել, քան երբևէ պատրաստ է Հայաստանի հետ մերձեցմանը:
Նման քայլը նաև Եվրոպայի սրտով կլիներ: Չնայած Էրդողանը սիրում է Թուրքիան բնական կամուրջ կոչել արևելքի և արևմուտքի միջև, Եվրոպան սպասում է, որ Թուրքիան ի վերջո կստանձնի աշխարհագրությամբ նրան տրված այդ դերը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այսօր, երբ արդեն գործում է Բաքվից թուրքական Ջեյհան նավահանգիստը տանող նավթատարը, Ադրբեջանը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան Ադրբեջանինը:
Այս ամիս Թուրքիան ժամկետ ունի: Օբաման իր նախագահական ընտրարշավի ժամանակ հանձնառություն է վերցրել Օսմանյան կայսրության մեջ հայերի նկատմամբ իրականացված բռնությունները կոչել իր անունով՝ ցեղասպանություն: Այդ դեպքերի տարելիցը ապրիլի 24-ին է:
Այս զարգացումները կարծես Թուրքիային մի լավ առիթ են ընձեռում գնալ սեփական շահին ընդառաջ և բացել Հայաստանի հետ սահմանը: Բայց Թուրքիան նման երկու առիթ արդեն բաց է թողել: Խորհրդային Միության փլուզումը ճիշտ ժամանակն էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Թուրքիան այդ չարեց՝ պարզապես ճանաչելով Հայաստանի անկախությունը: Իսկ դրանից ոչ մի գործուն հարաբերություն չէր կարող ծագել:
Մյուս առիթը 2004-ին էր: Երբ սկսվեցին Եվրոպական Միությանն անդամակցելու բանակցությունները, Թուրքիան կարող էր Ադրբեջանին բացատրել, թե ինչու են անխուսափելի բարելավված հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքիան դա էլ չարեց, թույլ տալով, որ առիթը ձեռքից գնա:
Պատմությունն այսօր Թուրքիային երրորդ առիթն է ընձեռում տարածաշրջանում ավելի մեծ դերակատարում ունենալու համար: Սահմանը բացելով Թուրքիան համատեղ ապագայի դուռը կբացեր: Բայց Գյուլն ու Էրդողանն ազդանշաններ են տալիս, որ դա անել չեն կարող: Մինչև անգամ Օբաման Վաշինգտոն կհասներ, նրանք մի քանի անգամ ու հաստատակամորեն հայտարարեցին, հավանաբար Ադրբեջանին հանգստացնելու համար, որ նրանք սահմանը չեն բացի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ:
Բայց Թուրքիան և Ադրբեջանը սխալ են: Սահմանը փակ պահելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը չի լուծի: Հակառակ՝ բաց սահմանը կհեշտացներ հակամարտությանը լուծում գտնելը, ոչ որպես առևտրի առարկա, այլ որովհետև բաց սահմանը կցուցադրեր հավասար վերաբերմունք բոլոր հարևանների նկատմամբ:
Հայաստանի և Թուրքիայի միջև բաց սահմանը կնշանակեր, որ Ադրբեջանը չկարողացավ խույս տալ բանակցություններից: Մեծ մայրս, որ Մարաշից էր, կասեր, որ այսօր Ադրբեջանը կարծում է, թե Թուրքիայի շնորհիվ “խնամի ունի դատարանում” ուրեմն կարող է շարունակել իր համառությունն ու անզիջողականությունը:
Փոխհամաձայնության միջավայրը պահանջում է սպառնալիքներից ու շանտաժից զերծ տարածաշրջանային միջավայր: Եթե Թուրքիան չշարժի կշեռքի նժարը հօգուտ հակամարտության կողմերից մեկի, երկու կողմերն էլ կսկսեն ավելի հարմարվող դառնալ, մանավանդ անվտանգության հարցերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջին հերթին անվտանգության խնդիր է: Լինելով երկու անբարյացկամ պետությունների միջև, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ զիջումների գնալ անվտանգության հարցերում: Սահմանը փակելը թշնամական քայլ է: Սահմանը բացելը կնշանակեր նորմալ տարածաշրջանային միջավայր ստեղծել:
Պատմությունն առիթ է ընձեռում Թուրքիային նոր մակարդակի բարձրացնելու տարածաշրջանային հարաբերությունները: Խորհրդանիշներն ու ժեստերը բավարար չեն: Եվ սպասել ղարաբաղյան լուծմանը բոլորովին լուծում չէ: Այն պարզապես մեկ այլ կորցրած հնարավորություն է: