hawk_air_17

Հայաստանի կառավարությունը Կենտրոնական բանկի սահմանած սղաճի ընդունելի չափի և իր իսկ ներկայացրած բյուջեի ձեռքը կրակն է ընկել: Իրենց գործողություններով կառավարությունը և Կենտրոնական բանկը, օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին հարկաբյուջետային և դրամավարկային միջոցները, փորձում են կատարել բյուջեն և զսպել սղաճը` ճանապարհին կաթվածահար անելով Հայաստանի տնտեսությունը:

Բյուջեի կատարման համար առավել բեռը ընկնում է տնտեսության ողնաշարը հանդիսացող փոքր և միջին բիզնեսի վրա՝ խաթարելով դրա հետագա զարգացումը: Սղաճի զսպումն իրականացվում է դրամի արժեքը արհեստականորեն բարձր պահելով, բարձրացնելով վարկային տոկոսադրույքները և կիրառելով զսպողական դրամավարկային քաղաքականություն: Հակառակ այս բոլոր միջոցառումներին և ի հաշիվ Հայաստանի տնտեսության հնարավոր աճի, կառավարությանը չի հաջողվում ոչ բյուջեն կատարել ամբողջությամբ, ոչ էլ՝ զսպել սղաճը:

Հայաստանի կառավարության հիմնական նպատակը պետք է առաջին հերթին լինի տնտեսական բարձր աճի ապահովումը: Առանց լուրջ տնտեսական աճի հնարավոր չէ լուծել մեր առջև ծառացած մյուս խնդիրները: Ես կոչ չեմ անում արհամարել բյուջեն, սղաճը կամ առկա մյուս խնդիրները, այդուհանդերձ, տնտեսական աճի ապահովումը պետք է լինի կառավարության առաջնային մտահոգությունը: Մեր տնտեսության աճի ներկայիս տեմպերը ահավոր ցածր են. նույնիսկ չորս տոկոս աճը` հաշվի առնելով 2009թ. 15 տոկոս անկումը, չափազանց ցածր ցուցանիշ է: Ի դեպ, Հայաստանի տնտեսության վերաբերյալ Ֆորբսի գնահատականը կառուցված էր հենց այս մեկ փաստի հիմքով, ինչի կապակցությամբ մեր կառավարությունը, չգիտես ինչու, նման բողոքով արձագանքեց:

Փաստ է, որ այսօր մեր կառավարությունում գերիշխում է Կենտրոնական բանկի տրամաբանությունը: Հասկանալի է, թե ինչու: Կենտրոնական բանկից կառավարություն տեղափոխվածները պետք կարողանան նաև մտովի տեղափոխվել: Թեկուզև ուշացումով, բայց պետք է փոխել այդ մտածողությունը, տնտեսական փիլիսոփայությունը ու նաև՝ աշխատաոճը: Թիրախը պետք է լինի տնտեսական աճը և ամեն ինչ պետք է ուղղել դրա իրականացմանը: Այլ կերպ ասած, պետք է անել այսօր ճիշտ հակառակը այն բոլորի, ինչ անում է կառավարությունը:

Առաջին, պետք է բյուջեն կատարել ի հաշիվ ստվերային տնտեսության, այլ ոչ թե՝ ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի: Ստվերը բերելով օրինական հարկային դաշտ, հնարավոր կլինի նույնիսկ թեթևացնել փոքր և միջին հարկատուների բեռը:

Այսօր Հայաստանում առկա է ստվերային տնտեսության երեք տեսակ. ստվեր, որի մասին տեղյակ չէ նույնիսկ կառավարությունը: Երկրորդ, ստվեր, որի մասին տեղյակ է կառավարությունը, սակայն հարկային գերատեսչության ցուցակներում դրանք գոյություն չունեն, և երրորդ, պաշտոնապես գործող, հարկային ցուցակներում առկա այն բիզնեսները, Հայաստանի խոշորագույն բիզնեսները ներառյալ, որոնք իրենց շահույթի մի մասը թողնում են ստվերում:

Հայաստանում հարկային հավաքագրումը ՀՆԱ-ի համեմատությամբ, ամենացածրերից է աշխարհում: Մեր նման երկրների համար նախատեսված է, որ հարկային մուտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը լինի առնվազն 25 տոկոս: Հայաստանում այդ  թիվը, լավագույն դեպքում, կազմում է 17 տոկոս: Ուստի, եթե կառավարությունը ջանքեր գործադրի և կարողանա ստվերի առնվազն կեսը տեղափոխել օրինական հարկային դաշտ, ապա մենք ոչ միայն կկարողանանք հասնել 25 տոկոս հարաբերակցությանը, այլև կկարողանաք առավել նպաստավոր հարկային պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար:

Երկրորդ, ճգնաժամային պայմաններում պետք է իրականացնել առավել ընդլայնված դրամավարկային քաղաքականություն, հնարավորինս իջեցնել պետության կողմից նախանշվող վարկային տոկոսադրույքները:

Երրորդ, պետք է թույլ տալ, որ դրամը գտնի իր բնական փոխարժեքը, ինչը նշանակում է, որ, ինչպես պնդում է Արժույթի միջազգային հիմնադրամը, դրամը արժեզրկվի առնվազն 15-20 տոկոսով: Նման արժեզրկումը կարող է բազմակի դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա:

Նախ, դրսից եկող դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, կունենան դրամային առավել մեծ արժեք, ինչը կբարձրացնի երկրի բնակչության գնողունակությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի պահանջարկի բարձրացմանը՝ խթանելով տնտեսական աճը: Բացի այդ, դրամի արժեզրումը կնպաստի ազգային արտադրանքի մրցունակությանը միջազգային շուկայում: Եվ վերջապես, դրսի ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ կառաջանան աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական զարգացմանը նպաստելու առումով:

Իրավամբ, Հայաստանի առաջ այսօր ծառացած խնդիրը տնտեսության անկումն է, աղքատության մեծացումը, որի հետևանքով նաև՝ արտագաղթի տեմպերի աճը: 2008 թ. Հայաստանի բյուջեն երեք միլարդ դոլարից ավելի էր, իսկ տարեկան ՀՆԱ-ն մոտենում էր 10 միլիարդի: Չորս տարի անց Հայաստանի բյուջեն գրեթե նույնն է, իսկ ՀՆԱ-ն՝ ավելի նվազ, քան երեք տարի առաջ: Այս նույն ժամանակահատվծում մեր հարևանները, անցնելով միջազգային նույն ճգնաժամի միջով, շարունակել են տնտեսական աճ ապահովել: Այսօր մենք ոչ միայն հետ ենք մնում մեր հարևաններից, այլ մենք՝ մեզանից:

Հոդվածը տպագրվել է Առավոտ օրաթերթում, 30 հունիս


Թիրախը պետք է լինի տնտեսական աճը, այլ ոչ թե սղաճի զսպումն ու բյուջեի կատարումը