Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության թվերը մարտ ամսի տնտեսական ակտիվության վերաբերյալ հստակ վկայությունն են այն փաստի, որ Հայաստանը դեռ դուրս չի եկել տնտեսական ճգնաժամից: 2009-ին գրանցված 14,3 տոկոս անկումից հետո, որն աշխարհում երկրորդ ամենամեծ անկումն էր, կարելի էր ակնկալել, որ երկու տարի անց, երբ համաշխարհային տնտեսությունն արդեն դուրս է եկել ճգնաժամից, մեր տնտեսությունը կաճեր առնվազն 5-6 տոկոսով: Մինչդեռ պարզվում է, որ Հայաստանի տնտեսական աճը 2011-ի մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եղել է զրո:
Այս իրավիճակում հայտնվելու պատճառները բազմաթիվ են, և այդ մասին բազմիցս խոսել ենք։ Առաջինը, 2008-09 թթ. կառավարությունը չկարողացավ գնահատել միջազգային տնտեսական ճգնաժամի լրջությունը Հայաստանի համար: Երկրորդ, հասկանալուց հետո, որ ճգնաժամի հետևանքները Հայաստանում անխուսափելի են, չկարողացավ պատշաճ քաղաքականություն մշակել և իրականացնել: Երրորդ, ցայտնոտային վիճակում, հապճեպ ներգրավված հսկայական ֆինանսական միջոցները սխալ ուղղությամբ գործածվեցին: Չորրորդ, կառավարությունը համարձակություն չունեցավ կառուցվացքային փոփոխություններ իրականացնել, որոնք խիստ անհրաժեշտ էին։
Արդյունքում, այսօր մենք հայտնվել ենք ծանր տնտեսական իրավիճակում: Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրների ցանկը շատ երկար է: Սակայն այս պահին, մակրոտնտեսական տեսանկյունից առավել հրատապ է դրանցից երկուսի կարգավորումը: Առաջին խնդիրը խիստ ցածր տնտեսական աճն է բարձր գնաճի պայմաններում (համաձայն վերջին տվյալների` 11,3 տոկոս), որի արդյունքում աղքատությունն ավելի է խորացել: Երկրորդ խնդիրը մեր տնտեսության քառաճյուղ դեֆիցիտն է: Այսինքն՝ բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով, ազգային պարտք ՀՆԱ-ի 43 տոկոսի չափով, առևտրային բացասական հաշվեկշիռ ՀՆԱ-ի 23 տոկոսի չափով, և օրեցօր նվազող ազգային պահուստներ՝ դրամի փոխարժեքը կայուն պահելու նպատակով առավել մեծ միջամտության արդյունքում:
Նշված երկու խնդիրները սերտորեն շաղկապված են. մեկը մյուսի պատճառն է և հետևանքը։ Ուստի մեկի լուծմանն ուղղված քայլերը կնպաստեն նաև մյուսի լուծմանը։
Առաջին հերթին պետք է հրաժարվել դրամի փոխարժեքի ուղղությամբ արվող միջամտությունից, խնայելով պետական պահուստային միջոցները: Արդյունքում կառավարությունը ստիպված չի լինի մոտ ապագայում լրացուցիչ պարտք վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից` պահուստային միջոցների պահանջվող նվազագույն շեմը պահպանելու համար: Դրամի այսօրվա շուկայական արժեքը, ըստ միջազգային դիտորդների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ և այլ), 425-430 դրամ է 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Նման փոխարժեքը բնականաբար առավել մրցունակ կդարձնի Հայաստանից արտահանվող ապրանքները, նվազեցնելով երկրի առևտրային դեֆիցիտը: Իսկ դրա արդյունքում հավանական գնաճի մտահոգությունը կարելի է փարատել ներկրվող առաջին անհրաժեշտության ապրանքների մենաշնորհները վերացնելով:
Ապահովելով տնտեսական աճ՝ միջնաժամկետ առումով կմեղմացվի նաև բյուջեի դեֆիցիտի հարցը, որն այսօր բավական բարձր է՝ մոտ 9 տոկոս։ Այդ մակարդակը այսօրվա դրությամբ կարելի է պահել, նույնիսկ ավելացնել 2 տոկոսով, մի պայմանով, որ ի լրումն այդ դեֆիցիտի ներքին ու արտաքին ֆինանսավորման, բյուջեի եկամուտները ավելացվեն առնվազն 5 տոկոսով, բոլոր խոշոր տնտեսվարող սուբյեկտներին ամբողջությամբ հարկային դաշտ բերելու հաշվին։ Արդյունքում կունենանք բյուջեի եկամուտ-ՀՆԱ այնպիսի հարաբերություն (22-23 տոկոս), որը բնական է մեզ նման երկրների համար և արդեն առկա է մեր հարևան երկրներում: Այս թիվը Հայաստանում այսօր 17 տոկոս է։
Նույն տրամաբանությամբ կարելի է վերաբերվել ազգային պարտքին: Հայտնի է, որ ազգային պարտք-ՀՆԱ հարաբերությունը պետք է չանցնի 50 տոկոսից։ Հայաստանում այդ հարաբերությունը 43 տոկոս է, բայց կառավարությունն արդեն միջոցներ է ձեռնարկում լրացուցիչ 7 տոկոսի ուղղությամբ։ Անհրաժեշտ է չկրկնել նախորդ սխալները և այդ 7 տոկոսը նպատակային ձևով ուղղել տնտեսության պահանջարկային մասը խթանելուն, հատկապես այն ոլորտներում, որոնք առավելագույն բազմապատկիչ արդյունք կարող են ունենալ տնտեսության զարգացման համար։
Այսօր Հայաստանում տնտեսական աճը խոչընդոտող նաև երկու ֆինանսական հանգամանք կա։ Մեկը բանկերի կողմից տրամադրվող վարկերի չափազանց բարձր տոկոսադրույքներն են, որոնք հրապուրիչ չեն ներդրումների համար։ Մյուսը ֆինանսական միջնորդության խիստ մակերեսային լինելն է, որը սահմանափակում է այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների հնարավորությունը։
Վերջին տարիներին, չնայած կառավարության ջանքերին, չի հաջողվել այս երկու հարցերում առաջընթաց արձանագրել։ Հիմնական պատճառն այն է, որ կառավարությունը չի կարողացել պատշաճ մեխանիզմ ձևավորել, որի միջոցով կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը ժամանակին և արդյունավետ ձևով կարտացոլվեր մասնավոր ոլորտում։ Պարզ ասած՝ կենտրոնական բանկի տոկոսադրույքների ճշգրտումները համապատասխան հետևանք չեն ունենում առևտրային բանկերի տոկոսադրույքների վրա։ Բացի այդ, կառավարությունը չի կարողացել ստեղծել դրամային այնպիսի նոր գործիքներ, որոնք առավել լայն ֆինանսավորման աղբյուրներ կստեղծեին ներդրողների համար։
Արդյունքում, կարելի է ասել, որ Հայաստանի բանկային համակարգում այսօր երկու խիստ բացասական միտում կա։ Առաջին՝ վարկավորման տոկոսադրույքները, նվազելու փոխարեն, գնալով աճում են։ Երկրորդ՝ հիպոթեկային և սպառողական վարկերը էապես նվազել են, որոնց փոխարեն աճել են լոմբարդային վարկերը։ Մարդիկ գրավ են դնում վերջին ունեցվածքը իրենց գոյությունը պահպանելու համար։
Հոդվածը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում ս.թ. մայիսի 3-ին: