Ընթացիկ տարվա երկրորդ կեսին աշխարհի ինքնավստահությունը սասանեցին հետևանքային հսկայական անդրադարձներով հղի երկու իրադարձություններ, որոնցից մեկն ուներ համաշխարհային, իսկ մյուսը` տարածաշրջանային ազդեցություն:

Առաջինը ֆինանսական գլոբալ վայրիվերումներն էին, որ այնքան ընդգրկուն էին ու խորընթաց, որ ստիպեցին աշխարհի տնտեսապես առաջատար 20 երկրների ղեկավարներին հավաքվել Վաշինգտոնում` քննարկելու հնարավոր լուծումները: Եվ նույնիսկ Ջորջ Բուշի վարչակազմի մարող ազդեցությունը խոչընդոտ չհանդիսացավ այս քննարկման համար:

Այսօր այն, ինչ սկիզբ էր առել որպես վարկային ճգնաժամ, արդեն իսկ արգելակում է համաշխարհային զարգացումը և սպառնում է վերածվել գլոբալ տնտեսական անկման:

Եվ հիմա ամեն ոք տարակուսում է, թե արդյոք 1940-ականներին ստեղծված` միջազգային հաստատությունների բրեթընվուդզյան համակարգը, անկարող է, ինչպես նկատել է Գորդոն Բրաունը, դիմակայելու 21-րդ դարի ֆինանսական մարտահրավերներին:

Ոչ ոք չկարողացավ կանխատեսել ներունակ վտանգը, երբ մերձավորարևելյան նավթադոլարների ավելցուկը ներհոսեց ԱՄՆ, թեև 1980-ականներին և 1990-ականների կեսերին կանխիկի այդպիսի հոսքը ողողել էր Հարավային Ամերիկան և Ասիան, ինչը նախ հանգեցրել էր ֆինանսական փուչիկների ի հայտ գալուն, ապա և` դրանց պայթյունին: Երբ արդեն այս անգամ ԱՄՆ-ում առաջացած փուչիկները պայթեցին` ցնցելով Միացյալ Նահանգները, շատերն ի պատասխան միայն այս ու այն կողմ էին մատնացույց անում, անգամ նրանք, ովքեր լավագույնս պետք է իմանային և կանխատեսեյին վտանգը::

Նույնպիսի անդրադարձ եղավ, երբ օգոստոսին բռնկվեց նշանակալի մյուս իրադարձությունը` ռուս-վրացական հակամարտությունը: Թեև ուղղակի և անմիջական տուժողներն առաջին հերթին վրացիներն էին ու հարավային օսերը, սակայն հակամարտության հետևանքները տարածվեցին մեր տարածաշրջանի սահմաններից շատ ու շատ այն կողմ: Այսօրինակ բախման, պետությունների միջև նման մակարդակով ուժի կիրառման հեռահար ազդեցությունները դեռևս շարունակելու են անդրադարձներ ունենալ: Թեև պայթյունը Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկար կուտակված լարվածության հետևանք էր, սակայն առճակատման ներթաքույց խթանիչը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր: ՆԱՏՕ-ի սահմանները ռուսական սահմանագծերին մոտեցնելու շուրջ խոսակցություններն իսկ, այն էլ այնպիսի տարածաշրջանում, որը ռազմավարական, պատմական և տնտեսական հսկայական նշանակություն ունի Ռուսաստանի համար, արդեն տագնապի ազդանշաններ էին հնչեցրել:

Սակայն ճիշտ այնպես, ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը գործնական հնարավորություն չունեն վերահսկելու, կասեցնելու, մեղմացնելու եկամուտների և դրամական կանխիկ հոսքերի կուտակումների անհամամասնությունը, այդպես էլ, թվում է, հետսառըպատերազմյան անվտանգության կառույցներն են անընդունակ վերանայելու անվտանգության հին սահմանագծերը, կամ կանխելու բախումները, որոնք գերտերությունների առաջնայնության հավակնությունների արդյունք էին :

Վերջին 400 տարիների ընթացքում, սկսած Վեսթֆալյան հաշտությունից մինչև Եվրոպական դաշինքը, առաջին և երկրորդ աշխարհամարտերը, աշխարհն անցել է առնվազն չորս, գուցեև` հինգ, նշանակալի փոխակերպություններ: Յուրաքանչյուր մեծ պատերազմից կամ հակամարտությունից հետո ի հայտ է եկել նոր համակարգ, ստեղծվել են նոր մեխանիզմներ և նոր կառույցներ` կառավարելու համար միջպետական հարաբերությունները:

Սակայն սառը պատերազմի ավարտից հետո, նույն այն հաստատությունները, որոնք նպաստեցին ԽՍՀՄ-ի փլուզմանը, շարունակեցին մնալ այսպես կոչված նոր աշխարհակարգի հիմնասյուները: Դա հանդուրժվեց փլուզման բուն ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը դեռևս թույլ էր, ցնցումից չուշաբերված և ընդարմացած: Ուստի պնդումը, թե նույն կառույցները, մասնավորաբար նրանք, որոնք կոչված էին ապահովելու միջազգային անվտանգությունը, պետք է շարունակեն գործել այնպես, ինչպես նախկինում, ոչ իրատեսական է, և ոչ էլ` հիմնավորված:

Քանի որ երկարընթաց, նյութական մեծ ծախսեր խլած և մարդկային կորուստներ պատճառած սառը պատերազմն ավարտվեց առանց կրակոցների, յուրաքանչյուրս ավելի ինքնավստահ և պակաս զգուշամիտ ու հեռատես եղանք հետսառըպատերազմյան կրիտիկական զարգացումների նկատմամբ: Ինչն էլ հանգեցրեց անվտանգության մի դաշինքի գրեթե աներևույթ ընդլայնման` ընդդեմ համառ, նվաճողամետ ու ագրեսիվ մի կայսրության, որը, սակայն, այլևս գոյություն չուներ: Սա էլ իր հերթին հանգեցրեց Կալինինգրադում հրթիռներ տեղակայելու ռուսական մտադրությանը` ընդդեմ Եվրոպայի կենտրոնում հակահրթիռային վահան կառուցելու ամերիկյան նախաձեռնության: Սա էլ իր հերթին նշանակում է Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրին ռուսական կողմի մասնակցության կախակայում, այսպիսով առկախելով հավասարակշռության պահպանումը: Սա ապագայի անհաշվենկատ բանաձև է, որ պարզապես արտացոլում է տարանջատված անցյալի վրա հիմնված պատկերացումները:

Գրեթե մի ամբողջ հարյուրամյակ առաջ, եվրոպական աշխարհամասում 20-րդ դարում տեղի ունեցած առաջին բռնկումներից հետո, եվրոպացիները ցանկանում էին շարունակել աշխարհին ձև ու կերպ տալ հին պատկերի շրջանակներում, և ամերիկացիներն էին, որ խիզախեցին հրապարակ բերել աշխարհաքաղաքական ուժային հարաբերությունների կարգավորման սեփական, նոր տեսլականը: Արդյունքում ԱՄՆ-ի ուժն ու ազդեցությունը տարածվեց համարյա մի ողջ հարյուրամյակի վրա, որը կոչվեց Ամերիկյան դարաշրջան: Սկսած Ազգերի լիգայի կազմավորումից մինչև Հելսինկիի Եզրափակիչ ակտի կնքումը, ամերիկյան իդեալիզմը և ապագայի տեսլականը ձևավորեցին աշխարհը:

Այսօր Ամերիկան վերստին վերանորոգում է իրեն, և վերահաստատում ուժեղ և ազդեցիկ մնալու իր հանձնառությունը: Միաժամանակ նորընտիր նախագահ Օբաման, բարեբախտաբար, ազդարարում է Եվրոպայի ձայնին ավելի ուշադրությամբ ականջալուր լինելու և ամերիկա-եվրոպական գործընկերային հստակ հարաբերություններ հաստատելու իր մտադրությունը: Եվ մենք հույս ունենք, որ նա հետևողական կգտնվի հրթիռների վահանի տեղակայման խնդիրը վերանայելու, իրանական հիմնահարցում առավել բաց կեցվածք որդեգրելու, ԱՄՆ-ի իրաքյան ու աֆղանստանյան ներգրավվածությունը վերարժեքավորելու և մինչև իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնման խնդիրը նորովի դիտարկելու հարցերում:

Նախագահներ Սարկոզին ու Մեդվեդևն արդեն մինչև իսկ ուղենշել են ճանապարհը: Ճիշտ այնպես, ինչպես եվրոպացիները համոզեցին նախագահ Բուշին` հյուրընկալելու վերջին հավաքը, որ կարող է նախադեպ դառնալ, այժմ էլ Եվրոպան ու Ռուսաստանն են առաջարկում ԵԱՀԿ-ի անդամ պետությունների գագաթաժողով անցկացնել, այս անգամ գլոբալ նշանակության մյուս կարևոր խնդրի` անվտանգության հարցերի ու կառույցների շուրջ:

Հուսով եմ, որ դեկտեմբերի 4-ին Հելսինկիում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարների հանդիպումը այդ գործընթացի սկիզբը կդնի:

Այն փոփոխությունները, որ նախագահի թեկնածու Օբաման խոստացել է ամերիկացիներին, կարող է ընդգրկել փոխկապակցված աշխարհում հիրավի նոր կարգի հաստատման տեսլականը:

 

Եվրոպային անհրաժեշտ է նոր անվտանգության համակարգ