Իրադարձություն Թբիլիսիի և Երևանի միջև ամենօրյա չվերթներ կսկսվեն մարտի 16-ին: Այս ողջունելի լուրին հաջորդեց զարմանալիորեն հրապարակային բանավեճը երկու երկրների նախագահների գրասենյակների միջև: Այն խիստ հակադրության մեջ է այն ջերմ բանակցությունների հետ, որ տեղի ունեցան Վրաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի և խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի Երևան կատարած այցերի ընթացքում: Հանրության համար արված հայտարարությունների մեջ առաջ էին մղվում երկկողմ հարաբերություններում արձանագրված դրական միտումները, սակայն միևնույն ժամանակ երկուստեք ճանաչվեց, որ այդ հարաբերություններում չկան այնպիսի խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել «կառուցողական երկխոսության» միջոցով: Դրանով երկուստեք լռելյայն ճանաչվեց այն փաստը, որ այդ հարաբերություններում իսկապես խնդիրներ գոյություն ունեն, իսկ դրանք լուծելու մասին անցյալում տրված խոստումները երբեմն եղել են ոչ այնքան անկեղծ և հետևողականորեն կյանքի չեն կոչվել: Մինչ այդ

Երևանի և Թբիլիսիի միջև չվերթների բացակայությունը երկու երկրների միջև զարմանալիորեն սահմանափակ շփումների և փոխկապվածության խոսուն ապացույցն էր:

Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները մթագնվում են հակասական, երբեմն անգամ միմյանց հակառակ առաջնայնություններով և կարիքներով: Երկու երկրների անվտանգության և արտաքին  քաղաքականությունները չէին կարող իրարից էլ ավելի տարբերվել: Վրաստանն աշխուժորեն ձգտում է ՆԱՏՕ-ի անդամակցության, իսկ Հայաստանը, չնայած ՆԱՏՕ-ի հետ բազմաբնույթ և բարձր մակարդակի իր համագործակցությանը, նման խնդիր չի հետապնդում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Վրաստանը և Ռուսաստանն այսօր անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեն: Վրաստանն ունի երկու անջատողական տարածաշրջաններ, ուստի և ինքնորոշման սկզբունքի աջակից չէ: Հայաստանն անշուշտ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Վրաստանը նաև շուրջ 300 հազար հայազգի բնակչության օջախ է և նրանցից շատերը վրդովված են իրենց կարծիքով շարունակական խտրականության այն քաղաքականությամբ, որ Վրաստանի իշխանություններն իրականացնում են իրենց հանդեպ: Եկեղեցիները, հուշարձանները և վիրահայության հարուստ մշակութային ժառանգության այլ առարկաները նրանց կարծիքով չեն ստանում համապատասխան պաշտպանություն: Միևնույն ժամանակ, Հայաստանը մեծապես կախված է Վրաստանից արտաքին աշխարհի հետ իր ցամաքային ուղիների հարցում, իսկ Վրաստանն իր հերթին փորձում է շահույթ քաղել Կասպից ծովի հիդրոկարբոնային պաշարների արտահանման տարանցիկ ճանապարհ լինելու իր ներուժից: Այդ դերակատարումը մեծապես կախված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ այդ երկրի երկարաժամկետ համագործակցությունից: Հայաստանը խոցելի է Վրաստանի քաղաքական և տնտեսական միտումների տեսանկյունից: 2008թ. ամռան վերջին Հարավային Օսիայի շուրջ Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունից հետո Երևանը չճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան իբրև անկախ պետություններ, իսկ նախագահ Սարգսյանը 2008թ. սեպտեմբերի վերջերին այցելեց Թբիլիսի և վերահաստատեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ս. Սարգսյանի մեկօրյա այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները հիմնականում կենտրոնացան օգոստոսի պատերազմի հետևանքով ճանապարհային տրանսպորտի հարցում առաջացած ավերիչ խառնաշփոթի նման ցնցումներից երկու երկրների խոցելիությունը նվազեցնելու առաջարկի շուրջ: Ս. Սարգսյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնեցին հիմնադրել հայ-վրացական կոնսորցիում, որն արտաքին ներդրումներ կհայթայթի սևծովյան Բաթումի նավահանգիստը Հայաստանին կապող մայրուղի կառուցելու համար: Նման մայրուղին 30 տոկոսով կնվազեցնի Հայաստանից Սև ծովի վրացական ափ հասնելու համար անհրաժեշտ ժամանակը:

Զարգացման ասիական բանկն անմիջապես ազդարարեց իր հետաքրքրությունն առաջարկված Երևան-Բաթումի մայրուղու նախագծի շուրջ, սակայն վրացական ընդդիմության որոշ գործիչներ հարցադրումներ բարձրաձայնեցին դրա անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի սկբին վարչապետ Տ. Սարգսյանը ևս այցելեց Վրաստան, և կողմերը հաստատեցին հայ- վրացական սահմանի վրա հիմնական անցակետում երկրորդ կամուրջը կառուցելու մասին ծրագիրը և մաքսային ընթացակարգերն ու անձնագրային վերահսկողությունն արագացնելու համար անհրաժեշտ միջոցառումները:

Վարչապետի այցի վրա լուրջ ստվեր էին գցել Թբիլիսիի հայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու բողոքները 15- րդ դարի Սբ. Նորաշեն եկեղեցու շուրջ, որը հայկական վեց եկեղեցիներից մեկն է, որոնց վերահսկողությունը Վրաստանի եկեղեցին հրաժարվում է հանձնել Հայ առաքելական եկեղեցուն: Մի շարք այլ խնդիրներ ևս սև ամպերի նման կուտակվել են Սաակաշվիլիի առաջ քաշած «ժողովուրդների և մշակույթների միջև երկխոսության» գլխին: Դրանց շարքում ամենալուրջն է Ջավախքի հայ բնակչության դրությունը: Տարածաշրջանի տեղական հասարակական կազմակերպությունների միավորումը երկու դիմում հղեց Վրաստանի ղեկավարությանը, որոնցից վերջինը Հարավային Օսիայի պատերազմից անմիջապես հետո և Մոսկվայի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ ճանաչելուց փոքր ինչ առաջ: Այդ հասարակական կազմակերպությունները փաստում էին, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու միակ ձևը երկրի ֆեդերալիզացիայի՝ դաշնային կառուցվածքի անցնելու միջոցով է հնարավոր:

Անգամ մինչև այդ երկրորդ դիմումը ցարդ անհայտ պայմաններում Վրաստանի իշխանությունները ձերբակալեցին մի շարք տեղացի հայ ակտիվիստների, որոնցից երկուսն այժմ դատարանի առջև են կանգնել՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Նրանցից մեկը՝ Վահագն Չախալյանը, 2009թ. հունվարի վերջին՝ իր ձերբակալությունից վեց ամիս անց, հանդես եկավ այտարարությամբ, որով մեղադրեց Վրաստանի իշխանություններին Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների հանդեպ չհիմնավորված հետապնդումներ իրականացնելու մեջ: Նա պահանջեց վերջ տալ Ջավախքում վրացիների վերաբնակեցման միջոցով էթնիկական հավասարակշռությունը փոփոխելու փորձերին: Նա նաև խնդրեց միջոցներ ձեռնարկել հայերի սոցիալ-տնտեսական դժգոհություններին արձագանքելու նպատակով և խրախուսել տեղերում հայոց լեզվի օգտագործումը, ինչպես նաև գրանցել Հայ առաքելական եկեղեցին և նրա իրավասությանը հանձնել այն եկեղեցական շինությունները, որոնք նրան էին պատկանում մինչև խորհրդային շրջանի ապօրինի յուրացումը:

Վերլուծություն Ռուս-վրացական հակամարտությունից հետո Թբիլիսիի և Մոսկվայի միջև ուղիղ չվերթները դադարեցին: Երևան-Թբիլիսի նոր չվերթը տարանցիկ ճանապարհ կդառնա այդ ուղղության համար, միևնույն ժամանակ կնպաստի երկկողմ հարաբերություններին:

Վրաց պաշտոնյաների հետ քննարկումներում, գոնե հանրային հայտարարությունների մակարդակում, Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ խուսափեց Ջավախքը լուրջ խնդիր դարձնելուց: 2009թ. փետրվարին տեղի ունեցած այցերի ընթացքում, այնուամենայնիվ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հստակորեն բարձրացրեց եկեղեցական խնդիրը և դրա հնարավոր հետևանքները՝ բացատրելով, որ դրա լուծումը դրական հետևանքներ կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:

Երևան կատարած իր այցի ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն հերքեց այն պնդումները, թե ջավախահայերը ավելի ընչազուրկ են, քան Վրաստանի այլ շրջանների բնակիչները: «Գոյություն չունի Ջավախքի խնդիր, գոյություն ունի Ջավախքի, ինչպես նաև Վրաստանի այլ շրջանների սոցիալ-տնտեսական խնդիր», – հայտարարեց Վաշաձեն: Չնայած Վրաստանի իշխանութ- յունները որոշ քայլեր ձեռնարկել են ջավախահայության խնդիրների լուծման ուղղությամբ` փետրվարին, օրինակ, սկսվեց նոր գազատարի շինարարությունը, որ պետք է բնական գազ մատակարարի Ախալցխային և շրջակա գյուղերին, այդուհանդերձ այդ քայլերը ստվերվում են կասկածամտությամբ և թշնամանքով, որ շատ վրացիներ, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ տածում են հայ փոքրամասնության նկատմամբ: Բաթումիի մայրուղու շինարարության ծրագրից հրաժարումը հիշեցումն էր այն ժամանակների, երբ նման ծրագրերը ձախողվում էին բացառապես այն պատճառով, որ այդ շրջանները բնակեցված էին հայերով:

Վրաստանը միայն կշահի և որևէ բան չի կորցնի, եթե լուրջ և համապարփակ միջոցներ ձեռնարկի ի պատասխան ինչպես ջավախահայության, այնպես էլ իր 500 հազարանոց ադրբեջանական փոքրամասնության դժգոհություններին: Իր երկու ամենամեծ փոքրամասնությունների հետ նման բարելավված հարաբերություններն էլ ավելի կամրապնդեն Վրաստանի դիրքերը Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցերում:

Այնուամենայնիվ, դա քիչ հավանական է այժմ՝ օգոստոսի պատերազմից բխող ֆինանսական սահմանափակումների, շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև ձևավորվող երկու ուժեղ ընդդիմադիր խմբավորումների ներքին քաղաքական ճնշումների պատճառով: Սա փաստվում է նաև այն անսպասելիորեն կտրուկ և անզգույշ հայտարարությամբ, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արեց այն մասին, որ “Հայաստանի տնտեսությունը փլուզվել է, Ռուսաստանի հետ սերտորեն կապված լինելու պատճառով”: Հայաստանի նախագահի գրասենյակը արձագանքեց երկու հարևան երկրների միջև պատշաճ պրոտոկոլի մասին “դասով”: Այս հեռակա բանավեճը ևս մեկ անգամ ամրապնդեց հարևանի վստահելիության վերաբերյալ առանց այդ էլ խիստ տարածված կասկածամտությունը:

Հեռանկար Վրաստանը դաշնություն դարձնելու շուրջ ջավախահայության առաջ քաշած գաղափարը զուսպ և տրամաբանական է: Տեսականորեն, չկա պատճառ պնդելու, թե դաշնային պետությունները (օրինակ, ԱՄՆ, Գերմանիան, Շվեյցարիան) պակաս կայուն են ունիտար պետությունների համեմատությամբ: Սակայն անհանգիստ էթնիկական փոքրամասնություններ ունեցող պետությունների պարագայում ֆեդերալիզմի՝ դաշնային համակարգի, գաղափարն անգամ կենտրոնական կառավարության կողմից լավագույն դեպքում դիտարկվում է գուշավորությամբ, եթե չի ընկալվում որպես անեծք, քանի որ դաշնային միավորների զատումը, համընկնելով նման փոքրամասնությունների բնակության շրջանների հետ, ընկալվում է որպես նոր սահմանագծերի ձևավորում: Մտավախությունն այն է, որ հենց այդ սահմանգծերով է վաղ, թե ուշ փլուզվելու այդ պետությունը՝ չնայած դա կանխելու ուղղությամբ կենտրոնական կառավարության ձեռնարկած բոլոր ջանքերին: Սաակաշվիլիի կողմից, որը Հարավային Օսիային և Աբխազիային պարբերաբար առաջարկում էր «հնարավոր ամենալայն ինքնավարությունը», այժմ, այդ երկու տարածքները կորցնելուց հետո, նման առաջարկ ակնկալելը պարզապես իրատեսական չէ:

Ի հակադրություն` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան և Վրաստանի նախագահի հնարավոր թեկնածու Իրակլի Ալասանիան, որը 2005-2006 թթ. Սաակաշվիլիի ուղղակի ներկայացուցիչն էր Աբխազիայի ղեկավարության հետ տարվող բանակցություններում, կարող է և ճանաչել նման զարգացման տրամաբանությունը: ԵՄ կարող է ճանապարհ հարթել նման փոխակերպման համար՝ Արևելյան հարևանության ծրագրի շրջանակներում տարվող բանակցությունների ընթացքում մղելով Վրաստանին զբաղվել իր շրջանների միջև առկա անհավասարության հարցով և դրան լուծում տալու համար անհրաժեշտ ու լուրջ միջոցներ ձեռնարկել: ԱՄՆ նոր վարչակազմը ևս, վերսկսելով իր հարաբերությունները տարածաշրջանում, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Վրաստանի հետ, կարող է պնդել և խրախուսել Վրաստանի կենտրոնական կառավարությանն իրականացնել ավելի լայնախոհ և իր բաղկացուցիչ շրջանների համար ավելի շահավետ քաղաքականություն, որը նաև կներառի տրանսպորտային ուղիների բազմազանեցում և տարածաշրջանային համագործակցություն:

Դրացիական հակասություններ