Մի պահ պատկերացնենք, որ Եվրոպայի խորհրդում թուրք և ադրբեջանցի պատգամավորներից ստորագրություն վերցնողը ոչ թե կին, այլ տղամարդ պատգամավոր էր: Ոմանք ակնհայտորեն նրան կմեղադրեին դավաճանության և ազգային շահը ամեն ինչից վեր չդասելու մեջ: Ոմանք էլ կհակադարձեին, թե դավաճանությունը ընտրություններ կեղծելն ու ժողովրդավարական արժեքները ոտնահարելն է: Այսինքն, կարելի է ենթադրել, որ բանավեճը, միգուցե որոշ շեղումներով, այնուամենայնիվ կպահպաներ քաղաքական բանավեճի շրջանակները: Բայց Զարուհի Փոստանջյանի դեմ ուղղված “քննադատության” դրսևորումների ստվար մասը առիթ է տալիս լրջորեն մտածելու հայ հասարակության մեջ կնոջ հանդեպ վերաբերմունքի մասին: Արդյո՞ք մի հասարակությունում, որտեղ կին քաղաքական գործչի որևէ հրապարակային գործողության քննադատության հիմնական թիրախը դառնում է ոչ թե գործողությունը որպես այդպիսին, այլ նրա մարդկային և կանացի արժանապատվությունը ու նրա ընտանիքը, հնարավոր է խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին:
Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչած որոշ “մեղադրանքերից” թերևս իրեն վիրավորված պետք է զգար ողջ հասարակությունը և առաջին հերթին` բոլոր տղամարդիկ: Բայց հասարակությունը, փոքր բացառություններով, առանձնապես զանգվածային բուռն վրդովմունքով չարձագանքեց 21-րդ դարում քաղաքակիրթ եվրոպական հասարակության կոչմանն անհարիր այդ դրսևորումներին: Որովհետև հասարակությունն ամբողջովին կարծես ընդունում է այն խաղի կանոնները, ըստ որոնց, եթե կինը որոշել է զբաղվել ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով, ուրեմն պետք է պատրաստ լինի նման հարձակումների: Այդ նույն կանոններից է նաև այն կարծրատիպը, թե “կարգին” տղամարդը թույլ չի տա, որ իր կինը զբաղվի “հայ կնոջն անվայել” գործունեությամբ: Մինչդեռ, թե որքանով է հայ տղամարդուն վայել ամենաանպարկեշտ արտահայտություններով հրապարակավ խոսել կնոջ մասին, ոչ ոք չի էլ քննարկում: Ընդհանրապես, հասարակությունը թողնում է, որ տղամարդը որոշի, թե ինչն է իրեն վայել, ինչը` ոչ, և որն է հայ տղամարդու դերը: Բայց հայ կնոջ կերպարը հստակ “չափանիշներ” ունի: Այդ մասին են վկայում նաև ամեն տարի մարտի 8-ին և ապրիլի 7-ին պետական այրերի ուղերձները, որտեղ որպես կանոն հստակ գծվում են կնոջ դերի շրջանակները, որոնք սահմանափակվում են ազգապահպանությամբ, հայապահպանությամբ և մատաղ սերնդի դաստիարակությամբ:
Իհարկե եվրոպական կառույցների պահանջով Հայաստանում էլ կանայք ներկայացված են հասարակական-քաղաքական կյանքում, բայց այդ ներկայությունը, որպես կանոն, տեսական դրսևորում ունի: Տղամարդկանց հետ գործնականում հավասար գործունեության հավակնող կինն ի սկզբանե հասարակության կողմից դատապարտված է իր անձնական և ոչ քաղաքական կամ հասարակական հատկանիշների` ամենատհաճ դրսևորումներով քննարկմանը:
Գենդերային հավասարությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և արդար ընտրությունները տեսական արժեքներ չեն, որոնք հարկ է միայն ձևականորեն պահպանել, Եվրոպային ցույց տալու համար, որ մենք համապատասխանում ենք ինչ-որ չափանիշների: Առանց այս բաղադրիչներից որևէ մեկի, այդ թվում և առանց գենդերային հավասարության, հնարավոր չէ դառնալ ժամանակակից, զարգացած եվրոպական հասարակություն: Երբ հասարակությունը հանդուրժում է, որ հասարակական կյանքին մասնակցելու կնոջ իրավունքներն ի սկզբանե ավելի սահմանափակ են, քան տղամարդու իրավունքները, այդ “հանդուրժողականությունը” տարածվում է նաև ընտրելու և ընտրվելու, արդարադատության և մնացած բոլոր իրավունքների վրա: