Իրադարձություն Մարտի 22-ին սպառվեց Երեւանի ավագանու ընտրության համար մասնակցության հայտը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: նտրությանը մասնակցելու համար փաստաթղթերը, այդ թվում եւ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացրին 6 կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԺԿ, ՀԱՍԿ եւ 1 դաշինք` Հայ ազգային կոնգրեսը: Երեւանի ավագանու ընտրությունը տեղի է ունենալու մայիսի 31-ին: Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցությունը` Րաֆֆի Հովհաննիսյանի “Ժառանգությունը” որոշեց չմասնակցել ընտրություններին, Լևոն Տեր- Պետրոսյանի թիմի հետ ոչ այնքան հրապարակային բանակցություններից հետո: Ըտրություններում հաղթած կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն փաստացի դառնալու է Երևանի քաղաքապետը: Մինչ այդ
Երեւանը մինչեւ 2005 թվականի նոյեմբերի 25-ի սահմանադրության փոփոխության հանրաքվեն ուներ մարզի կարգավիճակ: Սահմանադրության փոփոխությամբ Երեւանը ստացավ համայնքի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ համայնքիղեկավարի ընտրության կարգ պետք է սահմանվեր: 2008 թվականի վրջին ընդունված օրենքի համաձայն Երեւանի քաղաքապետը ընտրվում է անուղղակի ընտրությամբ: Երեւանցիները ընտրում են ավագանի, իսկ ավագանու ընտրությանն էլ հաղթած կուսակցության ընտրական ցուցակի առաջին դեմքը դառնում է քաղաքապետի թեկնածու:
Վերլուծություն Երեւանում է բնակվում Հայաստանի բնակչության գրեթե կեսը: Դրանից բացի, Երեւանի հետ անմիջական կապի շնորհիվ իր գոյությունն է ապահովում երկրի մնացյալ բնակչության թերեւս նույնպես կեսը: Երեւանում է կենտրոնացած Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ապարատը: Ընդհանրապես, Երեւանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնը բառի բուն եւ պատկերավոր իմաստով, ներառելով երկրի սոցիալ- տնտեսական ռեսուրսների զգալի մասը: Այդ ամենն ինքնին վկայում է, որ երբ մայրաքաղաքի կառավարման համակարգի ձեւավորման հիմքում դրվել է ընտրովիության սկզբունքը, այդ ընտրությունը լինելու է ավելին, քան միայն տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունը: Սահմանադրության համապատասխան փոփոխությունը միտված էր հենց այդ խնդրի լուծմանը` Երեւանը համայնք վերածելուն, այդպիսով նպաստելով նաեւ պետական կառավարման համակարգի ապակենտրոնացմանը, ինչը արդյունավետ կառավարման կարեւոր գրավականներից է: Այդպիսով իշխանական համակարգի հակակշիռների մեխանիզմի մի լրացուցիչ տարր է ապահովվում որը կբարձրացնի մրցակցությունը կառավարման համակարգում, և կարող է էապես բարելավել կառավարման որակը: Թերեւս հաշվի առնելով նաեւ մայրաքաղաքի ֆունկցիոնալ ընդգրկման առանձնահատկությունը, որոշվեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրությանը, որ լինելու է անուղղակի, այսինքն ավագանու ընտրությամբ միջնորդավորված, մասնակցեն միայն կուսակցությունները` 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Այդպիսով, հենց սկզբից եւեթ Երեւանի ավագանու, այսինքն քաղաքապետի ընտրությանը տրվեց քաղաքական կարեւոր նշանակություն: Այդ նշանակությունն էլ ավելի մեծացրեց առկա ներքաղաքական իրավիճակը, իշխանություն- ընդդիմություն հարաբերության առկա խնդիրները, նախագահի ընտրությունից հետո դեռեւս չհաղթահարված հասարակական անվստահության մթնոլորտը եւ ժողովրդավարական ինստիտուտների դեռեւս ամբողջությամբ չհաղթահարված “կաթվածը”: Այդ ամենն էլ “հարստացավ” տնտեսական ճգնաժամով, որ ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում Հայաստանի տնտեսության համար, որը առավելապես կենտրոնացած է հենց Երեւանում: Իրավիճակի քաղաքականացմանը էլ ավելի նպաստեց այն, որ քաղաքապետի ընտրությանը ընդդիմության ցուցակը գլխավորեց Լեւոն Տեր- Պետրոսյանը, իսկ ընդդիմությունն էլ հայտարարեց, որ քաղաքապետի ընտրությունը դիտարկում է որպես նախագահի ընտրության երկրորդ փուլ: Ի պատասխան դրա, իշխանությունը սկսեց Երեւանի քաղաքապետի ընտրությունը զուտ ՏԻՄ ընտրության շրջանակում դիտարկելու մտայնության հետեւողական քարոզը հասարակության շրջանում, ընտրությունը փորձելով տեղավորել կանաչապատման կամ աղբահանության գործընթացի շրջանակում, կարծես խոսքը ոչ թե երկրի ռեսուրսների գերակշիռ մասը ներառող Երեւանի, այլ ինչ որ համատիրության ղեկավարի ընտրության մասին է:
Հեռանկար Մեծ հաշվով, այդ երկու մոտեցումն էլ ընտրությունը փաստացի շեղում են բուն խնդրից, տանելով երկու ծայրահեղ ուղղությամբ: Անկասկած է, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունը չի կարող լինել նախագահի ընտրության շարունակություն, քանի որ հարցը այդ հարթության վրա դիտարկելիս Երեւանը փաստացի դուրս է մնում տեսադաշտից, հետեւաբար կորում է նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնելու որոշման տրամաբանությունը: Այդ որոշումը, որ կայացվեց 2005 թվականին, միտված էր պետական կառավարման համակարգի ապակենտրոնացմանը, իշխանության հակակշիռների մեխանիզմը հարստացնելուն եւ այդ միջոցով կառավարման որակական աճի նոր նախադրյալ ստեղծելուն:
Որոշումն իհարկե քաղաքական էր, բայց այն ենթադրում է ոչ թե իշխանության փոփոխության նոր մեխանիզմի ստեղծում, այլ բացում է քաղաքական պատասխանատվության նոր դաշտ, որ ստանձնում է Երեւանի քաղաքապետի ընտրությանը հաղթած քաղաքական ուժը` լինի դա իշխանությունը, թե ընդդիմությունը: Այսինքն, Երեւանի քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնելով բացվում է նաեւ քաղաքական մրցակցության նոր ասպարեզ, այդպիսով նպաստելով քաղաքական համակարգի կայացմանը: Սակայն, այդ մրցակցության ծայրահեղ ընկալումը, այդ մրցակցությունը համապետական իշխանափոխության հնարավորություն դիտարկելը կարող է անհարկի սրել իրավիճակը, մի կողմ թողնելով Երեւանի կարգավիճակի փոփոխության բուն նպատակը:
Միեւնույն ժամանակ, այդ բուն նպատակը չեզոքացնում է նաեւ իշխանությունը, ընդդիմության հետ մրցակցությունից խուսափելու նպատակով կենցաղայնացնելով Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Հասկանալի է, որ իշխանությունը գնում է այդ քայլին` չունենալով ընդդիմությանը համարժեք քաղաքական ռեսուրս,: Սակայն, Երեւանն ընդամենը մի ԲՇՏ-ի հավասարեցնելու իշխանական ջանքը նույնպես ծայրահեղացնում է իրավիճակը, փաստացի ստեղծելով նախադրյալ, երբ Երեւանի քաղաքապետի առաջին ընտրությունը դեռեւս բուն քվեարկությունից առաջ կհամալրի նախորդ բոլոր համապետական ընտրությունների շարքը, որպես քաղաքական եւ քաղաքացիական առաջընթացի եւս մի բաց թողնված հնարավորություն: Որքան ավելանում է այդօրինակ բաց թողնված հնարավորությունների թիվը, այդքան ավելի է նվազում հետագա առաջընթացի հավանականությունը: