Ուղիղ քսան տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, «զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», հռչակեց Խորհրդային Հայաստանում անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 12 կետերից կազմված այդ փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ընթերցեց Հայոց համազգային շարժման անդամ Արամ Մանուկյանը:
Պատմական այդ փաստաթուղթը առաջինն ընթերցելու պատիվը Վանաձորից ընտրված և հայ հանրությանն անծանոթ պատգամավորին տրվել էր բացառապես իր անվան համար: Արամ Մանուկյանը 1918-ի գարնանը Արարատի ստվերի տակ «անձև քաոսից» կազմավորված Առաջին Հանրապետության իրական հիմնադիրներից էր: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները:
Հայաստանի նոր ղեկավարության համար ակնհայտ էր Խորհրդային Միության փլուզման անխուսափելիությունը: Անկախության Հռչակագրի ընդունումից հետո հիվանդ կայսրությունը գոյությունը քարշ տվեց ընդամենը 16 ամիս: Հռչակագիրը, որն ապագա Սահմանադրության հիմքն էր, ուներ 12 կետ, որոնք քննարկվում և խորհրդարանում քվեարկվում էին առանձին-առանձին: Ամենաերկար և բուռն բանավեճը ծավալվեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը Հռչակագրի մեջ հիշատակել-չհիշատակել հարցի շուրջ: Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր համոզել, որ ցեղասպանության հարցը Հռչակագրում դնելը քաղաքական և դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ: Այն օրերին կեղծարարությունը դեռ չէր դարձել հայաստանյան քաղաքական մշակույթի կարևոր մաս, ու թեև Տեր-Պետրոսյանն ու 24 այլ պատգամավորներ «դեմ» քվեարկեցին Հռչակագրում 1915 թիվը հիշատակելուն, Գերագույն խորհուրդը 131 ձայնի առավելությամբ որոշեց, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Երրորդ Հանրապետության հիմնադիրները` ի դեմս ՀՀՇ-ի, պետականության առաջին փաստաթղթի հիմքում դրեցին համամարդկային այնպիսի գաղափարներ ու արժեքներ, ինչպիսիք էին ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության կառուցումը, ազատ տնտեսական հարաբերությունների հաստատումը, ազատ և անկախ մամուլ ունենալը, հարևանների հետ հաշտ ու խաղաղ գոյակցությունը: Սակայն այդ գաղափարների մի մասը չիրականացավ Հայաստանից ու նրա ժողովրդից անկախ պատճառներով, մի մասը վարկաբեկվեց հենց ՀՀՇ-ի և նրան հաջորդած իշխանությունների տարիներին, ինչը առաջ բերեց մեծ հիասթափություն ոչ միայն իշխանությունների, այլ նաև անկախության գաղափարի նկատմամբ:
Քսան տարին գուցե շատ ժամանակ չէ, որպեսզի անկախությունը Հայաստանի քաղաքացիների համար դառնար բացարձակ արժեք: Հայաստանում, որքան էլ զարմանալի է, պետական տոների շարքում չի եղել ու չկա օգոստոսի 23-ը: Այսօր էլ, Անկախության Հռչակագրի ընդունումից 20 տարի անց բնակչության մի մեծ հատված դեռ երանի է տալիս խորհրդային անազատ ժամանակներին, իսկ մեկ այլ մեծ հատված իր ապագան պատկերացնում է մոլորակի այլ վայրերում, բայց ոչ հայրենի Հայաստանում:
Բոլորովին վերջերս հրապարակվեցին միջազգային հեղինակավոր Gallup հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունները, որոնք անց են կացվել հետխորհրդային հանրապետություններում: Հանրային հարցումները ցույց են տվել, որ հայաստանցիների 39 տոկոսը կցանկանար հնարավորության դեպքում հեռանալ Հայաստանից: Այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է հետխորհրդային տարածքում: Կարելի՞ է Հայաստանը լքել ցանկացողներին մեղադրել, որ նրանք իրենց երեխաների ապագան չեն ուզում կապել Հայաստան երկրի հետ: Մասամբ, գուցե՝ այո, քանի որ լավ երկիր ստեղծում են առաջին հերթին հենց այդ երկրի շարքային քաղաքացիները: Ֆրանսիան լավ երկիր է դարձել առաջին հերթին շարքային ֆրանսիացիների անդուլ աշխատանքի շնորհիվ: Նույնը կարելի է ասել Կանադայի, Շվեդիայի ու տասնյակ այլ երկրների մասին: Բայց առաջին հերթին շարքային հայաստանցիները չեն մեղավոր այն հոռի բարքերի համար, որոնք ամուր հիմքեր են գցել Հայաստանում և որոնցից ժամ առաջ ազատվելու նպատակով հայաստանցիների մոտ 40 տոկոսը ցանկանում է հեռանալ երկրից: Անկախության Հռչակագրի հենց առաջին օրերից մեր կյանքի ու կենցաղի անքակտելի մասը դարձան կոռուպցիան ու կաշառակերությունը, մարդու իրավունքների ոտնահարումը, անարդարությունը, սոցիալական խիստ շերտավորումը, որոշ դեպքերում` թշվառությունը, հետագայում նաև` ընտրություններ կեղծելը, հետընտրական բռնությունները, ապօրինություններն ու ամենաթողությունը: Անշուշտ, անկախության հաստատման ճանապարհը ենթադրում է նաև զրկանքներ ու անվերադարձ կորուստներ անկախության ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները չպետք լինեին միայն ժողովրդի մեկ հատվածի` շարքային քաղաքացիների հաշվին: