Ադրբեջանի արտգործնախարարն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել անցնող տարվա դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան կարգավորման նորացված սկզբունքները։ 1997 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Բաքուն ընդունելի է համարում միջնորդների առաջարկը:
Հիմա հերթը Հայաստանինն է, իսկ Հայաստանը դժվար թե կարողանա «այո» ասել 2009-ի հուլիսին Կրակովում մշակված, ապա տարեվերջին Աթենքում և այս տարվա հունվարի 25-ին Սոչիում ներկայացված տարբերակին, քանի որ այն, ի տարբերություն 2007-ի Մադրիդյան առաջարկների, ոչ միայն շատ աղոտ կերպով է հաշվի առնում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ հակամարտության հետևանքների վերացման հարցում Ադրբեջանին զգալի առավելություն է տալիս:
Ադրբեջանը 1997-ից ի վեր մերժել է կամ համաձայնություն չի տվել կարգավորման բոլոր առաջարկներին, մերժել է նաև 2007-ին ներկայացված Մադրիդյան փաստաթուղթը: Եվ ահա ընդամենը երկու տարվա ընթացքում միջնորդները ներկայացնում են առաջարկներ, որոնք ընդունելի են Ադրբեջանի, բայց անընդունելի` Հայաստանի համար: Միջնորդների առաջարկի մերժումը գին ունի: Եվ շատ կարևոր է, թե ով և ինչ հիմնավորմամբ է մերժում: Հատկապես, որ առաջարկները ծնվում են բանակցության արդյունքում, և ուրեմն առաջարկի բովանդակության համար հավասարապես պատասխանատու են բանակցող կողմերը:
Վերջին ամիսներին հայկական կողմի հայտարարությունները, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթը շեշտադրումների կտրուկ փոփոխություններ էին պարունակում, ինչը հավանաբար պայմանավորված է ղարաբաղյան հարցում Հայաստանի համար սպասվելիք ոչ հաճելի զարգացումներով: Տպավորություն էր ստեղծվում, թե նախագահ Սարգսյանը Լոնդոնից «ոչ» է ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին, թարմացված առաջարկին:
Նախագահ Սարգսյանի լոնդոնյան ելույթը շեշտադրումների առումով շատ նման էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1996 թ. դեկտեմբերի Լիսաբոնի ելույթին: Միջազգային հանրությունը շվեյցարացիների գլխավորությամբ (այն ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահողը հենց Շվեյցարիան էր) ու թուրք-ռուս-ամերիկյան ճնշումների տակ փորձում էր լուծում պարտադրել, սակայն Հայաստանը մերժեց և բացատրեց, թե ինչու է անընդունելի միջազգային հանրության պարտադրանքը:
Անկասկած, նախագահ Սարգսյանը ևս ճիշտ է վարվում, եթե մերժում է ղարաբաղյան կարգավորման նորագույն` Աթենքյան առաջարկները, որոնք Սոչիում ընդունելի է համարել Ադրբեջանի նախագահը` չափազանց անհարմար վիճակ ստեղծելով Հայաստանի նախագահի համար: Այդ առաջարկները, որոնք անբարենպաստ են Լեռնային Ղարաբաղի համար, պետք է մերժել: Եվ ընդհանրապես, պետք է մերժել որևէ առաջարկ, եթե այն հստակ կերպով չի ապահովում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ մյուս կողմից` Ադրբեջանին տալիս տարածքներ ստանալու հեռանկար:
Անտրամաբանական է նախագահ Սարգսյանի Լոնդոնի ելույթի մեկ այլ հատված, որով նա պատրաստակամություն է հայտնում Իլհամ Ալիևին ևս հրավիրել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման արարողությանը: Շատերին կարող է թվալ, թե սա դիվանագիտական հնարք է: Իրականում, եթե Թուրքիան բացի սահմանը, ապա արարողությանը Գյուլի և Սարգսյանի հետ նաև Ալիևի մասնակցությունը կարող է նշանակել, որ սահմանի բացման դիմաց Հայաստանը զիջումեր է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում:
Անհասկանալի ու վտանգավոր է Հայաստանի իշխանությունների` Թուրքիայի «հետևից ընկնելու» այս մոլուցքը, ինչը դրսևորվեց Մեծ Բիրտանիայի ճանապարհին: Որքան մոտ լինի հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը, այնքան իրական է դառնալու Լեռնային Ղարաբաղում հողային զիջումների գնալու վտանգը: Հայաստանը ուղղակի կարող է կանգնել մղձավանջային ընտրության առաջ, բայց դրա պատասխանատուն և մեղավորը բացառապես Հայաստանի գործող իշխանություններն են, որոնք մինչև վերջ էլ չեն գիտակցել (կամ չեն ուզում ընդունել), որ երկու գործընթացները կապված են միմյանց հետ: Որքան մոտ լինի հայ-թուրքական մերձեցումը, այնքան մոտ է լինելու Լեռնային Ղարաբաղում հող զիջելու և դրա դիմաց կարգավիճակի հարցում ոչինչ չստանալու` հայ ժողովրդի համար անընդունելի, Հայաստանի իշխանությունների համար վտանգավոր հեռանկարը:
Թուրքերը բազմիցս ասել են, որ սահմանը չեն բացելու, իսկ Գյուլին ուղերձներ հղելով Հայաստանը հեշտացնում է Թուրքիայի գործը: Գյուլի համար Հայաստանից ստացվող նման ուղերձները միայն ու միայն ծառայում են մի նպատակի` բարեհաջող հաղթահարել մեկ «Ապրիլի 24» ևս: