Հունիսի 26-ին լրացավ Ժամանակ Երևան օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալության երրորդ տարին: Այսօր նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ լրագրողներ:
Ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը ձերբակալվել և դատապարտվել էր զինծառայությունից խուսափելու համար փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, բայց ձերբակալության առաջին օրվանից մինչ օրս թե՜ լրագրողական համայնքի մեծ մասը, թե՜ իրավապաշտպաններն ու ակտիվ հասարակությունը այս ձերբակալությունն ընկալում են որպես ոտնձգություն խոսքի ազատության դեմ:
Հայաստանում զինծառայությունից ամեն տեսակի զեղծարարությունների միջոցով խուսափելու դեպքերը, ինչպես նաև ծառայությունից ազատվելու օրինական հիմքեր ունեցողներին բանակ ուղարկելու դեպքերը, համատարած են: Այս մասին խոսում են իրավապաշտպանները, հասարակական կազմակերպությունները, մամուլը: Չնայած դրան, այս մեղադրանքով երկրորդ նման հանրային հնչեղության արժանացած դեպքի մասին դժվար է հիշել:
Ավելին` 3 տարվա ընթացքում Արման Բաբաջանյանը մի քանի անգամ դիմել է վաղաժամ ազատ արձակվելու խնդրանքով և մերժվել: Այս փաստը ևս չի խոսում Արման Բաբաջանյանի ձերբակալության բացառապես իրավական պատճառների օգտին:
Ընտրովի արդարադատությունն ըստ էության նշանակում է արդարադատության բացակայություն: Առանց ամուր ու անկախ դատական համակարգի չի կարող լինել ժողովրդավարություն: Ընտրովի արդարադատության կիրառումը մամուլի հանդեպ անհնար է դարձնում ժողովրդավարության հիմնարար սյան` ազատ մամուլի գոյությունը:
Այստեղ կարող են հակափաստարկներ հնչել, թե ընդդիմադիր բազմաթիվ թերթեր շարունակում են ազատ գրել և տարածել այն, ինչ ուզում են: Խնդիրն էլ հենց այդ է, որ նման իրավիճակը նաև նպաստում է մամուլի ոչ թե ազատությանը, այլ բևեռացմանը, ընդդիմադիր ու իշխանամետ դաշտի բաժանմանը: Քանի որ նման իրավիճակում լրատվամիջոցը կարող է թե՜ քաղաքական, թե՜ նյութական տեսանկյունից իրեն պաշտպանված զգալ միայն այս կամ այն ճամբարի և ոչ հասարակության տեղեկացված լինելու շահը պաշտպանելու դեպքում: