Իրադարձություն Մայիսի 3-ին, Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նշվեց մամուլի ազատության օրը: Դրանից երկու օր առաջ, “Ֆրիդոմ Հաուս” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց աշխարհում մամուլի ազատության մասին իր վարկանիշային ցանկը, որտեղ Հայաստանը դասվել էր մամուլի առումով ոչ ազատ երկրների շարքը Սինգապուրի հետ կիսելով 151-րդ տեղը: “Ֆրիդոմ Հաուս”-ի նախորդ զեկույցում Հայաստանը 66 միավորով 144-րդ տեղում էր Կոտ դ’Իվուարի, Գվինեայի, Մալդիվների, Մոլդովայի եւ Պակիստանի հետ։ “Ֆրիդոմ Հաուսի” մեղմ ասած ոչ այնքան մխիթարական զեկույցը հաստատելու եկան երկու իրադարձություն: Մի քանի օրերի ընթացքում բռնության ենթարկվեցին հայաստանցի երկու լրագրողներ` ինտերնետային կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ու հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանը: Կատարվածի դրդապատճառներն ու կատարողները բացահայտված չեն:

Մինչ այդ Լրագրողների հանդեպ բռնությունները որպես կանոն ընկալվում են որպես պատասխան այս կամ այն լրագրողի ասածին կամ արածին, այն է` բռնություն մասնագիտական գործունեության համար: Հետևաբար, այս բոլոր միջադեպերը դիտարկվում են մամուլի ազատության համատեքստում:

Մամուլի ազատությունը անկախ Հայաստանի պատմությանն ուղեկցող խնդիրներից է: Իսկապես առաջին տարիները ազատ մամուլի ժամանակաշրջան էին անկախության, որոնք դեռ իրենց վրա կրում էին Խորհրդային Միության վերջին տարիների իներցիան, երբ նախկին իշխանությունն այլեւս չկա, իսկ նորը դեռ ձեւավորման փուլում էր: Դեռևս լավ չձևավորված իշխանական համակարգի այդ տարիներին մամուլը իսկապես ազատ էր: Աստիճանաբար սակայն մամուլի այդ ազատությունը ոչ թե ինստիտուցիոնալացվեց եւ ամրացավ, ոչ թե դարձավ պետական մշակույթի կարեւոր բաղկացուցիչ, այլ աստիճանաբար զոհ գնաց քաղաքական շահերին, ներքաղաքական գործընթացներին: Խորհրդային մամուլն ամբողջովին իշխանական էր, և Հայաստանի անկախության առաջին տարիներին ազատ մամուլի հոմանիշը դարձավ հակաիշխանականը: Երբ անկախ Հայաստանի քաղաքական էլիտան ներկայացնող ուժերը սկսեցին մրցակցել արդեն ոչ թե խորհրդային էլիտայի կամ դրա մնացորդների, այլ միմյանց հետ, ազդեցությունների ոլորտի համար պայքարում կանգ չառան նաեւ մամուլն այդ գործընթացի մեջ ներգրավելու գայթակղության առաջ: Մամուլը, որը չուներ քաղաքական և տնտեսական ազատության հնարավորություն և ավանդույթ դարձավ ներքաղաքական գործընթացների անմիջական գործիք, քաղաքականացվեց, ճամբարացավ եւ սկսեց անմիջականորեն կրել այն ճնշումները, որ առկա էին քաղաքական կյանքի բոլոր ուղղություններում, քաղաքական առկա մշակույթին համապատասխան: Իսկ քանի որ այդ մշակույթի ծիրում չէր տեղավորվում ազատության գաղափարն ինքնին, ազատ մամուլն էլ այդ ամենի մեջ դարձավ ավելորդ “շքեղություն”: Ավելին` ազատ մամուլը նաև տնտեսական տեսանկյունից “շքեղություն” էր, քանի որ մոնոպոլիզացված, կլանայնացված տնտեսական համակարգը հնարավորություն չտվեց, որպեսզի ձևավորվի ազատ շուկա մամուլի համար: Մամուլը որպես բիզնես Հայաստանում այդպես էլ չկայացավ:

Վերլուծություն Հայաստանում ազատ խոսքի հանդեպ բռնության վատագույն դրսևորումներից մեկը` լրագրողների հանդեպ բռնությունը կարծես թե սովորույթ է դառնում: Նույնիսկ տպավորություն կա, թե սովորույթը վեր է ածվում ավանդույթի, ինչն էլ չխախտելու համար իրավապահները չեն բացահայտում լրագրողների հանդեպ բռնության դեպքերը: Ընդ որում հատկանշական է, որ մի հասարակությունում, որտեղ բռնությամբ հարցեր լուծելը` կենցաղայինից մինչև գործնական, տարածված երևույթ է, լրագրողի հանդեպ չբացահայտված բռնությունը, անկախ դրա բնույթից, միանշանակ վերագվում է վերջինիս մասնագիտական գործունեությանը: Հատկապես, երբ չնայած իշխանությունների կողմից այդ դեպքերը բացահայտելու բարձրաձայնվող պատրաստակամությանը, բացահայտում այդպես էլ չի հետևում, տպավորություն է ստեղծվում, որ նման իրավիճակն իսկապես ձեռնտու է ինչ-որ մեկին:

Վերջին տարվա ընթացքում լրագրողների հանդեպ հարձակումների դեպքերն արդեն հասնում են մոտ մեկ տասնյակի, սակայն չկան կասկածյալներ, մեղավորներ, առավել եւս մեղադրյալներ: Փոխարենն ավելանում են դեպքերը, հուշելով, որ Հայաստանում կարծես խոսքն այլեւս ոչ թե ազատ կամ անազատ մամուլ ունենալ-չունենալու, այլ ընդհանրապես մամուլի լինել- չլինելու, անհրաժեշտ լինել-չլինելու խնդրի մասին է: Մյուս կողմից, եթե մամուլը կա, բայց այն անազատ է, ապա դրա գոյությունն իսկապես ավելորդ է, քանի որ անազատ մամուլը ոչ միայն չի նպաստում երկրում բարեփոխումների ընթացքին, այլ նույնիսկ վնասում է դրանց, նպաստում է բարեփոխումների իմիտացիայի իրականացմանը, այսինքն իր լուման է բերում հասարակական, քաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակութային կյանքի ճահճացման գործում: Մամուլը ոչ միայն իր էջերով, այլ նաեւ իր բնույթով եւ վարքով արտահայտում է այն իրականությունը, ինչ կա Հայաստանում: Այդ իրականությունն ու մտածողությունը, որի առանցքում անձնական կամ խմբակային շահն է, պատրաստ չէ հանդուրժել այդ շրջանակից դուրս գտնվող որեւէ մարմին եւ անմիջապես կլանում է` լինի դա որեւէ տարածք, ոլորտ, թե լրատվամիջոց: Դրա հետեւանքով, ինչպես Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, այնպես էլ մամուլը եւ լրատվամիջոցների զգալի մասն ընդհանրապես հայտնվել է կլանային բաժանման տիրույթում` սկսած թերթերից, մինչեւ հեռարձակող ընկերությունները: 

Հեռանկար Քանի դեռ Հայաստանում չի փոխվել իշխանության մտածողությունը, անիրատեսական է մեծ փոփոխություն սպասել մամուլի ասպարեզում: Եթե նույնիսկ իշխանությունը ապահովում է մամուլի ազատության ավելի ու ավելի մեծ սահմաններ, միեւնույն է, այն ազատության սահմանները, որը գծում է իշխանության կամքը, ոչ թե օրենսդրական մեխանիզմները կամ շուկան, լինելու է ավելի շատ ոչ թե հնարավորություն մամուլի համար, այլ մամուլի վրա հագցված սանձ: Այդ պարագայում,օրինակ, իշխանությունը թույլ է տալիս ընդդիմության ներկայություն հեռուստաեթերում, սակայն այնքան եւ այնպես, ու այն ժամանակ, երբ ինքն է կամենում: Մամուլի իրական ազատության հասնելու համար պետք է հասնել քաղաքական եւ տնտեսական ազատության, այդ դաշտերի իրական ազատականացման, որը շղթայական ռեակցիայով կտարածվի նաեւ մամուլի վրա: Միայն ազատական տնտեսաքաղաքական կյանքի պարագայում է հնարավոր ինստիտուցիոնալ առումով ազատ մամուլի գոյությունը: 

 

 

Ազատություն ամենուր կամ ոչ մի տեղ