Սեպտեմբերի 25-ին Երևանում կայացավ հարավային կովկասում առաջին TEDx միջոցառումը: Միջոցառումը կոչվում էր “Սահմաններից անդին”: TEDxYerevan-ում խոսեցին մոտ 20 մասնակիցներ` ոչ միայն հայաստանցիներ և սփյուռքահայեր, այլև օտարերկրացիներ, որոնք Երևան էին եկել հատուկ` TEDx-ին մասնակցելու նպատակով:
Միջոցառմանը հրավիրվել էր մոտ 200 հյուր: Դահլիճը լեցուն էր միջոցռման սկզբից` 11:30-ից մինչև ավարտը` 18:00:
TED-ի կանոնների համաձայն միցոցառումն անգլերեն էր ու դարձյալ կանոնների համաձայն միցոցառման ընթացքում ներկաները լսեցին ոչ միայն TEDxYerevan-ի մասնակիցներին, այլև TED համաժողովի մի քանի հետաքրքիր ելույթների տեսագրությունը:
Համացանցում www.ted.com – ը դարձել է բացառիկ և հետաքրքիր գաղափարների տարածման ամենապոպուլյար կայքը: Այն հետաքրքիր մարդկանց կողմից գլոբալ նշանակության հետաքրքիր գաղափարների տարածման յուրատեսակ ամբիոն է:
Անհատների մի խումբ TED-ից արտոնագիր էր ստացել առաջին անգամ Երևանում TEDx միջոցառում կազմակերպելու համար: Այս միջոցառումը հնարավորություն կընձեռի Հայաստանից լավագույն գաղափարները լսելի դարձնելու TED-ի հարյուր հազարավոր երկրպագուների շրջանում:
TEDx-ը TED կազմակերպության կողմից պաշտոնապես արտոնված կոնֆերանս է, որ կազմակերպվում է տարբեր քաղաքներում և ներառում է տվյալ TEDx-ի կազմակերպիչների կողմից ընտրված բանախոսների ելույթներ: TEDx կայացել ու առաջիկայում կայանալու է մի քանի տասնյակ երկրներում, բոլոր մայրցամաքներում: Հարավային Կովկասում առաջին TEDx-ը անցկացվեց Երևանում:
Միջոցառման հովանավորներն էին Սիվիլիթաս հիմնադրամը, Անի պլազա հյուրանոցը, Autograph ընկերությունը, DEEM Communications ընկերությունը, Սինոփսիս ընկերությունը:
TEDx Երևանի կազմակերպիչների խորհուրդը ընտրել է Հայաստանից և արտերկրից այս միջոցառմանը որպես բանախոս հանդես գալու ցանկություն ունեցող այն անհատների ելույթները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համաշխարհային և համամարդկային խնդիրներին և համապատասխանում են “սահմաններից անդին” խորագրին:
Սկիզբ առնելով 25 տարի առաջ, որպես քառօրյա կոնֆերանս Կալիֆորնիայում, TED-ը ընդլայնվեց` աջակցելով աշխարհում փոփոխություն առաջարկող գաղափարների տարածմանը` բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա կոնֆերանսը հրավիրում է աշխարհի առաջատար գաղափարակիրների և գործիչների հանդես գալու հետաքրքիր գաղափարներ պարունակող զեկույցով: Նրանց զեկույցներն այնուհետ տարածվում են անվճար TED.com-ի միջոցով: TED-ի տարբեր տարիների մասնակիցների թվում են եղել Բիլ Գեյթսը, Ալ Գորը, Գորդոն Բրաունը, Բիլ Քլինթոնը, ռոք երաժիշտ Բոնոն, վիպասան Իզաբել Ալենդը, լուսանկարիչ Քրիստեն Էշբորնը, գրող Էլիֆ Շաֆակը, որոնք հանդես են եկել հետաքրքիր գաղափար պարունակող բացառիկ զեկույցներով:
TEDxYerevan. “Սահմաններից անդին”
Բանախոսներ և կազմակերպիչներ
Ալեքսիս Օհանյան, ԱՄՆ
Ալեքսիսիը ԱՄՆ Վիրջրինիայի համալսարանի շրջանավարտ է: Նա Reddit.com կայքի համահիմնադիրն է: 2006 թվականին նա վաճառեց արդեն հանրահայտ դարձած սոցիալական այս կայքը և հիմնադրեց նոր` Breadpig.com կայքը, որի նպատակն է ներկայացնել առաջադեմ տեխնոլոգիական միջոցներ և դրանց վաճառքից ստացված գումարը ուղղել բարեգործությանը: 2009-ի նոյեմբերին Ալեքսիսը մասնակցեց TED համաժողովին: Նրա ակտիվ մասնակցությամբ հնարավոր դարձավ իրականացնել TEDxYerevan-ը, որտեղ Ալեքսիս Օհանյանը հանդես եկավ “Սոցիալական ցանցեր” թեմայով զեկույցով: Ալեքսիսի զեկույցը նվիրված էր սոցիալական ցանցերի և լավ գաղափարները տարածելու միջոցով զգալի արդյունքների հասնելու հնարավորությունը:
Նվարդ Մանասյան, Հայաստան
Նվարդը դասավանդում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Նա աշխատել է կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններում` կրթական ոլորտում: Նա խոսեց այն մասին, թե ինպես պետք է անհատը գիտակցի թե ինչպես է ինքը ընկալում, տեսնում և սովորում հաջողության հասնելու համար:
Սայմոն Սկամել-Կաց, Մեծ Բրիտանիա
TNS ամսագրի հիմնադիր Սայմոն Սկամել-Կացը 17 տարի աշխատել է աշխարհում գնորդների հոգեբանության ուսումնասիրությունների վրա: Հենց այս թեմային` գնորդների հոգեբանությանը, այս կամ այն որոշումը կայացնելուց զգայական և ռացիոնալ վարքագծերի տարբերությանն էր նվիրված նրա զեկույցը TEDxYerevan-ում:
Հրայր Բազէ Խաչերեան, Կանադա
Հրայր Խաչերեանը ծնունդով Լիբանանից, կանադահայ լուսանկարիչ է: Նրա առավել հայտնի աշխատանքներն են աշխարհով մեկ սփռված հայկական հուշարձանների, մասնավորապես` եկեղեցիների լուսանկարները: Հրայրը պատմեց իր անձնական պատմությունը` “Քաղցկեղը և կյանքի հրաշքը”: Ավելի քան 10 տարի առաջ, երբ բժիշկը նրան ասել է, որ ընդամենը 10 օրվա կյանք ունի, Հրայրը` մահվան հետ պայքարում հաղթել է և որոշել է լուսանկարել աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները: Կյանքի հանդեպ սերը նրա մոտ նաև արթնացրել են կնոջ մարմնի իր լուսանկարները:
Թիմոթի Սթրեյթ, Հայաստան
Սեր Թիմոթի Սթրեյթը, որ վերջերս Նորվեգիայի թագավորի կողմից արժանացել է ասպետի կոչման, ծնվել է ԱՄՆ-ում: Կյանքի մեծ մասը անց է կացրել հայրենիքից դուրս. Նորվեգիայում` մոտ 20 տարի, իսկ Հայաստանում է 2000 թվականից: Արդեն 10 տարի նա Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոսն է, իսկ 2005 թվականից նույն կարգավիճակով ներկայացնում է նաև Ֆինլանդիան: “Որտեղ է Եվրասիան” վերնագրված նրա զեկույցը նվիրված էր մեր տածաշրջանի բնորոշմանը` աշխարհագրության և արժեքների տեսանկյունից:
Հակոբ Էմրազեան, Քուվեյթ
Հակոբ Էմրազեանը Agilty Logistics-ում կրթական և զարգացման ծրագրերի ղեկավարն է և Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում վերապատրաստման ծրագրերի պատասխանատուն է: Նրա զեկույցը նվիրված էր ոչ կոնվենցիոնալ կրթական ծրագրերին:
Սոնա Հովհաննիսյան, Հայաստան
Պրոֆեսիոնալ երաժշտական կարիերայից հետո Սոնան անցավ մենեջմենթի մասնագիտության և հաջողության իր գաղտնիքը պայմանավորում է երաժշտական կարիերայի ընթացքում ձեռք բերած փորձով:
Հանս Գուտբրոտ, Վրաստան
Հանս Գուտբրոտը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների տարածաշրջանային տնօրենն է: Կազմակերպությունը արդեն մի քանի տարի զբաղվում է տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում հետազոտություններով և սոցիոլոգիական հարցումներով: Հանս Գուտբորտի զեկույցը նվիրված էր տարածաշրջանում երջանկության և բարեկեցության ընկալմանը:
Վարդան Հովհաննիսյան, Հայաստան
1988-ից 1991 թ. Վարդան Հովհաննիսյանը ռազմագերի էր: Պատերազմից վերադառնալուց հետո նա դարձավ լրագրող և օպերատոր և տարիներ շարունակ աշխատում էր արտասահմանյան լրատվական գործակալությունների հետ` լուսաբանելով հակամարտությունները հետխորհրդային տարածքում: 2007-ին նրա “Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ” ֆիլմը արժանացավ լավագույն նոր վավերագրական ֆիլմ մրցանակին Տրիբեկայի կինոփառատոնում: TEDxYerevan-ում նա ցուցադրեց իր ֆիլմը` DONKEYMENTARY Քենիայում մի գյուղի մասին, որտեղ միակ փոխադրամիջոցը և տնտեսության շարժիչ ուժը երջանկության աղբյուրը ավանակներն են:
Փոլա Դևեջյան, Հայաստան
2001 թվականին Փոլա Դևեջյանը ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից տեղափոխվեց Հայաստան և այժմ աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` որպես ինտերնետ ծրագրերի ղեկավար։ Փոլա Դևեջյանը ներկաներին հյուրասիրեց իր պատրաստած թվախցքաբլիթները և խոսեց համի, հոտի և դիզայնի կարևորության մասին:
Աննա Եղոյան, Հայաստան
Աննա Եղոյանը Գյումրիից է: Նա աշխատում է հասարակական ոլորտում և հավատում է երիտասարդների հավաքական ուժին: Նրա զեկույցը նվիրված էր ճիշտ ժամանակին երիտասարդության մեջ արված ներդրումների և երիտասարդության ներգրավման և խրախուսման կարևորությանը:
Ռիչ Գոլդման, ԱՄՆ
Լինելով Synopsys Հայաստան ընկերության գործադիր տնօրեն, Ռիչ Գոլդմանը երկար տարիներ աշխատել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նրա զեկույցը նվիրված էր տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց սոցիալական ցանցերում ներգրավելու գաղտնիքին:
Մայքլ Արամ, ԱՄՆ
Միջազգային ճանաչում ունեցող դիզայներ Մայքլ Արամը ապրել և աշխատել է Հնդկաստանում 1989-ից: Հնդկաստանում, աշխատելով տեղական վարպետների հետ, Մայքլ Արամը կարողացավ գնահատել տեղի դիզայնի և կարողությունների արժեքը և բացառիկ և յուրահատուկ իրերի, զարդերի և տան հարդարանքի պարագաների արտադրություն հիմնել: Այսօր, նույնիսկ հնդիկ գործարարները չեն հավատում, որ բացառիկ դիզայնով այդ իրերը արտադրվում են Հնդկաստանում:
Մերուժան Մինասյան, Հայաստան
Կետ ճարտարապետական ընկերության հիմնադիր Մերուժան Մինասյանը ավարտել է Երևանի ճարտարապետաշինական համալսարանը, որտեղ այժմ դասավանդում է: Մերուժան Մինասյանը ստեղծել է մի ծրագիր, որով հնարավոր է ստանալ որևէ երկրի, ազգի, մարդկանց խմբի կամ անհատի անցած ճանապարհի և ըստ այդմ նաև հնարավոր ապագայի գրաֆիկական պատկերը:
Տեր Կտրիճ Դևեջյան, Հայաստան
Տեր Կտիճը ԱՄՆ-ից Հայաստան է տեղափոխվել 9 տարի առաջ: Լինելով լիցենզավորված ճարտարապետ Կալիֆորնիայում, նա նաև աշխատել է Կալիֆորնիայի նահանգապետեր Ջորջ Դուքմեջյանի և Փիթ Ուլիսոնի աշխատակզմերում քրեական արդարադատության ծրագրման գրասենյակում: Այժմ նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրենն է: “Ինչ արժես դու” վերնագրված նրա զեկույցը մարդու հնարավորությունների մասին էր:
Բեկոր Փափազյան, Հայաստան
Բեկոր Փափազյանը Հայաստանի մրցունակության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենն է: Նախկինում նա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի զարգացման պատասխանատուն էր: Բեկոր Փափազյանը խոսեց մրցունակության, տուրիզմի զարգացման և փոքր քայլերով խնդիրները լուծելու մասին:
Րաֆֆի Գասարճյան, Հայաստան
Րաֆֆի Գասարճյանը iCON Communications ընկերության գործադիր տնօրենն է Երևանում: Նա ավելի քան 16 տարվա փորձառություն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Րաֆֆի Գասարճյանը խոսեց այն մասին, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում արդյունավետ աշխատել աշխարհի ցանկացած վայրում:
Սերժ Թանկյան, ԱՄՆ
Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նույնպես մասնակցեց TEDxYerevan-ին, հեռակա` տեսաուղերձի միջոցով: Նա խոսեց հոլոգրաֆիկ պատկերի միջոցով համերգների հնարավորության մասին:
Սալբի Ղազարյանը միջոցառման վարողն էր: Սալբի Ղազարյանը ապրում է Հայաստանում արդեն 10 տարի: Նա նախկին լրագրող է, խմբագիր, հրատարակիչ, հասարակական ակտիվիստ, ինչպես նաև TEDxYerevan-ի կազմակերիչների կոմիտեի անդամ էր:
TEDxYerevan- ի հյուրընկալող կողմ` Ալեքսիս Օհանյան, Քրիստինե Սարգսյան
TEDxYerevan-ի կազմակերպիչների կոմիտե. Լուիզա Հակոբյան, Մարինա Մխիթարյան, Շուշան Դավթյան, Կտրիճ Դևեջյան, Հայկ Պետրոսյան, Մանե Գևորգյան:
TEDxYerevan- ի նկարները և տեսագրությունները կարող եք դիտել առցանց: