Փետրվարի 9-ին լրատվամիջոցների խնդիրներին նվիրված Սիվիլիթասի քննարկմանը Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ լրատվական դաշտի բարելավման, ազատականացման համար առաջին հերթին անհրաժեշտ են փոփոխություններ քաղաքական դաշտում:
Ընդ որում, Վարդան Օսկանյանի համոզմամբ դա պետք է տեղի ունենա զուգահեռաբար: Վարդան Օսկանյանը վստահ է, որ բիզնես դաս ձևավորվել է և բիզնեսն իր շահերը լավ գիտի և ազատ պայմաններում գովազդ կգդնի այն լրատվամիջոցներում, որոնք լսարան ունեն:
-Բայց այսօր, դժբախտաբար, բիզնեսը չի թելադրում իր շահերը, այլ իշխանությունն է թելադրում։ Ինչո՞ւ է իշխանությունը դա անում. որովհետև այսօր կա քաղաքական մենաշնորհ։ Եթե չլիներ քաղաքական մենաշնորհ իշխանությունը չէր կարող իր կամքը թելադրել հեռուստաընկերություններին,-ասել է նա։
Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ մի կողմից շատ վատ է, երբ հեռուստաընկերություններ կան, որոնք պատկանում են կա՛մ կուսակցություններին, կա՛մ անհատներին, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, կա՛մ պետական պաշտոնյաներին։ Բայց, մյուս կողմից հաշվի առնելով այսօր Հայաստանում տիրող քաղաքակն իրավիճակը, դրա մեջ պետք է նաև լավը տեսնել.
-Միգուցե հենց սա՞ կարող է նպաստել իրավիճակի փոփոխությանը։ Մենք պետք է հաջորդ ընտրությունների ընթացքում հասնենք նրան, որ Հայաստանում քաղաքական մոնոպոլիան վերացվի։ Եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ, հեռուստատեսություն ունի կամ չունի, կամ առանձին կամ ինչ-որ դաշինքներով իրեն տեսնի որպես հակակշիռ այսօրվա իշխող կուսակցությանը, ես կարծում եմ, որ ինչ-որ բան կարող է փոխվել իսկապես,-ասել է Վարդան Օսկանյանը և հավելել, որ քաղաքացիական հասարակությունն այսօրվանից հենց պետք է այդ մեխի վրա նպատակային սկսի խփել, որ հաջորդ ընտրություններին հաջողվի Հայաստանի քաղաքական դաշտում ինչ-որ բան փոխել։
Նա նշել է, որ եթե այդ ճիշտ հակակշիռը ստեղծվի, հաջորդ ընտրություններին, օգտագործելով նաև հենց այդ մամուլը և հակակշռելով իշխանական մամուլին, Հայաստանում ինչ-որ բան կփոխվի։