Դեկտեմբերի 28-ին Սիվիլիթաս հիմնադրամը Երևանում ներկայացրեց «Հայաստան 2009. խոստում և իրականություն» տարեկան զեկույցը: Նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել, Սիվիլիթասը, ինչպես և ողջ տարվա ընթացքում տարբեր առիթներով, այս անգամ էլ կազմակերպեց քննարկում արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ, որին, գլխավոր բանախոսներից բացի, մասնակցեցին նաև դահլիճում ներկաները:
Մեր երևանյան քննարկումներին հազվադեպ են մասնակցելու առիթ ունենում մարզերի բնակիչները: Ընդ որում խոսքն այս դեպքում ոչ միայն Սիվիլիթասի քննարկումների մասին է: Հայաստանի բոլոր խնդիրներն այս կամ այն ձևարափով քննարկվում են հիմնականում Երևանում, երևանցիների մասնակցությամբ: Երևանն իհարկե ներառում է Հայաստանի բնակչության մեկ երրորդը, բայց Հայաստանի մյուս քաղաքների բնակիչները, այնտեղ գործող հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, կուսակցությունները նույնպես ասելիք ունեն Հայաստանի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:
Նման առիթ ունեցան Գյումրիի և Վանաձորի բնակիչները: Փետրվարի 11- ին Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացրեց է իր տարեկան զեկույցը Գյումրիում: Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, տարածաշրջանային և տնտեսական հարցերի շուրջ քննարկմանը մասնակցեցին Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Գալա հեռուստաընկերության մեկնաբան Դերենիկ Մալխասյանը և «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը: Քննարկումը վարեց Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը: Միջոցառումը բացվեց Գյումրիի սոցիալ տնտեսական խնդիրների շուրջ քննարկումով, այնուհետև` հատկապես Լևոն Բարսեղյանն ու Դերենիկ Մալխասյանը խոսեցին խոսքի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին: Գյումրին Հայաստանի միակ քաղաքն է, որտեղ գործում է տեղական հեռարձակող ազատ լրատվամիջոց, որը իշխանությունների հետ հակամարտության երկար պատմություն ունի: Շնորհիվ Գալայի գյումրեցիներին ավելի մատչելի է անաչառ տեղեկատվությունը: Հասարակությունն ավելի տեղակացված է, բայց խնդիրները նույնքան են և նույնն են, ինչպես այլ քաղաքներում` թե մարդու իրավունքների տեսանկյունից, թե սոցիալ տնտեսական խնդիրների առումով:
Գյումրիում քննարկման մեկ կարևոր հատված ծավալվեց հայ-թուրքական արձանագրությունների, սահմանի հնարավոր բացման արդյունքում Գյումրիի տնտեսական վիճակի հնարավոր բարելավման շուրջ: Հակառակ տարածված կարծիքի` քննարկման մասնակիցները, ինչպես և դահլիճում հավաքվածները նախ լիովին գիտակցում էին անցած մեկ տարվա գործընթացի ստեղծած խնդիրները, բացի այդ, հատկապես դահլիճում ելույթ ունեցողները չէին կիսում այն համոզմունքը, որ սահմանի բացումը կարող է լուծել գյումրեցիների խնդիրները:
Վանաձորում զեկույցի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 12-ին: Քննարկմանը մասնակցեցին Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը, Ֆուլեր տնաշինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթևիկ Այվազյանը:
Թաթուլ Հակոբյանը քննարկումը բացեց Վանաձորի վրա անցյալ տարվա գլխավոր խնդիրներից մեկի` տնտեսական ճգնաժամի ազդեցության թեմայով: Քննարկման բոլոր մասնակցիները, այդ թվում և իշխանության` մարզպետարանի ներկայացուցիչը խոսեցին այն մասին, որ հակառակ իշխանությունների տեսլականներին, տնտեսական ճգնաժամը չշրջանցեց Հայաստանը և հատկապես` Վանաձորը:
Առաջիկայում Սիվիլիթասը իր տարեկան զեկույցը կներկայացնի ԼՂՀ-ում, ինչպես նաև Հայաստանի այլ բնակավայրերում` միաժամանակ կազմակերպելով բանավեճ-քննարկումներ: