Սեպտեմբերի 26-ին Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության» ենթադրամաշնորհի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ ԵՀՀ-ի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր ՍիվիլՆեթի պատրաստած «Տարկետում. կրթության ու բանակի միջև» կարճ վավերագրական տեսաֆիլմի հանրային ցուցադրություն և քննարկում։
Հանրային քննարկման բանախոսներն էին կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հիմնադիր և ղեկավար Թևան Պողոսյանը։ Միջոցառմանը հրավիրված էր նաև պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որ, սակայն, ներկա չէր։
Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ տարկետման նոր մոդելի քննարկումները դեռևս շարունակվում են։ Նրա կարծիքով կրթության և գիտության նախարարությունը պետք է լինի երկրում շարունակական փոփոխությունների առաջամարտիկը, իսկ կրթության և գիտության հարցերն այսուհետ լուծվելու են պատասխանատու նախարարության կողմից։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ այս քննարկումները պետք է շարունակվեն, սակայն օրենքի նախորդ տարբերակն իր մեջ պարունակել է դրական կողմեր։ Նա մեծապես կարևորեց հարկային մուտքերի դերը պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի մեջ։
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի կարծիքով` բանակը շարունակում է մնալ հասարակության համար ամենատաբու հարցերից մեկը։ Պետրոսյանի խոսքով՝ բանակը չպետք է հակադրել կրթությանը և գիտությանը, իսկ ուժեղ բանակ ունենալ՝ չի նշանակում, որ բոլորը պետք է ծառայեն բանակում։
Քննարկումը վարում էր ՍիվիլՆեթի խմբագիր Կարեն Հարությունյանը։ Ներկա էր ավելի քան 100 մարդ։ Հանրային ցուցադրության և քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։