Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանն իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսից առաջ հրավիրված ասուլիսում խոսեց այն մասին, որ ելույթների ժողովածուն, ներառելով նախորդ տասնամյակի ընթացքում հնչած գրեթե հարյուր ելույթ, արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի զարգացումը այդ տարիներին: Այն ի թիվս այլոց օգտակար կլինի նաև հետագա սերունդների համար՝ պատմության այդ ժամանակաշրջանն ուսումնասիրելիս: Ելույթների ժողովածուի անգլերեն անվանումն է «Speaking to be Heard» (Խոսում եմ լսված լինելու համար):
Վարդան Օսկանյանի համոզմամբ, իր ելույթները, որոնց նպատակն է եղել աշխարհին ներկայացնել Հայաստանին հուզող խնդիրները, լսվել են նաև այն պատճառով, որ ներկայացվել են համաշխարհային տարբեր գործընթացների ենթատեքստում, աշխարհին հուզող այլ խնդիրների շարքում:Հայերեն հրատարակության անվանումը՝ «Անավարտ տասնամյակ», խորհրդանշական է: Տասնամյակը Վարդան Օսկանյանն իր համար անավարտ է համարում, քանի որ շատ բան անավարտ է մնացել: Շատ հույսեր, մտադրություններ, որ արտացոլված են այդ ելույթներում, դեռևս չեն իրականացվել: Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլ հատկապես ներքին խնդիրներին: Քանի որ Վարդան Օսկանյանի համոզմամբ ներքին խնդիրները մեծապես անդրադառնում են երկրի արտաքին դիրքերի վրա:
Լրագրողների հարցերը հիմանականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է լավատես լինել հայ-թուրքական սահմանի բացման և հարաբերություների բարելավման հեռանկարի հանդեպ, հաշվի առնելով Թուրքիայի վարչպետ Էրդողանի վերջին հայտարարությունները, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո, Վարդան Օսկանյանը մասնավորապես ասաց. «Ինձ համար վերջերս իրավիճակը սկսեց մի փոքր անհասկանալի դառնալ: Մի կողմից կա Էրդողանի հայտարարությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն ղարաբաղյան կարգավորումից հետո, մյուս կողմից կա հայկական կողմի հայտարարությունը, որ հայ-թուրքական հարաբերություններում շարունակվում է առաջընթաց արձանագրվել»:
Վարդան Օսկանյանի համոզմամբ, այս հայտարարությունները կողք-կողքի դնելիս, մտահոգիչ պատկեր է ի հայտ գալիս: Թուրքիային, ըստ Վարդան Օսկանյանի, ձեռնտու է գործընթացի նման հրապարակայնությունը: Թուրքական դիվանագիտական մեքենան կարողանում է միջազգային ատյաններում շահարկել այս գործընթացը, փոխարենը Հայաստանին ոչինչ չտալով:
«Ամեն անցնող օր, երբ սահմանը շարունակում է փակ մնալ, դիվանագիտական տեսանկյունից շահում են թուրքերը»: Վարդան Օսկանյանի համոզմամբ, Հայաստանը կսկսի օգտվել այս հրապարակային դարձած գործընթացից միայն այն օրվանից, երբ բացվի սահմանը:
«Հայկական կողմը թուրքերի առաջ պետք է ժամկետ դնի. այսինչ օրը, այսինչ ժամին, եթե ստորագրում են փաստաթուղթը, լավ, եթե՝ ոչ, Հայաստանը պետք է դադարեցնի իր մասնակցությունն այդ գործընթացին»: Վարդան Օսկանյանի համոզմամբ, չի կարելի թույլ տալ, որ շարունակվի այս իրավիճակը, որ թուրքերը շարունակեն ասել, որ հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հետ է կապված, իսկ հայկական կողմն ասի, որ առաջընթաց կա: Թուրքերը դա շահարկում են, միջազգային հանրությանն ասելով, թե գործընթաց կա, պետք չէ միջամտել ցեղասպանության ճանաչման խնդրին կամ հորդորում են միջազգային հանրությանը Ղարաբաղի հարցով Հայաստանի վրա ճնշում գործադրել, վստահեցնելով, թե միայն դա է, որ խոչընդոտում է արդեն հիմնականում համաձայնեցված փաստաթղթի ստորագրմանը:
«Այդ փաստաթուղթը հեշտ է դրոշակի նման ծածանել, ասելով, թե մի քանի կարևորագույն բարդ հարցերում արդեն համաձայնության ենք եկել: Միացյալ Նահանգները և Եվրոպան կասեն՝ իսկապես, եկեք հիմա կենտրոնանանք Ղարաբաղի վրա, հատկապես, որ թուրքական կողմը չի պնդում, որ լուծումն ամբողջական լինի, այլ հորդորում է հայկական կողմին որոշ զիջումներ անել:
«Չստորագրված փաստաթուղթը շատ հեշտ է շահարկել. ես անձամբ դա բազմիցս արել եմ», վստահեցրեց Վարդան Օսկանյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող էր հայկական կողմը խուսափել նման անբարենպաստ իրավիճակից, Վարդան Օսկանանն ասաց. «Իմ նախընտրությունը կլիներ, որ հայ-թուրքական բանակցությունները լինեին կոնֆիդենցիալ: Եթե մենք միայն տասը տոկոսի կասկած ունենք, որ թուրքերին հետաքրքրում է գործընթացը, այլ ոչ թե արդյունքը, անգամ նման փոքր կասկածի դեպքում պետք էր խուսափել նման հրապարակայնությունից»:
Այդուհանդերձ իշխանությունները որոշել են գործընթացը հրապարակայնացնել, բայց հիմա արդեն պահն է որոշակիություն մտցնելու, շեշտադրումների փոփոխություն անելու: Կամ էլ պետք է ընդհատել բանակցությունները և շարունակել դրանք գաղտնի, ինչպես արվել է նախկինում: Վարդան Օսկանյանի համոզմամբ թուրքական կողմի անկեղծությունը հայտնի կդառնա միայն գաղտնի, փակ գործընթացի դեպքում:
Պատասխանելով նոր վարչակազմի «ավելի նախաձեռնող» արտաքին քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ հարցին, Վարդան Օսկանյանն ասաց, որ նախաձեռնությունն իհարկե դրական երևույթ է, բայց երբեմն այն կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ: Վարդան Օսկանյանի համոզմամբ պետք է ճիշտ պահին ճիշտ նախաձեռնություն ցուցաբերել, այնպես, որ գործընթացը նախաձեռնելուց հետո հնարավոր լինի այդ նախաձեռնությունից անվնաս դուրս գալ:
Պատասխանելով ներքաղաքական իրավիճակին, ժողովրդավարական խնդիրներին վերաբերող հարցին՝ Վարդան Օսկանյանն ասաց, որ համաձայն է հնչած այն գնահատականների հետ, որ անցած տարին այդ առումով «կորցրած հնարավորությունների տարի» էր: