Մարտի 27-ին Վարդան Օսկանյանը մասնակցեց Բրյուսելում կայացած ամենամյա ֆորումին: Բրյուսելյան ֆորումը ամեն տարի Բելգիայի մայրաքաղաքում երկօրյա հանդիպման է հավաքում ավելի քան 400 մասնակցի աշխարհի մի քանի տասնյակ երկրներից:
Ֆորումի շրջանակներում քննարկումները անդրադառնում են ամենատարբեր խնդիրների. համաշխարհային տնտեսություն, քաղաքականություն, անվտնագության, էներգետիկայի, առանձին երկրների հարաբերությունների և տարբեր տարածաշրջանային խնդիրների: Քննարկումներին մասնակցում են տարբեր երկրների նախկին և գործող բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, խոշոր վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ: Այս տարի ֆորումին մասնակցում էին Լատվիայի, Էստոնիայի, Սերբիայի և Վրաստանի նախագահները, Եվրախորհրդարանի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, մի շարք երկրների նախկին նախագահներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ:
Վարդան Օսկանյանը “Կովկաս. հաջորդ պայթյունավտանգ տարածաշրջանը Եվրոպայում” թեմայով քննարկման բանախոսն էր, որին մասնակցում էր նաև Վրաստանի եվրաինտեգրման նախարար Թեմուրի Յակոբիշվիլին: Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ տարածաշրջանում իրավիճակն ավելի է լարվել, հատկապես հայ-թուրքական գործընթացի արդյունքում ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված նոր իրավիճակի պատճառով: Ղարաբաղյան խնդիրը վերածվել է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու մի մասի: Այս արդեն եռակողմ վեճը կարող է բազում վտանգների հանգեցնել, եթե զգուշությամբ չհանգուցալուծվի:
Վարդան Օսկանյանի համոզմամբ առաջնային խնդիրը հատկապես հայ-թուրքական գործընթացի նոր մեկնարկն է, այլապես ստեղծված իրավիճակը ոչ միայն չի հանգեցնի հարաբերությունների բարելավման, այլև ավելի կբարդացնի թե’ երկկողմ հարաբերությունները, թե’ իրավիճակը տարածաշրջանում:
Վարդան Օսկանյանը նաև մասնակցեց “Փոփոխվող Թուրքիան” թեմայով քննարկմանը, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվեարկությանը, ինչպես նաև Թուրքիայի ժողովրդավարացման և եվրաինտեգրման գործընթացներին:
Մարտի 26, Բրյուսել
Մարտի 26-ին Բրյուսելում, “Եվրոպական քաղաքականության կենտրոնում’’ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի գլխավոր բանախոսներից էր Վարդան Օսկանյանը: Քննարկման թեման էր “Անվտնագությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը. առաջընթաց, թե տապալում”:
Վարդան Օսկանյանն անդրադարձավ տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակին, նաև խոսեց այն մասին, որ եթե ամիսներ առաջ միջազգային հանրության մոտ ակնկալիքներ կային հայ-թուրքական գործընթացի արդյունքում լուծված տեսնել նաև ղարաբաղյան հակամարտությունը, ապա այսօր ակնհայտ է, որ թե մեկ թե մյուս ուղղությամբ ոչ միայն չի գրանցվում առաջընթաց, այլև հակառակը` ավելացել են բացասական միտումները:
Քննարկմանը ներկա Ադրբեջանից տարբեր կառույցների ներկայացուցիչներ առիթն օգտագործեցին ներկայացնելու Ադրբեջանի հատկապես վերջին շրջանում կոշտացած դիրքորոշումն առ այն, որ Ղարաբաղը երբեք չի կարող ունենալ հանրաքվեի կամ ինքնորոշման իրավունք և որ ժամանակակից աշխարհում սահմաններ չեն փոխվում: Արձագանքնելով այս ու այս կարգի այլ հայտարարություններին Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ ժամանակակից աշխարհը բավական դինամիկ է փոփոխվում, և որ վերջին միայն երկու տասնամյակի ընթացքում մի քանի սահման է փոփոխվել, ինչպես նաև վերահաստատեց նախորդ տարիների Հայաստանի այն դիրքորոշումը, որ վերադարձ 1988 թվականի իրողությանը հնարավոր չէ որևէ պարագայում, իսկ խնդրի կարգավորման միակ ճանապարհը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է:
Մարտի 25, Փարիզ
Մարտի 25-ին Փարիզի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամում կայացավ “Հարավային Կովկասի նոր մարտահրավերները” թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր Վարդան Օսկանյանը:
Պարոն Օսկանյանն անդրադարձավ Հայաստանի շուրջ վերջին իրադարձություններին: Նրա համոզմամբ, եթե ամիսներ առաջ հայ-թուրքական գործընթացի մեկնարկը շատերի, այդ թվում միջազգային հանրության մոտ հույս էր արթնացրել, որ այն կհանգեցնի ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա այսօր ակնհայտ է, որ թե մեկը, թե մյուսը մտել են փակուղի:
Ընդհանուր մթոնոլորտը տարածաշրջանում ավելի է վատացել և պարոն Օսկանյանի գնահատմամբ, վատ հաշվարկված այս գործընթացը հանգեցրել է այնպիսի զարգացումների, որոնք կարող են վտանգել տարածաշրջանի փխրուն կայունությունը:
Քննարկմանը ներկա փորձագետները Ֆրանսիայից, ու նաև տարածաշրջանի երկրներից հետաքրքրվում էին, թե արդյոք հնարավոր է իրավիճակը շտկել: Պարոն Օսկանյանն ի պատասխան խոսեց թե հայ-թուրքական հարաբերությունների, թե ղարաբաղյան հակամարտության շուրջ շեշտադրումների կտրուկ փոփոխության անհրաժեշտության մասին, և առաջին հերթին այդ երկու գործընթացները միմյանցից հստակ տարանջատելու հրամայականի մասին: