Դիտել |
ՀՅԴ Բյուրոյի անդամ և Ազգային ժողովում կուսակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանում 2012 թ. գարնանը, ապա 2013 թ. ձմռանը կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ելքը վճռված չէ: Չնայած իշխանական կոալիցիան ի դեմս Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր կուսակցությունների այս տարվա փետրվարի կեսերին ստորագրել է կոալիցիոն նոր հուշագիր, դա դեռ բավարար չէ. դաշնակացական գործչի կարծիքով՝ ընտրությունների ելքը պետք է որոշվի ժողովրդի քվեարկության արդյունքներով:
Սիվիլիթաս հիմնադրամի «Հարյուր հարց ու պատասխան» խորագիրը կրող նոր քննարկումների երկրորդ հյուրը ներկաների հարցերին պատասխանելու ընթացքում չբացառեց ՀՅԴ-ի համագործակցությունը ընդդիմության, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ, սակայն առաջ քաշեց մեկ հիմնական վերապահում. «Միավորում հանուն ինչի՞: Որպեսզի մեկ առանձին քաղաքական ուժ գա իշխանությա՞ն, թե համագործակցություն երկրի կառավարման կարգը վերափոխելու համար»:
«Ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ չի կարող համագործակցել առաջնորդի շուրջ, այդ առաջնորդի անուն ազգանվան շուրջ: Համագործակցել ծրագրի, կոնկրետ անելիքի, արդար ընտրության շուրջ, խնդրեմ»,- ավելացրեց նա:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ի համար անընդունելի է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գործելաոճը, երբ, ըստ էության, վերջիններս առաջարկում են միավորվել առաջին նախագահի շուրջ: «Մենք կորոշենք, թե քաղաքական որ ուժի հետ համագործակցել»,- ասաց նա, ավելացնելով, որ ՀԱԿ-ը գործող իշխանությունների հետ ավելի շատ ընդհանրություններ ունի, մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և ԼՂ հարցերում, քան ՀՅԴ-ի, «Ժառանգության» կամ «Նոր ժամանակների» հետ:
Գալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ի՝ կոալիցիային միանալու հավանականության հարցին ի պատասխան Հովհաննիսյանը նման զարգացումը չբացառեց, սակայն շեշտեց, որ դա կլինի միայն այն դեպքում, երբ Դաշնակցությունը խորհրդարանում պատշաճ տեղ կունենա և «կկարողանա բանալու դեր խաղալ»:
Հովհաննիսյանը անընդունելի և «շատ լուրջ խնդիր» որակեց Հայաստանի՝ օր-օրի խորացող կախվածությունը Ռուսաստանից:
Դաշնակցական գործիչը հայտարարեց, որ, ըստ էության, այսօր Հայաստանն ունի երեք վարչապետ. Տիգրան Սարգսյանը, ով ի պաշտոնե կառավարության ղեկավարն է, բայց, Հովհաննիսյանի խոսքերով, չպետք է անուշադրության մատնել Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների առաջնորդներին, որոնք վարչապետի գործառույթներ են իրականացնում իրենց կուսակից նախարարների վրա ճնշումներ գործադրելու միջոցով:
ՀՅԴ Բյուրոյի անդամին դահլիճից հղված կամ էլեկտրոնային փոստով ուղարկված տասնյակ հարցերը վերաբերում էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տնտեսության բացթողումներին, անմիջական հարևաններին, արտաքին հարաբերություններին, հանքարդյունաբերությանը և այլ ոլորտների: