Դիտել |
Սիվիլիթաս հիմնադրամը դեկտեմբերի 29-ին Երևանի Գոլդն Թյուլիփ հյուրանոցում անցկացրեց իր հերթական տարեվերջյան քննարկումը և ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը։
Քննարկումը, որին մասնակցում էին ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, վարում էր Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։
Քննարկված հարցերից էին անկախության 20 տարիները և բաց թողնված հնարավորությունները երկրում և տարածաշրջանում, տնտեսության և ժողովրդավարության առումներով, և մասնավորապես վստահելի ու արդար ընտրություններ ունենալու անկարողությունը։
Անդրանիկ Թևանյանը կարևորեց 20 տարիների ամենաակնառու նվաճումը՝ ղարաբաղյան հաղթանակը։ Այդուհանդերձ նա նշեց, որ ինչպես այլ հարցերում, մենք չենք կարողացել իրապես տեր լինել այդ հաղթանակին։
Հրանուշ Խառատյանի կարծիքով հայերն իրենց երկրում իրենց տեր չեն զգում։ Հայաստանի քաղաքացիներին թույլ չի տրվել պաշտպանել իրենց սեփականության իրավունքը, տեր լինել երկրի հարստությանը, ունենալ իրենց ուզած օրենքներն ու օրենք գրողներին։
Լիլիթ Գալստյանը գտավ, որ խոսել 2011-ի հաջողությունների մասին կլինի դոնկիխոտություն, քանի որ այն կորցրած հնարավորությունների տարի էր, երբ մասնավորապես խորացան երկրի ղեկավարության ձախողումները։ Հայաստանցիներն իրենց լիովին օտարված են զգում կառավարման համակարգի արժեքներից։
Անդրանիկ Թևանյանի կարծիքով չի կարող լինել ժողովրդավարական զարգացում առանց տնտեսական հիմքի։ Այսօր Հայաստանում կառավարող համակարգը ոչնչացնում է ինքն իրեն, ճաքեր է տվել, մասնատված է, և հաջորդ խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ կառավարող բուրգը միասնական չի լինելու։ Միայն տնտեսական ժողովրադավարության հասնելուց հետո մենք կկարողանանք ունենալ քաղաքական ժողովրդավարություն։