Դիտել |
Այս սեպտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամը կյանքի է կոչելու ևս երեք նոր նախաձեռնություն՝ հեռուստատեսային հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև՝ հանրային հարցումների անցկացում: Համացանցով հեռարձակումը նպատակ ունի լրացնել հետազոտության վրա հիմնված վերլուծության բացը, որ այսօր կա հայկական լրատվական դաշտում: Երկլեզու՝ հայերենով ու անգլերենով հեռարձակվող ՍիվիլՆեթը ամենօրյա ռեժիմով լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև՝ միջազգային իրադարձությունները:
Օտարերկրյա փորձագետների ու տեղական ծանոթ դեմքերի մասնակցությամբ լուրերի թողարկումները հնարավոր կլինի դիտել ինչպես օն-լայն, այնպես էլ՝ հարմար ժամանակ:
Օրաթերթը անդրադառնալու է Հայաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, օրվա լուրերին, ինչպես նաև կարևոր տեղ է հատկացնելու կարծիքին ու վերլուծությանը: Օրաթերթում տեղ կգտնեն տեղացի և օտարերկրյա լրագրողների հրապարակումները: Ավելի շատ անդրադարձ է լինելու տնտեսությանն ու գործարարությանը և քաղաքականությանը, բայց չեն անտեսվելու սոցիալական հարցերը, մշակույթն ու սպորտը, նաև՝ երգիծանքը:
Հանրային հարցումներ անցկացնելով՝ Սիվիլիթաս հիմնադրամը նպատակ ունի հանրային քննարկումներում նոր տարրեր մտցնել՝ հարստացնելով և կատարելագործելով բովանդակությունը: Հարցումները կանցկացվեն գիտական հիմունքներով, հետևաբար՝ դրանք երևան կհանեն Հայաստանի հանրության կարծիքներն ու դիրքորոշումները: