Դեկտեմբերի 28-ին Սիվիլիթաս հիմնադրամը Երևանում ներկայացրեց «Հայաստան 2009. խոստում և իրականություն» տարեկան զեկույցը: Նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել, Սիվիլիթասը, ինչպես և ողջ տարվա ընթացքում տարբեր առիթներով, այս անգամ էլ կազմակերպեց քննարկում արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ, որին, գլխավոր բանախոսներից բացի, մասնակցեցին նաև դահլիճում ներկաները: Մեր երևանյան քննարկումներին սակայն հազվադեպ են մասնակցելու առիթ ունենում մարզերի բնակիչները: Ընդ որում խոսքն այս դեպքում ոչ միայն Սիվիլիթասի քննարկումների մասին է: Հայաստանի բոլոր խնդիրներն այս կամ այն ֆորմատով քննարկվում են հիմնականում Երևանում, երևանցիների մասնակցությամբ: Երևանն իհարկե ներառում է Հայաստանի բնակչության մեկ երրորդը, բայց Հայաստանի մյուս քաղաքների բնակիչները, այնտեղ գործող հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, կուսակցությունները նույնպես ասելիք ունեն Հայաստանի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:
Այս շաբաթ Գյումրիի և Վանաձորի բնակիչները նման առիթ ունեն: Փետրվարի 11- ին Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացնում է իր տարեկան զեկույցը Գյումրիում: Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, տարածաշրջանային և տնտեսական հարցերի շուրջ տեղի կունենա քննարկում: Բանախոսներն են Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Գալա հեռուստաընկերության մեկնաբան Դերենիկ Մալխասյանը և «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը:
Վանաձորում զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 12-ին: Քննարկմանը կմասնակցեն Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը, Ֆուլեր տնաշինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթևիկ Այվազյանը:
Գյումրիում և Վանաձորում քննարկումները կվարի Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը: Քննարկումներին կմասնակցեն նաև Գյումրիի և Վանաձորի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական և ոչ քաղաքական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, պարզապես ակտիվ ու շահագրգիռ գյումրեցիներ և վանաձորցիներ: