Սեպտեմբերի 4-ին Սիվիլիթասը Բեռլինում ազդարարելու է մի նոր ծրագրի մեկնարկը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել հայ-թուրքական հարաբերությունների միջանձնային կողմին: «Սարն ի վեր» ծրագիրը ճամփորդական նախաձեռնությունների շարք է, երբ հայ և թուրք նշանավոր մարդիկ խոսում են Ցեղասպանությանն առնչվող պատմական և քաղաքական բարդ խնդիրների մասին, որոնց իրենք առերեսվել են իրենց «անձնական ճամփորդությունների» ժամանակ, ներկայացնում են առաջ շարժվելու իրենց սեփական տեսակետները: Այս ծրագիրը Թուրքիայում, Հայաստանում, ինչպես նաև եվրոպական մայրաքաղաքներում իրականացվելու է տարբեր հասարակական հարթակներում՝ դպրոցներում, համալսարաններում, ռադիոկայաններում, թատրոններում ու թանգարաններում: Ծրագրի հիմնական նպատակն է կանոնավոր և հաստատուն քայլերի միջոցով փոխել միմյանց մասին ներկայիս թերտեղեկացվածության և թյուրըմբնռման մթնոլորտը:
Նշանավոր մարդկանց առաջին զույգը Արսինե Խանջյանն ու Ֆեթհիյե Չեթինն են:
Ֆեթհիյե Չեթինը փաստաբան է, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ և գրող: Նա մասնակցում էր Հրանտ Դինքի պաշտպանությանը մինչև վերջինիս սպանությունը: Նա շարունակում է ներկայացնել Դինքի ընտանիքի շահերը: Չեթինը նաև մահացող իր տատիկի հայկական արմատները բացահայտելու մասին «Մեծ մայրս» գրքի հեղինակն է: Նա նաև «Թոռները» գրքի համահեղինակն է, որտեղ պատմում է մյուս թոռների մասին, որոնք բացահայտել են իրենց հայկական արմատները:
Արսինե Խանջյանը դերսանաուհի է, ծնվել է Լիբանանում, ներկայում Կանադայի քաղաքացի է: Նա խաղում է և՛ կինոյում, և՛ թատրոնում, որն իր և իր ամուսնու՝ Ատոմ Էգոյանի աշխատանքների միջոցով լռելյայն մարմնավորում է Հայոց ցեղասպանության իրողությունը:
Այս ծրագրի առաջին միջոցառումը տեղի կունենա Բեռլինում, սեպտեմբերի 4-ին, Նաուման հիմնադրամում: Երկրորդ միջոցառումը կկայանա Ստամբուլում, իսկ երրորդը Երևանում՝ սեպտեմբերի 13-ին: Միջոցառումները կհեռարձակվեն ուղիղ եթերով, իսկ դրանց տեսագրությունը կտեղադրվի եռալեզու կայքում, որպեսզի ավելի շատ թվով մարդիկ դիտեն այն և որպեսզի Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ երկու ժողովուրդների միջև ավելի շատ փոխըմբռնում լինի:
Այս հարթակը մարդկանց՝ աշխարհի ամենատարբեր վայրերից, հնարավորություն կտա անձնապես քննարկելու դեռևս մութ և դեռևս թաքցվող պատմության բարդ խնդիրները:
Սիվիլիթասը համագործակցում է Անադոլու Կուլտուր կազմակերպության հետ: Ծրագրին աջակցում է ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամը: