«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ելույթ է ունեցել Բեյրութում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
Բեյրութի ամերիկյան համալսարանի «Հայկական ժառանգություն» ակումբի հրավերով Լիբանանի մայրաքաղաքում ունեցած ելույթը վերանգրված էր «Ապրիլի 24, 2015»: Սալբի Ղազարյանը ԲԱՀ-ում և Հայկազյան համալսարանում հայ և օտար լսարանի առաջ խոսեց Մեծ Եղեռնից 100 տարի անց Ցեղասպանության ճանաչման հիմնահարցը ներկայացնելու ուղիների վերանայման անհրաժեշտության մասին:
Տիկին Ղազարյանը, ով ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է ու նաև երկար տարիներ զբաղվել է ցեղասպանությունից փրկվածների պատմությունները ձայնագրելով և հավաքելով, նշեց, որ Թուրքիան բաց է թողել Օսմանյան Կայսրության հանցանքները ճանաչելու երկու հնարավորություն. առաջինը, երբ ծնվեց Թուրքիայի Հանրապետությունը 20-րդ դարի սկզբին, և երկրորդը, երբ ծնվեց Հայաստանի Հանրապետությունը անցյալ դարավերջին:
Նա խոսեց այն մասին, որ քանի որ Թուրքիային չի հաջողվել շտկել հարաբերությունները, ուրեմն հայերը պետք է աշխատեն նոր և առավել արդյունավետ ուղիներով:
Նա շեշտեց, որ նախ և առաջ հայերը պետք տարբերակեն անձնական ողբերգությունը և քաղաքական ոճիրը: 1915-ի իրադարձությունները ավելին են, քան տառապանքի և կորուստի մասին պատմությունները: Այլոց համար հեշտ է անտեսել մեր անձնական տառապանքը, այդ պատճառով մենք պետք է պնդենք, որ քաղաքական ոճիրն է, որ պետք է ճանաչվի և դրա հետ պետք է հաշվի նստել:
Երկրորդ` չնայած ճիշտ է, որ աշխարհում և հատկապես Թուրքիայում շատերը չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել և տեղեկացնելուն ուղղված ջանքերը պետք է շարունակվեն, բայց մենք պետք է ընդունենք, որ ինֆորմացիայի պակասը չէ պատճառը, որ աշխարհի շատ կառավարություններ չեն ճանաչել 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն: Դա ցեղասպանություն կոչելը պահանջում է մի գործընթաց, որին նրանք պատրաստ չեն: Ի վերջո Ռուանդայի իրադարձությունները թարմ են բոլորի մտքում, երբ հզոր երկրների կառավարությունները հրաժարվեցին գործել:
Երրորդ` Հայաստանը պետք է նկատի, որ Թուրքիայի ներսում ջանքեր են գործադրվում հասարակության կողմից` ցեղասպանության խնդրի վերաբերյալ ավելի տեղեկացված լինելու ուղղությամբ: Նման գործունեություն ծավալող անհատները` Ստամբուլի քաղաքական և ինտելեկտուալ շրջանակներում, դա անում են ոչ թե հանուն հայերի, այլ սեփական երկրի և հասարակության ներսում ավելի մեծ ժողովրդավարացման և ազատականացման համար, քանի որ դա կարևոր է երկրի կայունության և զարգացման համար:
Եվ վերջապես տիկին Ղազարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առանց Հայաստանի և սփյուռքի կառույցների ժողովրդավարացման 21-րդ դարում հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը պակաս արդյունավետ կլինեն: Սփյուռքի կառույցները պետք է ավելի ժողովրդավար դառնան, որպեսզի այն ակտիվ և կարող անհատները, ովքեր չեն ուզում անդամակցել ավտորիտար հաստատություններին, ստիպված չլինեն լքել սփյուռքի կառույցները: Բայց ամենից կարևորը Հայաստանի ժողովրդավարացումն է: Հայաստանը պետք է դառնա ազատական, ժողովրդավարական, ներգրավող եվրոպական պետություն, ինչը մեծապես կնպաստի բարոյական և իրավական արդարության հարցերում մեր պայքարին: Նա ընդգծեց, որ միայն նման պետությունը կարող է ներգրավել սփյուռքի այն հատվածները, որոնք պատրաստակամ են մասնակցելու Հայաստանի զարգացմանը: Միևնույն ժամանակ, միայն այն դեպքում, եթե սփյուռքը ստանձնի նաև այդ ամենից բխող պատասխանատվությունը, Հայաստանը կդառնա մեր երազանքների երկիրը:
2015 թվականի ապրիլի 24-ի նախաշեմին հայ ժողովուրդը պետք է նոր օրակարգ ունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի արդյունավետության բարձրացման համար: Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի միջազգային կազմակերպություններում իր ձայնը, իսկ սփյուռքը պետք է ի գործ դնի իր կապերն ու բոլոր հնարավորությունները: Միայն այս համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել արդարության:
Տիկին Ղազարյանը նաև այցելել է Համազգայինի Արսլանյան ճեմարան, ինչպես նաև Հռիփսիմեանց քույրերի վարժարան: