Դիտել

12Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հավաստիացնում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում պատրաստ է այնքան առաջ գնալ, որքան թույլ է տալիս օրենքը: «Այնքան եմ պատրաստ առաջ, որքան հայ գիտակից հասարակությունը պատրաստ կլինի օգնել ինձ»,- ասաց Անդրեասյանը Սիվիլիթաս հիմնադրամի «Հարյուր հարց, հարյուր պատասխան» հանրային քննարկման ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունեց, որ Հայաստանի մասին հրապարակվող միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում տեղ գտնող գնահատականները որպես երևույթ այս կամ այն չափով Հայաստանում գոյություն ունեն: «Մենք լրջորեն ուսումնասիրում ենք այդ զեկույցները և խորհուրդ ենք տալիս Հայաստանի պատկան այլ մարմինների ևս ուշադրություն դարձնել, եթե անգամ այդ զեկույցներում լինեն չափազանցություններ»,- ասաց Անդրեասյանը:

Ինչպես Հայաստանի երկու նախկին մարդու իրավունքների պաշտպանների տարեկան զեկույցները, այնպես էլ իր մի քանի ամիսների աշխատանքի փորձառությունը վկայակոչելով, պաշտպանը նշեց առաջին երեք տեղը զբաղեցնող այն գերատեսչությունները, որոնցից քաղաքացիներն ամենից շատ են բողոքում։ «Ամենից շատ մեր քաղաքացիները բողոքում են դատարաններից, որոնք պետք է պաշտպանեն մարդու իրավունքները, քաղաքապետարանից և ոստիկանությունից»:

Անդրեասյանը շեշտեց, որ յուրաքանչյուր քայլ, որի արդյունքում թեթևանում է մարդկանց կյանքը, միայն  ողջունելի է: «Այդ իմաստով, դրական եմ համարում Հայաստանի նախագահի համաներման առաջարկը»,- ասաց պաշտպանը, հույս հայտնելով, որ մարտի մեկի ողբերգական հետևանքներով բանտարկված քաղաքացիները առաջիկա օրերին կհայտնվեն ազատության մեջ:

Պաշտպանը կրկնեց ավելի վաղ իր արած և մամուլում քննադատության առիթ տված այն հայտարարությունը, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ինչ-որ իմաստով ծառայություն է, «ծառայություն է մեր այն քաղաքացիներին, ովքեր դժգոհ են Հայաստանի այլ հաստատությունների գործունեությունից»։

Անդրեասյանը նշեց, որ չի վախենում քաղաքական պիտակներից, եթե վախենար, մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը չէր ստանձնի:

Պատրաստ եմ այնքան առաջ գնալ, որքան թույլ է տալիս օրենքը