Սիվիլիթաս հիմնադրամը Քաունթերփարթ Ինթերնեշնլի հետ համատեղ կազմակերպել էր «Մշակույթի քաղաքականությունը» թեմայով քննարկում, որի հյուրերն էին հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանը, աշխարհահռչակ ռեժիսոր, Սիվիլիթասի պատվո խորհրդի անդամ Ատոմ Էգոյանը, լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանը և դիզայներ Արմեն Քյուրքչյանը:
Քննարկման առաջին մասում Քունթերփարթ Ինթերնեշնլի փոխնախագահ, հայաստանյան ծրագրերի ղեկավար Ալեքս Սարդարը Արսինե Խանջյանի հետ զրուցեց մշակույթի, և այլ բնագավառներում հանդուրժողականության, բազմակարծության կանանց դերի, մամուլի ազատության և այլ խնդիրների շուրջ:
Պատասխանելով Ալեքս Սարդարի հարցին, թե արդյոք արվեստը պետք է ֆինանսավորվի պետության, իշխանության կողմից, և արդյոք այդ դեպքում արվեստագետը պետք է ներգրավվի քաղաքականության մեջ, ինչպես օրինակ Հայաստանում է, երբ արվեստի ներկայացուցիչները նախընտրական շրջանում ակտիվորեն քարոզում են իշխանության թեկնածուին կամ իշխանության կուսակցությանը, Արսինե Խանջյանը պատասխանեց.
“Ժողովրդավարական երկրներում կան բազմաթիվ օրինակներ, երբ իշխանությունը աջակցում է արվեստին, և դա անպայման չէ, որ բացասական է”: Ըստ Արսինե Խանջյանի, հենց իրական արվեստագետներն են, որ ներկայացնում են հասարակության ձայնը: Որոշ արվեստագետներ կարող են ունենալ իրենց քաղաքական հայացքները և ինքնակամ, սկզբունքներից ելնելով աջակցել այս կամ այն քաղաքական ուժին, բայց, երբ արվեստագետները պարտադրված են աջակցել իշխանությանը, ինչպես շատ երկրներում է արվում ու թերևս նաև` Հայաստանում, դա, Արսինե Խանջյանի համոզմամբ, լուրջ խնդիր է:
Ալեքս Սարդարն անդրադարձավ հանրային կարծիքի ձևավորման, ինչպես նաև այդ կարծիքի համակարգված արտահայտման խնդրին: Արդյոք հասարակության բոլոր շերտերն են կարողանում ներկայացնել, տեղ հասցնել իրենց կարծիքը: Արսինե Խանջյանի համոզմամբ, “Հայաստանի նման երիտասարդ երկրում կարևոր է, որ հասարակության բոլոր շերտերի ձայները լսելի լինեն”: Այստեղ լուրջ անելիք ունի քաղաքացիական հասարակությունը, որը պետք է կարողանա ձևավորել և տեղ հասցնել այդ ձայնը, տեսակետը:
Այս առիթով անդրադարձ եղավ հեռուստատեսության որակին, ինչի կապակցությամբ Արսինե Խանջյանը խոսեց այն մասին, որ եթե իշխանությունները հանդուրժում են հեռուստատեսությամբ էժանագին, բռնություններով լի ցածրորակ սերիալների ցուցադրումը, լուրջ խնդիրների շուրջ ազատ քննարկումների փոխարեն, այստեղ առաջ է գալիս խոսքի ազատության խնդիրը: Արսինե Խանջյանի տպավորությամբ Հայաստանում հեռուստատեսությունը բոլորովին չի կատարում կարծիք ձևավորողի, տեղեկություններ մատուցողի դերը, և այս իրավիճակը կարող է փոխվել միայն, եթե հասարակությունն ինքն ավելի հստակ ու խիստ պահանջներ դնի հեռուստատեսության առաջ:
Քննարկման երկրորդ մասում ներկայացվեց Հրայր Բազէ Խաչերեանի և Արմեն Քյուրքչյանի “Հայկական զարդարվեստ” գիրքը, որը հայկական մանրանկարչության, ճարտարապետության նմուշների լուսանկարների և գրաֆիկական պատկերների հավաքածու է: Քննարկումը վարում էր Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը, որն իր խոսքը սկսեց արվեստում ռիսկի դիմելու անհրաժեշտության մասին հարցից, ասելով, որ այսօրվա քննարկման բոլոր հյուրերը տարբեր դրսևորումներով ռիսկի են դիմել իրենց աշխատանքի ընթացքում: Հարցն ուղղելով Ատոմ Էգոյանին, Սալբի Ղազարյանը հարցրեց, արդյոք Էգոյանը դադարել է ռիսկի դիմել:
“Կարծում եմ, որ եթե արվեստագետը դադարում է ռիսկի դիմել, նա որոշ առումով դադարում է գոյություն ունենալուց”, ասաց Ատոմ Էգոյանը: “Արվեստագետը միշտ պետք է ռիսկի գնա, իր առաջ նշաձող դնի և միշտ վախ ունենա, որ այդ նշաձողին չի հասնի”:
Անդրադառնալով Հրայր Բազէ Խաչերեանի գործին` Ատոմ Էգոյանն ասաց, որ Հրայրի հետ երկար տարիների ընկերներ լինելով և լավ իմանալով, որ իրեն թույլ չեն տա այցելել Թուրքիա` Ախթամարի եկեղեցին նկարելու համար, Հրայրին խնդրել էր, որ “Արարատ” ֆիլմի համար անի այդ նկարահանումները:
“Սա ռիսկի գնալու վառ օրինակ է, Հրայրի գործունեությունը լի է նման ռիսկերով: Հիմա էլ այս հիասքանչ գիրքն է պատրաստել, որ բեկումնային նյութ է մեր մշակույթի համար”, ասաց Ատոմ Էգոյանը:
Գրքի համահեղինակ, գրաֆիկական պատկերների հեղինակ Արմեն Քյուրքչյանը խոսեց այն մասին, որ այս գիրքը պարզապես զարդանախշերի հավաքածու չէ, այն ցուցադրում է հայ ժողովրդի մշակույթի բազմազանությունը, և, այս զարդանախշերն ապացույցն են այն բանի, որ հայ ժողովուրդը թե’ արևելյան, թե’ արևմտյան մշակույթի կրողն է:
Հրայր Բազէ Խաչերեանի խոսքով, հայկական զարդանախշերի գրաֆիկական դիզայնի գրքի գաղափարն ի սկզբանէ Արմեն Քյուրքչյանինն էր, որը իր գրաֆիկական աշխատանքների համար փնտրում էր հայկական եկեղեցիների զարդապատկերների, մանրանկարչության լուսանկարներ: Ի վերջո, տարիների համագործակցությունից հետո ի հայտ եկավ այս` ոչ միայն գրաֆիկական աշխատանքների, այլև լուսանկարների գիրքը:
“Արմենի շնորհիվ ես սկսեցի նկատել մանրամասները, և սկսեցի այդ տեսանկյունից հավաքել նոր լուսանկարներ”, ասաց Հրայր Բազէն:
Կանադահայ լուսանկարիչը բազմիցս հատել է հայ-թուրքական սահմանը հայկական եկեղեցիների զարդաքանդակների բացառիկ նմուշները լուսանկարելու համար: Եղել են դեպքեր, երբ շատ վտանգավոր դիրքերում, հայ-ադրբեջանական սահմանին է աշխատել ադրբեջանցի դիպուկահարների նշանակետի ներքո:
Ամփոփելով, Ատոմ Էգոյանը խոսեց այն մասին, որ “Հայկական զարդարվեստ” գիրքը մանրուքների շտեմարան է և ապացույցն է այն բանի, թե ինչպես է հայ մարդը, արվեստագետը կատարելության հասել մանրամասների մեջ, ինչպես է անմնացորդ նվիրվել իր գործին, ոգեղենին և ինչպես է կարևորել այդ ամենի մեջ մանր ու հետևողական աշխատանքը:
Քննարկման ավարտին դահլիճում ներկաները, որոնց համար ինչպես միշտ Սիվիլիթասի բոլոր միջոցառումների ժամանակ մուտքն ազատ էր, հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու քննարկման մասնակցիներին: