2008-ի այդ օրը եթերազրկումից փրկվեց ԳԱԼԱ հեռուստաընկերությունը
2008թ. մարտի 25-ին հազարավոր հայեր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում թիկունք կանգնեցին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը և աննախադեպ բարոյական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերելով, կարողացան մարզային այդ լրատվամիջոցին փրկել փակման վերահաս վտանգից: Իշխանությունների մի քանի թևեր եւ գերատեսչություններ ԳԱԼԱ-ն փակելու նպատակով նրան տուգանեցին մոտ 27 միլիոն դրամով: Այն պահից, երբ ԳԱԼԱ-ն սկսեց լուսաբանել ընդդիմության միջոցառումները, հարկային մարմինները սկսեցին ստուգումներ կատարել: Արդյունքում` ԳԱԼԱ-ն տուգանեցին մարզային հեռուստաընկերության համար ֆանտաստիկ գումարով:
Քանի որ ԳԱԼԱ-ի ամբողջ գույքի արժեքը չէր կազմում 27 միլիոն դրամ, Գյումրիի լրագրողների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի մոտ առաջ եկավ դրամահավաքի գաղափարը, այսինքն` որպեսզի ԳԱԼԱ-ն կարողանա վճարել 27 միլիոնը եւ մնալ եթերում, մարտի 19-ից մոտ մեկ շաբաթով կազմակերպվեց հեռուստամարաթոն: Իշխանությունների պահանջված գումարը հավաքվեց, և ԳԱԼԱ-ն մնաց եթերում:
“ԳԱԼԱ-ի վրա գրոհում էին այն պատճառով, որ հեռուստաընկերությունը ձգտում էր բազմակարծություն ապահովել”,- մարտի 25-ին “Ասպարեզ”-ում հավաքվածներին ասաց Լևոն Բարսեղյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ԳԱԼԱ-ն փրկելու հարցում հատկապես կարևորեց Բարսեղյանի ջանքերը: “Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել խոսքի ազատության համար”,- ասաց Մելիքյանը:
Երևանի մամուլի ակումբի վարչության անդամ Վիգեն Սարգսյանը զարմանահրաշ համարեց այն փաստը, որ մարդիկ, ովքեր երբեմն չեն կարողանում ջրի ու լույսի համար վճարել, երկու տարի առաջ այս օրը դուրս եկան և վճարեցին, որպեսզի ԳԱԼԱ-ն մնա եթերում:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքերով` “Այս տոնը պիտի նշել հենց Գյումրիում: Մենք Երևանում, ցավոք, 2002-ին չկարողացանք փրկել Ա1 պլյուս հեռուստաընկերությունը, բայց գյումրեցիները կարողացան փրկել ԳԱԼԱ-ն”:
Մեկ այլ իրավապաշտպան` Արթուր Սաքունցը, կարևորելով ԳԱԼԱ-ին եթերում պահելու լավ օրինակը, ընդգծեց, որ “այս տոնը պաշտպանելու խնդիր դեռ ունենք”:
“Շիրակ” կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը ԳԱԼԱ-ի օրինակը բերելով ասաց, որ ժողովրդավարությունը պետք է հաստատվի հենց ներքևից:
Հայ առքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականներից Տեր Վարուժան քահանան ներկաներին հիշեցրեց, որ ազատությունը նախ և առաջ քրիստոնեական արժեք է: “Ազատության համար գին են վճարել բոլոր ժամանակներում”,- ասաց Տեր Վարուժանը:
Խոսքի ազատության օրը, որն արդեն երկրորդ անգամ է նշվում Գյումրիում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մի քանի լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների պարգեւատրեց հատուկ հուշանվերներով:
Լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը պարգևատրվեց “Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր” գրքի, www.hetq.am կայքէջը` մարզային կյանքի հետևողական լուսաբանման , Ոսկան Սարգսյանը` Նոյեմբերյանի “Քամուտ” հեռուստաընկերությունում լրագրողական աշխատանքի, լուսանկարիչ Գագիկ Շամշյանը` հրատապ, բացահայտող լուսանկարչության, Արմենուհի Վարդանյանը` ԳԱԼԱ- ում հասարակական և քաղաքական կյանքի լուսաբանման, www.7or.am կայքէջը` քաղաքական ծաղրանկարների շարքի, www.lragir.am կայքէջը`հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածների շարքերի համար: