Սիվիլիթաս հիմնադրամը հունվարի 22-ին կազմակերպեց իր հերթական հանրային քննարկումը, որի առիթը լրագրող, հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի թուրքերեն հրատարակությունն էր: Հաշվի առնելով, որ Ստամբուլի «Բելգե» հրատարակչությունը շահագրգռված է գիրքը վերահրատարակել Թուրքիայում, Սիվիլիթասը հարմար նկատեց Երևան հրավիրել «Բելգե»-ի հիմնադիր, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուին և կազմակերպել «Թուրքական տեսակետը Ղարաբաղյան հակամարտության շուրջ» հանրային քննարկում՝ բանախոսներ ունենալով Զարաքօլուին և Հակոբյանին:
Զարաքօլուն նկատեց, որ Թուրքիայի հանրության լայն շրջանակներն իրականում տեղեկացված չեն Հայաստանից, առավել ևս՝ ղարաբաղյան հիմնախնդրից, հետևաբար՝ Լեռնային Ղարաբաղի պատմության, պատերազմի ու բանակցային գործընթացի մասին Հակոբյանի համապարփակ աշխատությունը կլրացնի այդ բացը: «Լեռնային Ղարաբաղի հետ կապված տեղեկությունները հիմնականում տարածում են թուրք ազգայնական շրջանակները, որոնք ակնհայտորեն սատարում են Ադրբեջանին, սակայն թուրք հասարակությունը հիմնականում անտեղյակ է այս հակամարտությանը»,- ընդգծեց Զարաքօլուն:
Նա նաև քննադատեց Թուրքիայի հաջորդական կառավարություններին, ասելով, որ ղարաբաղյան հարցում միակողմանիորեն Ադրբեջանին պաշտպանելով՝ Անկարան ավելի է դժվարացնում այդ հակամարտության կարգավորման հեռանկարը: Ցյուրիխում 2009-ին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունների վավերացումը ձախողելու մեջ Զարաքօլուն մեղադրեց թուրքական իշխանություններին՝ նկատելով, որ նման փաստաթղթեր ստորագրելով՝ Հայաստանը արդեն իսկ բավարար զիջումների է գնացել:
Թաթուլ Հակոբյանն ասաց, որ 1918-1920 թթ. քեմալականները կարևոր դերակատարություն են ունեցել Ադրբեջանի հիմնադրման և ղեկավարման գործում, հետևաբար՝ «Ադրբեջանը Թուրքիայի համար խորթ պետություն չէ»: Թուրքիան, թեև հենց ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ է պատճառաբանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու և հարևանի սահմանը փակ պահելու իր կեցվածքը, սակայն, ինչպես պնդեց Հակոբյանը, Թուրքիայի համար առաջնային են երկու այլ նախապայմաններ, որ նա ներկայացնում է 1991-ից՝ Երևանի կողմից ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչում և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում:
Սիվիլիթասը շարունակելու է հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան կարգավորման գործընթացը պահել ուշադրության կենտրոնում՝ հանրային նման քննարկումներ կազմակերպելով Երևանում, Ստամբուլում, Ստեփանակերտում և եվրոպական կարևոր մայրաքաղաքներում: