Լուսանկարիչ Աթիլլա Դուրակի և թուրքական Գյումուշհանե քաղաքի չարաճճի մյուս երեխաների համար, ինչպես ինքն է հիշում, ամենաշատ խանդավառություն առաջացնող խաղը ճակատագրի քմահաճույքին թողնված և քանդված եկեղեցիները «քարկոծելն» էր: «Նման մի եկեղեցու վերջին գունավոր ապակուն՝ նշանակետին, քարով հարվածող ձեռքը եղավ իմը: Ես այդ ժամանակ ինը տարեկան էի», իր իսկ գիրք-ալբոմի («Էբրու. արտացոլումներ մշակութային բազմազանության մասին») առաջաբանում գրում է Դուրակը:
Այսօր, ինչպես նշում է նրա գործընկերներից մարդաբան Այշե Գյուլ Ալթընայը, Դուրակը զբաղված է ջարդուփշուր եղած ապակու մասերը հավաքելով:
Մոտ վեց տարի շրջագայելով ժամանակակից Թուրքիայի տարբեր անկյուններում՝ Դուրակը լուսանկարել ու ժամանակագրել է թուրքական բազմազան մշակույթը կրող տարբեր ներկայացուցիչների կյանքը, կենցաղը, սովորությունները, դեմքերը: «Միշտ հետաքրքրվել եմ այդ դեմքերի հետևում թաքնված մարդկային պատմություններով», գրում է նա:
Աշխարհի մի շարք երկրների 26 քաղաքներում «շրջագայելուց» հետո Դուրակի 15 հազար լուսանկարներից մի քանի տասնյակը «եկան» Երևան: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացված այդ ցուցահանդեսին կից կայացավ Սիվիլիթաս հիմնադրամի հանրային քննարկումը, որին, Աթիլլա Դուրակից բացի, մասնակցեցին փաստաբան Ֆեթիյե Չեթինը՝ «Մեծ մայրս» հուշագրության հեղինակը, մարդաբան ու մշակութաբան Այշե Գյուլ Ալթընայը և «Թող ձեր սեղանը տոնական լինի» գրքի հեղինակ և Արաս հրատարակչատան աշխատակից Թագուհի Թովմասյանը:
Վերջին երկու տասնամյակներում Թուրքիայում շատ կարծրատիպեր ջախջախվեցին: «Թուրքիայում միայն թուրքեր են ապրում» և ազգայնամոլական մյուս նշանաբանները մի կողմ մղվեցին, և այդ գործում կարևոր դերակատարում ունեցողների շարքում էին այս հյուրերը:
«Վեց տարիների ճամփորդությունների ընթացքում ես Թուրքիայում գտա 44 ազգերի ներկայացուցիչներ և 36 լեզու», քննարկման ընթացքում ասաց Դուրակը:
Ֆեթիյե Չեթինի մեծ մայրը դարձավ նրա ինքնակենսագրական գրքի առանցքային կերպարը: Այն աշխարհ գնալուց առաջ հայ կինը՝ թոռնուհուն պատմում է, որ իրենք հայ են և տասնամյակներ ծպտյալ կյանք են վարել: Քննարկման ժամանակ Չեթինը հիշեց իր երկրի վարչապետ Էրդողանի խոսքերը, ով ասել էր, որ իր նախնիները չէին կարող ցեղասպանություն գործել: Ի պատասխան, լրագրողներից մեկը Էրդողանին խորհուրդ էր տվել կարդալ Չեթինի «Մեծ մայրս» գիրքը:
ԷԲՐՈՒ-ն կարծես Այշե Գյուլ Ալթընայի համար է, ում մայրը Հարավսլավիայի Մոստար քաղաքից է, հայրը՝ Ուրֆայի կողմերից: Ստամբուլի Սաբանջը համալսարանի մարդաբանության և մշակույթի դասախոս Ալթընայը մասնակից է եղել թե՛ Չեթինի, թե՛ Դուրակի ԷԲՐՈՒ գրքի պատրաստմանը:
«ԷԲՐՈՒ-ն փոքրամասնությունների նախագիծ չէ», ասում է նա: «Ամենից առաջ ԷԲՐՈՒ-ն հետապնդում է բոլոր ինքնությունների նկատմամբ հետաքրքրություն արթնացնելու նպատակ»:
Այս գործընթացի բնական շարունակությունը Չեթինի երկրորդ՝ «Թոռները» գիրքն է: Այն պատմում է այն հայերի մասին, ովքեր, ինչպես Չեթինը, միայն այսօր, մահվան աքսորներից երեք սերունդ անց, վերագտնում են իրենց հայկական ինքնությունը:
«ԷԲՐՈԻ-ից մինչև թոռներ» քննարկումը որպես բեմ ծառայեց այն թուրքերի համար, ովքեր ձգտում են հաղթահարել երեկվա պատմությունն ու այսօրվա քաղաքականությունը, ինչպես նաև այն հայերի համար, ովքեր շարունակում են սպասել ճանաչմանը: