Դիտել

vardՓետրվարի 28-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը մեկնարկեց հանրային քննարկումների նոր շարք: Ի հավելում իր պարբերական քննարկումներին, որտեղ մի խումբ անհատներ քննարկում են ազգային օրակարգի հարցեր, այս նոր շարքը հարթակ է տրամադրում ներկայի կամ անցյալի այն ղեկավար անձանց, ովքեր պատրաստ են պատասխանել հանրության հարցերին:

«Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը բացատրեց, որ «100 հարց ու պատասխան» խորագրով շարքը հիմնված է այն սկզբունքի վրա, որ առաջնորդները պետք է հաշվետու լինեն քաղաքացիների առջև, իսկ հանրությունը իրավունք ունի առաջնորդների հետ երկխոսության մեջ մտնել: Առաջնորդները կլինեն քաղաքական, տնտեսական, գործարար, կրթական, մշակութային, առողջապահական կամ այլ ոլորտներից:

Առաջին հյուրը «Սիվիլիթասի» հիմնադիր և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն էր: Միջոցառումը վարեց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր և Ա1+-ի  «P.S.» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանը:

Լսարանն իր հարցերով անդրադարձավ ներկա քաղաքականությանը, ընտրություններին, տարածաշրջանային հարցերի և նույնիսկ Մերձավոր Արևելքի վերջին հեղաշրջումներին:

Միջոցառումն ամբողջությամբ ցուցադրվում էր առցանց: Տեսագրությունը կարելի է դիտել այստեղ: Ստորև գտեք բոլոր հարցերն ու պատասխանները:

Սալբի Ղազարյան: Շնորհակալ ենք, որ դուք այսօր միացել եք մեզ այս նոր ձևաչափում։ «Սիվիլիթաս» հիմնադրամը որոշել է չփոխել իր հերթական ամսական քննարկումները տարբեր թեմաների մասին, այլ դրանց ավելացնել մի նոր ձևաչափ հետևյալ ենթադրությամբ, որ ժողովրդի և առաջնորդների միջև երկխոսոսությունն անհրաժեշտ է՝ մամուլով միջնորդված կամ չմիջնորդված։ Ուզում ենք այս հանդիպումով սկսել մի նոր շարք, որտեղ յուրաքանչյուր ամիս կհրավիրենք առաջնորդներ տարբեր սեկտորներից` քաղաքական, կառավարական, կրթական, և ուզում ենք ձեզ հրավիրել, որ անուններ առաջարկեք, և մենք, ձեր հանձնարարություններով զինված, պիտի դիմենք մեր պետական այրերին, կանանց և մյուս առաջնորդներին, խնդրելով, որ նրանք էլ այստեղ մեր հյուրը լինեն, ձեր հյուրը լինեն և հարց ու պատասխանի մասնակցեն ժողովրդի հետ:

Շնորհակալ ենք, որ Արամ Աբրահամյանը` «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրը, ընդունել է այս շարքի հաղորդավարը լինելու մեր հրավերը և  խնդրում ենք ձեզանից, որ մասնակցեք այն նույն ոգով, որով մենք ձեզ հրավիրել ենք, այսինքն խոսենք իսկական հարցերի մասին, փորձենք ավելի լավ  հասկանալ իրավիճակը, հյուրի կարծիքը: Թերևս բնական է, որ առաջին հյուրն է պրն. Վարդան Օսկանյանը` «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրը։ Համեցեք։

Արամ Աբրահամյան
: Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ես Արամ Աբրահամյանն եմ։ Մի քանի բան ասեմ վարելու կարգի վերաբերյալ։ Ես ունեմ միկրոֆոն, որը ձեզ տալու եմ։ Մի տղա ու մի աղջիկ նույնպես ունեն միկրոֆոն, որը ձեզ տալու են, երբ ուզենաք հարց տալ։ Ես ինձ իրավունք կվերապահեմ ընդհատել ձեզ երկու դեպքում. եթե դա ելույթ է, և ոչ թե հարց։ Նրանք, ովքեր իմ գործընկներներն են, լրագրողներ են, դա գիտեն, բայց մնացածների համար ասեմ. խուսափենք այն հարցերից, որոնք ենթադրում են «այո» կամ «ոչ» պատասխանը, այսինքն` «Դուք չե՞ք կարծում, որ…», որին հետևում է երկար ելույթ, և դրանից հետո հյուրը կարող է պատասխանել «այո» կամ «ոչ»։ Եվ երկրորդ պայմանը. նույն հարցը մի քանի անգամ տարբեր ձևերով, տարբեր վարիացիաներով մի կրկնեք։ Այդ դեպքում նույնպես կընդհատեմ, որպեսզի հետքրքիր լինի բոլորին:
Ես ինքս մի քանի հարց կտամ պրն. Օսկանյանին: Միանգամից սկսեմ։ Պրն. Օսկանյան, Ձեր հրապարակային ելույթներից ամենավերջինը Ձեր հայտարարությունն էր կոալիցիայի հուշագրի վերաբերյալ: Ես կուզեի, որ Դուք մեկնաբանեք, թե ինչու այդ հուշագիրը Ձեզ այդքան դուր չեկավ:

Վարդան Օսկանյան: Առաջին հերթին, կարծում եմ, որ շատ շուտ էր այդ հուշագիրը ստորագրելու համար։ Խորհրդարանական ընտրություններին դեռ մի տարուց ավել կա, իսկ նախագահական ընտրություններին՝ մեկ ու կես տարուց ավել կա: Հիմիկվանից ֆիքսել, թե ով է լինելու երեք կուսակցությունների թեկնածուն, ես կարծում եմ, որ մի քիչ վաղաժամ է։ Երկրորդ` ես հավատում եմ հակակշիռների գաղափարին, կարծում եմ, որ ցանկացած ժողովրդավար համակարգ չի կարող արդյունավետ լինել, եթե այդ համակարգի ներսում, չկան քաղաքական համակարգի հակակշիռներ։ Օրինակ, ես հույս ունեի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող էր դերակատարություն վերցնել իր վրա, եթե իր ինքնուրույնությունը պահպաներ, այդ հակակշիռների մաս լիներ։ Եվ դրանով, ես կարծում եմ, պետությունը կշահեր, երկիրը կշահեր, ժողովուրդը կշահեր։ Ավելի մեծ հավանականություն կունենայինք ավելի արդար ընտրություններ անցկացնելու: Դժբախտաբար, նման որոշում կայացվեց։ Ես հարգում եմ այդ որոշումը, բայց չեմ համաձայնվում։ Դրա համար էլ  քննադատել եմ։ Դեռ շուտ էր։ Դա էր քննադատությանս հիմնական պատճառը։

Արամ Աբրահամյան
: Պրն. Օսկանյան, իսկ Դուք չե՞ք գտնում, որ հակակշիռներ գոյություն ունեն ի դեմս ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության, Ժառանգության,  Տիգրան Կարապետիչի և այլն:

Վարդան Օսկանյան: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եթե հաշվի առնենք վերջին հարցումները և ժողովրդի դրսևորած վերջին վերաբերմունքը, ես կարծում եմ, որ այդ հակակշիռների հնարավորությունը մեծացնելու էր: Ճիշտ ես, Արամ, ես ընդունում եմ, որ ինչ-որ հակակշիռ կա, բայց այդ նույն հակակշիռներով  մենք մասնակցել ենք նախորդ ընտրություններին, և արդյունք չի տվել։ «Բարգավաճի» հանգամանքը հաջորդ ընտրություններին այդ հակակշիռների հնարավորությունները մեծացնելու էր: Այդ իսկ պատճառով, ես ափսոսում եմ, որ մենք այդ առիթը կորցնում ենք։ Իհարկե, ժամանակ դեռ կա։ Այն բացը, որ հուշագրի ստորագրումով ստեղծվեց, կարող է և լրացվել։ Կարող է, այն հատվածը, որ որոշ հույսեր էր կապում «Բարգավաճի» հետ, արդեն գնա մյուսներ կողմը։ Այդ ձևով հակակշիռների հնարավորությունը մի քիչ ավելի կմեծանա:  

Այսօր մեզ անհրաժեշտ է այդ հակակշիռները ստեղծել, գնալ ընտրություների հակակշիռներով և ընտրությունների արդյունքում ունենալ մի քաղաքական իրավիճակ, որ իրոք իր մեջ պարունակում է իսկական հակակշիռ, ոչ թե ձևական: Այսօրվա կոալիցիան ձևական է, որովհետև «Հանրապետական» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունի, մյուսները, որպես կոալիցիայի անդամ, որևէ դերակատարություն չունեն։ Իսկական կոալիցիա կլինի, եթե կուսակցություններից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չբերի։ Այդ ժամանակ մենք կունենանք իսկական կոալիցիա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այդ հնարավորությունը մեծացրել էր։ Հիմա, ես կարծում եմ, նորից նվազել է, բայց նորից եմ կրկնում, ժամանակ կա, զարգացումներ կարող են լինել, երկրի վիճակը այսօր այնպիսին է, որ ես կարծում եմ, որ արդեն ժողովուրդն էլ սկսել է ընտրություններին այլ կերպ նայել, և ես հույս ունեմ, որ հաջորդ ընտրություններին այդ հակակաշիռների գաղափարը մենք ինչ-որ կիրառության մեջ կարող ենք դնել:

Արամ Աբրահամյան: Ես վերջին հարցը տամ և հետո անցնեմ դահլիճին։

Ոմանք պնդում են, որ այսօր իշխանության համար պայքարում են ներկայիս նախագահը, որը ուզում է վերընտրվել, ինչպես նաև երկրորդ նախագահը, որը ուզում է նորից նախագահ դառնալ, և առաջին նախագահը, որը նույնպես ուզում է նորից նախագահ դառնալ: Եթե համաձայն եք այդ պնդման հետ, ապա ինչո՞վ է դա բացատրվում. Լծակներո՞վ, չգիտեմ՝ փողո՞վ, հնարավորություններո՞վ։ Եթե այդպես չէ, ապա Դուք տեսնո՞ւմ եք որևէ այլ լուրջ ուժեր:

Վարդան Օսկանյան
: Պետք է մի փոքր տարբերակում անենք խորհրդարանական ընտրությունների և նախագահական ընտրությունների միջև։ Երբ խոսում էի հակակշիռների մասին, նկատի ունեի խորհրդարանական ընտրությունները։ Նախագահականը բոլորովին այլ է, և ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունները պետք է ինչ-որ տեղ նաև կանխորոշեն նախագահական ընտրությունները: Ցանկացած քաղաքացի մեր սահմանադրությամբ իրավունք ունի թեկնածու լինելու։ Իհարկե, հնարավորությունները այլ հարց են, բայց այդ իրավունքը կա։ Ես հարգում եմ առաջին նախագահի համարձակությունը իր թեկնածությունը դնելու։ Բնական է, այսօրվա գործող նախագահը պիտի ուզենա վերընտրվել։ Հավանաբար կլինեն այլ թեկնածուներ, բայց խնդիրը այլ է։ Մինչ նախագահական ընտրություն, խորհրդարանական ընտրությունների միջոցով քաղաքական մթնոլորտի փոփոխության խնդիր կա: Եթե դա տեղի չունեցավ, ես շատ մտահոգված եմ, որ մենք, կարող է, ինչ-որ նաև բացասական հետևանքներ ունենանք նախագահական ընտրությունների հետ։ Դրա համար էլ ես շեշտը դնում եմ խորհրդարանական ընտրությունների վրա, առավել կարևորում եմ, քան նախագահական ընտրությունները:

Արամ Աբրահամյան: Շնորհակալություն, պրն. Օսկանյան։ Եթե հարցեր չլինեն, ես իհարկե կկարողանամ Ձեզ հարցեր տալ, բայց հիմա փորձենք անցնել դահլիճի  հարցերին։

Արտակ Աղասյան, քաղաքագետ: Ողջունում եմ Ձեզ, պրն. Օսկանյան։ Հարցը, որ կտամ, կապված է այն թեմայի հետ, որ ես ուսումնասիրում եմ։ Որքանո՞վ է հասարակական կարծիքը հաշվի առնվել արտաքին քաղաքականության մշակման մեջ։ Հարցս վերաբերում է այն տարիներին, երբ Դուք եղել եք արտգործնախարար:

Վարդան Օսկանյան
: Հասարակական կարծիքը, իհարկե, միշտ հաշվի առնվում է։ Կան որոշ սկզբունքներ, որով քաղաքականություն իրականացնողները առաջնորդվում են,  բայց նաև հաշվի է առնվում հանրային կարծիքը։ Մեր պետության համար արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրների շուրջ, իմ ժամանակ գոնե, ընդհանուր համընկնում կար պատկերացումների, մեր մոտեցումների և հասարակական կարծիքի: Ե՛վ Լեռնային Ղարաբաղի հարցում, և՛ հայ-թուրքական հարաբերություններում, և՛ առհասարակ մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հարցում։ Այնպես, որ այդ հարցը երբեք, գոնե իմ առաջ, սուր չէր դրվել, չէր եղել մի քայլ, որ ես հիշեմ, որ ինչ-որ մեծ հակազդեցություն կար հասարակության կողմից: Այսօր, օրինակ, իրավիճակը մի քիչ այլ է։ Հայ-թուրքական հարաբերությունները, բավական բացասական հակազդեցություն առաջացրեցին։ Ղարաբաղյան հարցում այսօր տարաբնույթ մեկնաբանություններ կան: Երբեք մեր հասարակությունը, նաև սփյուռքը, հայությունը, այսքան բաժանաված չի եղել արտաքին քաղաքական հարցերի շուրջ, քան երբևիցե: Մեր ժամանակ հարցը այդքան սուր չէր: Այսօր ինչպիսի հաշվարկներ են արվում այդ կարծիքի նկատմամբ, ես դժվարանում եմ ասել: Իմ տպավորությունը գոնե հայ-թուրքականից այն էր, որ հասարակության կարծիքը այդքան էլ հաշվի չառնվեց: Իշխանությունները առաջին օրվանից արեցին այն, ինչ որոշել էին, հակառակ հասարակական կարծիքի, որը, իմ համոզմամբ, մեծամասամբ դեմ էր։ Սա իմ խորը համոզմունքն է: Համենայն դեպս, իշխանությունները գնացին փաստաթղթի ստորագրմանը և նաև հայտարարեցին, որ պատրաստ են վավերացման:

Հակոբ Սարգսյան: Որտեղի՞ց է գալիս Ձեր հույսը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է հակակշռի դեր կատարի: Ո՛չ այդ կուսակցության ղեկավարն է քաղաքական հասուն գործիչ, ո՛չ էլ կուսակցության անդամներն են: Այդ կուսակցության բոլոր անդամները այսօր պաշտոններ են զբաղեցնում: Ձեր համոզմունքն արդյո՞ք նրանից չի գալիս, որ Ձեր ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» իշխանական պրոեկտ է եղել:

Վարդան Օսկանյան: Իմ մեկնաբանությունը նախորդի հետ կապ չունի: Ես առաջնորդվում եմ միայն այսօր առկա իրավիճակով: Այսօր առկա մի քաղաքական խմոր կա: Մենք պետք է դրա հետ աշխատենք, եթե ուզում ենք ինչ-որ բանի հասնել: Քաղաքականության մեջ նոր ուժերը միանգամից չեն ստեղծվում, չեն ծնվում, օդից չեն գալիս: Այսօր ունենք այն, ինչ ունենք։ Եվ ճիշտ եք՝ դա ծնունդն է մեր հասարակության, մեր քաղաքական գործունեության, այս քսան տարիների մեր աշխատանքի: Բայց, երբ հիմա նայում ենք, թե այսօր հրապարակում ինչ կա, և մի պահ պատկերացնում ենք, թե մենք ինչ ենք ուզում անել, ուր գնալ, ինչպիսի համակարգ ստեղծել, ինչպիսի պետություն, արդեն այլընտրանք չունենք մտածելու, թե ինչպիսի վերադասավորումներ կարող ենք անել, որպեսզի այս քաղաքական մոնոպոլիան, որ այսօր գերիշխող է դարձել, ինչ-որ տեղ չեզոքացնենք:

Իմ համոզմամբ, Հայաստանի ամենամեծ խնդիրը ո՛չ թե տնտեսական մոնոպոլիան է, ո՛չ թե անարդարություններն են, կամ կոռուպցիան է… Բազմաթիվ թերություններ կան, որոնք մեծ խնդիրներ են։ Բայց, եթե ինձ հարցնեք, որն է գլխավորը, որից պետք է սկսել, ես ձեզ կասեի՝ քաղաքական մոնոպոլիան է: Ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է: Այդ բոլորը ծառայում են քաղաքական մոնոպոլիայի վերարտադրությանը: Դրա համար, եթե այսօր դաշտում առկա յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն իրոք հետաքրքրված լինի երկրի ապագայով և փորձի անկեղծորեն հակակշռել այսօրվա իշխող կուսակցությանը, ես կարծում եմ, որ Հայաստանում հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել: Դրա համար էլ, «Բարգավաճի» այնտեղ գնալով, ես մի փոքր հուսալքվեցի, որովհետև դրա մի էլեմենտը փաստորեն գնաց այն կողմ, և իրավիճակը մի քիչ ավելի բարդացավ: Ես չեմ ուզում կուսակցություններին գնահատականներ տալ, չեմ ուզում մտածել, թե ինչպիսի հետին մտքեր ունեն և ում են ծառայում: Ես առաջնորդվում եմ առկա իրավիճակով, առկա խմորով: Եթե մենք կարողանանք լավ մշակել, ես կարծում եմ, որ կարելի է արդյունք ունենալ, կարելի է ծառայել երկրին, ժողովրդին:

Mardik.am: Հանրապետական Գագիկ Մելիքյանը, լսելով Ձեր քննադատությունները, ասում է, որ դրանք «կուրություն և մանկամտություն» են: Դուք այսօր արտաքին քաղաքականության մեջ չեք: Ի՞նչ եք կարծում, ինչի մասին է խոսում քննադատությունը ՀՀԿ կողմից:

Վարդան Օսկանյան: ՀՀԿ-ն շատ ցավով է ընդունում իմ քննադատությունը: Անկեղծ ասած՝ ես մեկնաբանություն չունեմ: Ես խորհուրդ կտայի նրանց հարցնել, թե ինչու են այդպես ցավով ընդունում:
Ինչպես ուզում են, թող որակեն: Լինելով քաղաքականության մեջ, ներքին խոհանոցը լավ իմանալով, և նաև իմ պատկերացումները ունենալով երկրի ապագայի մասին, ես այսօր մատնանշում եմ, քննադատում եմ այն երևույթները, որոք իմ կարծիքով բացասական են և խանգարում են մեր երկրի զարգացմանը, և ես շարունակելու եմ դա անել թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքաղաքական հարցերում:

Քսան տարի է անցել անկախությունից, և այս տարի մենք քսանամյակն ենք տոնելու: Ես համոզված եմ, որ իշխանությունները մեծ շուքով կտոնեն: Միայն դրական բաներ ենք լսելու: Բայց ես կարծում եմ, որ այս քսանամյակը մեզ նաև խորհելու առիթ պետք է տա: Մենք պետք է կարողանանք սթափ գնահատական տալ մեր անցած ճանապարհին: Թե այս քսան տարիներին ինչն ենք սխալ արել, ինչն ենք ճիշտ արել: Ինչպես կարող ենք մեր սխալներից սովորել և ինչ կարող ենք անել, որ հաջորդ տասնամյակը Հայաստանի զարգացման համար լինի ավելի արդյունավետ: Այսօր նայում ես իրավիճակին` այն իսկապես բավական բարդ է: Մարդիկ ուղղակի հուսալքված են, երկիրը թողնում և հեռանում են: Սա երևի մեր ամենամեծ դժբախտությունն է: Ինչ-որ տեղ սա պետք է կանգնեցնել: Սա կանգնեցնելու միակ ճանապարհը ազնվությունն է մեր նկատմամբ, ճիշտ գնահատական տալն է անցած ճանապարհին և կարողանալ ճիշտ ուղենիշ ներկայացնել, թե հաջորդ տասնամյակում երկիրը ինչ ուղությամբ պետք է գնա: Միայն այդ հույսի առկայության դեպքում է, որ ես կարծում եմ մեր ժողովուրդը կարող է հավատ ունենալ, մնալ իր երկրի ներսում:

Հայկ Խալաթյան: Վաղը ՀԱԿ-ը հանրահավաքն է կազմակերպելու, և որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Հայաստանում պետք է կրկնվի Թունիսի և Եգիպտոսի սցենարը: Ըստ Ձեզ՝ վաղը հնարավո՞ր է այդպիսի հեղափոխության փորձ։ Կամ որևէ բախումներ կլինե՞ն վաղը:

Վարդան Օսկանյան
: Չգիտեմ վաղը իսկապես ինչ կլինի, բայց ես չէի ուզենա, որ Հայաստանը նման ցնցումներով անցնի: Մեր ժողովրդին դա պետք չի: Եթե այնպիսի ցնցումներ լինեն, ինչպիսին Լիբիայում են տեղի ունենում, Եգիպտոսում, արաբական աշխարհում, մեր երկիրը կարող է տարիներ հետ ընկնել: Բայց ես ուզում եմ մի բան ձեր ուշադրությանը հրավիրել։ Այն երևույթները, որոնք պատճառ հանդիսացան արաբական աշխարհում այս ցնցումների, այս հեղափոխությունների համար, այդ նույն խնդիրները այսօր առկա են Հայաստանում` քաղաքական մոնոպոլիա, կոռուպցիա, աղքատություն, գործազրկություն, հարստության կուտակում ինչ-որ մարդկանց ձեռքում: Սրանք են, որ պատճառ են հանդիսացել այսօր արաբական աշխարհում ժողովրդի ոտքի կանգնելուն: Դժբախտաբար այդ երևույթները այսօր առկա են Հայաստանում: Նորից եմ կրկնում, ես կոչ չեմ անում, որ մենք այդ ճանապարհով գնանք: Ես չէի ցանկանա, որ մեր ժողովուրդը այդ ցնցումների միջով անցնի, բայց այն, ինչ կատարվում է արաբական երկրներում պետք է ահազանգ լինի բոլորիս համար` առաջին հերթին իշխանություններին, ընդդիմությանը և հասարակությանը, որ վերջիվերջո այդ խնդիրներին պետք է լուծում տալ, որովհետև մի օր դա կարող է պայթել, և պետք չէ հասցնել այն իրավիճակին, որ մենք հետո զղջանք, որ թողել ենք հասնի այնտեղ, որ մեր ժողովուրդը մասսայականորեն դուրս գա և երկիրը տանի ցնցումների ճանապրհով:

Մարիամ Ավագյան: Ես ներկայացնում եմ ադրբեջանահայ լիազոր ներկայացուցիչների համագումարը։ Այսօր մենք ունեցանք ցեղասպանության թանգարանի ինստիտուտում մեր կազմ-կոմիտեի ընդլայնված նիստը, որտեղ հնչած հարցերը ես կուզեի փոխանցել նաև այստեղ:

Մենք տեղյակ ենք, որ 2002-ից 2003 թվականներին և նույնիսկ ավելի շուտ, բազմիցս հարց է բարձրացվել Արտաքին գործոց նախարարության, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի առաջ, թե ինչպիսի համապարփակ ուսումնասիրություն կա Ադրբեջանում հայության նկատմամբ բռնությունների շուրջ, և որևէ պատասխան մինչև հիմա չկա, և հայ փախըստականությունը դուրս մնաց բանակցային որևէ գործընթացից: Օրակարգ դա երբևէ չմտավ մինչև օրս, այն պարագայում, երբ որ նույնիսկ Քրայսիս գրուփը (Crisis group) իր ռասիստական վերլուծականով, որ այդ տարածքներում՝ նկատի ունեն ազատագրված տարածքները, չպետք է ապրեն։ 2003-ից այս կողմ մեր պետական քաղաքականությունը տարվեց այնպիսի ուղով, որ այդ տարածքներում ութ հազար վերաբնակիչ է մնացել: Մենք Սիվիլիթաս հիմնադրամին ուղարկել ենք մեր որոշ նամակներ, որտեղ մենք փորձում ենք պարզաբանում մտցնել մեր մոտեցումների մասին, հարցի լուծման մեր տեսանկյունը ներկայացնել: Հուսով ենք, որ Դուք ծանոթացել եք դրանց հետ: Ինչպիսի՞ մոտեցումներ եք տեսնում, որպեսզի հայ փախստականությունը մտնի օրակարգ, մասնակցի բանակցային գործընթացին։ Եվ երկրորդ հարցը։ Դուք, որպես փորձառու նախկին պետական գործիչ և քաղաքական գործիչ, ինչպիսի՞ համագործակցության ճանապարհ եք տեսնում ադրբեջանահայության հետ: Շնորհակալություն:

Վարդան Օսկանյան: Փախստականների հարցը, ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ միշտ էլ օրակարգի վրա եղել է։ Առաջնային խնդիրներից չի եղել, որովհետև մինչև այնտեղ հասնելը բազմաթիվ այլ հարցեր ընդհանուր եզրերի պիտի բերվեին, որպեսզի կարողանայինք կենտրոնանալ փախստականների հարցերի վրա էլ: Բայց որ օրակարգային հարց է եղել փախստականների հարցը երկուստեք, կարող եք դրանում վստահ լինել: Ինչպե՞ս կարող էիք պատկերացնել, որ Ադրբեջանը անընդհատ իր «մեկ միլիոն»՝ այդ սուտ թվով, հանդես էր գալիս և անընդհատ խոսում էր փախստականների մասին, իսկ հայկական կողմը դրան արձագանք չտար իր փախստականների մասով: Սա ուղակի բացառված էր: Որովհետև շեշտադրումները կարգավիճակի վրա էին, պատերազմի կանխման և նաև այլ խնդիրների վրա էին, այնքան հրապարակային չէր դառնում փախստականների խնդիրը: Բայց ես կարող եմ ձեզ հանգստացնել և վստահեցնել, որ այդ հարցը միշտ եղել է: Այն, ինչ ուղարկել եք Սիվիլիթաս, պետք է խոստովանեմ, որ ես դեռ չեմ ծանոթացել: Հիմա խոստանում եմ ձեզ, որ եթե դա հասել է մեզ, վստահ եմ, որ իմ գործընկերները կներկայացնեն, կծանոթանամ, և կարող ենք նաև հանդիպել և խոսել հետագա համագործակցության համար:

Արամ Արարատյան, Մեդիամաքս գործակալություն: Պարոն Օսկանյան, Ձեր ժամանակ շատ ակտիվ կերպով օգտագործվում էր «կոմպլեմենտարիզմ» բառը, այսինքն ասվում էր, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականությունով առաջնորդվում է կոմպլեմենտարիզմի սկզբունքով: Հիմա, այս պահին, Հայաստանի իշխանությունները, ըստ Ձեզ, շարունակո՞ւմ են նույն քաղաքականությունը, թե՞ հրաժարվել են դրանից: Շնորհակալություն:

Վարդան Օսկանյան: Հրաժարվել են։ Այն փաստը, որ արդեն երրորդ տարին է, մի օր նախագահի կամ արտգործնախարարի բերանից «կոմպլեմենտարիզմ» կամ «կոմպլեմենտար» բառերը չենք լսել, բնականաբար կարելի է եզրակացնել, որ հրաժարվել են վստահաբար: Բայց նաև հետևելով վարված քաղաքականությանը` նույնպես կարող եմ ասել, որ այնտեղ կոմպլեմենտարիզմի հիմքեր չկան: Այսօր մեր տարածաշրջանային քաղաքականությունը գաղափարական հենք չունի, դրա համար էլ ես կարծում եմ, որ դա լուրջ բարդություններ է առաջացնում մեր արտաքին քաղաքականություն վարողների համար: Դա նաև բացասական ազդեցություն է ունենում հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վրա: Բարդություններ է առաջացնում նաև մեր՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարելու գործում: Կոմլեմենտարիզմը տասը տարի մեր կողմից կիրառվել է, և ես կարող եմ վստահեցնել, որ դա արդյունավետ է եղել Հայաստանի համար։ Եթե ինձ հարցնեք, կոմպլեմենտարիզմից բացի Հայաստանը նույնիսկ այլընտրանք չունի: Այսօր խոսվում է բազմավեկտոր քաղաքականության մասին: Ո՞րն է բազմավեկտորը: Վեկտորը ուղղություն է: Ես կարծում եմ, դա նշանակում է իսկապես չիմանալ կոնկրետ ինչ անել: Կոմպլմենտարիզմը իր մեջ բովանդակություն է պարունակում այն իմաստով, որ մի երկրի հետ հարաբերությունները լրացնում ես մի այլ երկրի հետ հարաբերություններով կոնկրետ ինչ-որ ոլորտում, որպեսզի առավել մեծ արդյունավետություն ունենա երկրի համար: Սրա մեջ բովանդակություն կա: Հավասարակշռված քաղաքականությունն էլ կոմպլեմենտարիզմը չէ։ Տեր-Պետրոսյանի ժամանակ վարվում էր հավասարակշռված քաղաքականություն: Մենք բերեցինք կոմպլեմենտարիզմը: Այսօր ասում են բազմավեկտոր: Թվում է, թե միայն բառապաշարն է փոխվել, բայց բովանդակային լուրջ տարբերություն կա: Դրա համար ես կարծում եմ, որ կոմպլեմենտարիզմը անհրաժեշտ է վերադարձնել մեր արտաքին քաղաքկանության հիմքում, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ հանդես գալ և՛ տարածաշրջանում, և՛ դրանից այն կողմ:

Արամ Աբրահամյան
: Կարո՞ղ եք ասել, որ կոմպլեմենտարիզմից այդ շեղումը տեղի ունեցավ դեպի ռուսամետություն:

Վարդան Օսկանյան: Գոնե ընկալման առումով այդպես է: Ես հաճախ նաև կատակով ասում եմ, որ այսօր կոմպլեմենտարիզմ է կիրառվում հակառակ ուղղությամբ: Եթե նախկինում և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Ռուսաստանից մենք հավասարապես ինչ-որ դրական իմպուլսներ ունեինք, այսօր ճիշտ հակառակն է. Միացյալ Նահանգները համարում է, որ մենք Ռուսաստանի ֆորտպոստն ենք, Ռուսաստանը համարում է, որ մենք Միացյալ Նահանգների հետ պետք եղածից ավելի հարաբերությունների մեջ ենք մտել: Օրինակ, ես կարծում եմ, որ վաղաժամկետ էր, երբ դեռ տաս տարի կար, ռուսական բազաների ժամկետի երկարաձգման համար։ Հիմիկվանից արդեն մեզ պարտադրվեց, կամ խնդրվեց, և մենք համաձայնվեցինք, քառասուն տարով երկարացնել այդ ժամկետը: Սա, ես կարծում եմ, կոմպլեմենտարիզմի գաղափարի բացակայության պատճառներից մեկն է: Երբ անորոշություն կա քո տարածաշրջանային քաղաքականության մեջ, նաև վստահության կորուստ կլինի մեծ տերությունների կողմից:

Արամայիս Գևորգյան, Եվրասիական գիտնականների միության անդամ, դասախոս: Չեք կարծո՞ւմ, որ վաղուց ժամանակն է, որ մենք ստեղծեինք Թուրքիայի ինստիտուտ, որը շատ կարևոր կլիներ, և շատ հարցերի պատասխաններ մենք կստանայինք այդ ինստիտուտը ստեղծելով: Շնորհակալություն:

Վարդան Օսկանյան: Միանշանակ: Հակառակորդին ինչքան մենք լավ ճանաչենք, այդքան արդյունավետ կլինի մեր ներգրավվածությունը հակառակորդի հետ: Կասկած չկա: Իհարկե, լավ կլինի, որ լինի ինստիտուտ: Օսմանագիտությունը պետք է վերակենդանացնել։ Այսօր Հայաստանում օսմանագետներ գրեթե չկան: Ես մեկ հոգու անուն միայն գիտեմ: Այդ հարցը հրատապ հարց է, և մենք անպայման, կարծում եմ, որ այդ ուղղությամբ պետք է քայլեր անենք: Ես Ձեր գնահատականի հետ լիովին համաձայն եմ:

Հարություն Խաչատրյան, Նոյյան Տապան շաբաթաթերթ: Դուք արդարացիորեն ասացիք, որ կարևորագույն քաղաքական խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առջև, քաղաքական մենաշնորհի վերացումն է, և այդտեղ Դուք հույս դրեցիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Չե՞ք կարծում, որ այդ մոնոպոլիայի վերացման գործում որոշ չափով իր մասը կունենան Հայ ազգային կոնգրեսը և Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված քաղաքական ուժերը: Բացատրեմ, թե ինչու եմ այս հարցը ես այսպես ձևակերպում։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ գործոնը փաստորեն չկար: Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը ըստ էության գոյություն չուներ և այն քաղաքական ուժերը, որոնք խմբված են նրա շուրջ, գրեթե չէին մասնակցում: Փոխարենը «Բարգավաճ Հայաստանը» ձևականորեն մասնակցում էր որպես անհատ ուժ, իրեն կարծես թե իրականում ներկայացնում էր որպես իշխող կուսակցության դաշնակից: Շնորհալակություն:

Վարդան Օսկանյան: Որպեսզի ես սխալ չհասկացվեմ, և որ մամուլը վաղը ինձ սխալ չմեկնաբանի, չեմ ուզում որ սխալ կարծիք ստեղծվի, թե իմ ամբողջ հույսը «Բարգավաճ Հայաստանն է»։ Ես ասում էի, որ եթե նրանք պահած լինեին իրենց ինքնուրույնությունը, դրանով էապես կնպաստեին այդ հակակշիռների պահմապնմանը։ Որպես օրինակ կարելի է դիտարկել հետևյալը։ Օրինակ, դուք գնում եք ընտրությունների, մի կողմից Հանրապետական, Օրինաց երկիր կուսակցությունները, մյուս կողմից Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Դաշնակցություն, Ժառանգություն և մյուսները: Այս ձևաչափի դեպքում, քիչ թե շատ նորմալ ընտրությունների անցկացման պարագայում, մեծամասնություն հավաքելու հավանականությունը հիսունից ցածր է: Եթե յուրաքանչյուրը իսկապես անկեղծորեն իր ինքնուրույնությունը պահում է, խաղ չի խաղում, իրոք ուզում է իսկական դերակատարություն ունենալ, այդպիսի ընտրությունից հետո, երբ մեծամասնությունը քառասունից էլ քիչ տոկոս է ստացել, պատկերացրեք, թե Հայաստանում ինչպիսի փոփոխություն կլինի։ Առաջին հերթին պետք է առջևում հայտնված քաղաքական ուժը բանակցի մյուսների հետ, կոալիցիա կազմի, տեսնի թե միասին ինչ կարող են անել, և երբ ժողովրդի առաջ խնդիր է ի հայտ գալիս, միանշանակ դա մի գրասենյակում չի որոշվում։ Այդ կոալիցիան արդեն իսկական արժեք ունի, կարող է իր կարծիքը հայտնել։

Եթե Հանրապետական կուսակցությունը ունենար այս գիտակցությունը, չպնդեր, չճնշեր, գնար վերոնշյալ ճանապարհով, մենք իսկապես հնարավորություն կունենայինք մեր քաղաքական համակարգում որևէ բան փոխելու:  Այսքանն է իմ ցանկությունը, քանի որ ժողովրդավարությունը այլ համակարգ չունի, չի ստեղծել, և ինչ-որ նոր բան չի լինելու, միակ ճանապարհը դա է: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կարող են արդյոք ՀԱԿ-ը, Ժառանգությունը ստեղծել այս հակակշիռը, իհարկե հնարավոր է։ Հնարավորությունը մի քիչ ավելի ցածր է, քան եթե Բարգավաճը ինքնուրույն լիներ, բայց հնարավոր է: Ես հուսով եմ, որ մենք կգնանք այդ ճանապարհով, քանի որ հակակշիռ ստեղծելը անհրաժեշտ է, առաջին հերթին պետք պայքարել քաղաքական մոնոպոլիայի դեմ:

Արմինա Դարբինյան, Ամերիկայի հայկական համագումար: Պարոն Օսկանյան, հասկանալի պաճառներով, սփյուռքը Ձեզ քաջ ծանոթ է, և վստահ եմ, կիսում եք սփյուռքին հուզոհ մտահոգությունները: Այս պարագայում, ինչպե՞ս կմեկնաբանեք, սփյուռքի նախարարի հայտնի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանում պետք է ստեղծել երկրորդ պալատ:

Վարդան Օսկանյան
: Այդ հայտարարությունը ինձ նույնպես անակնկալի է բերել, քանի որ այն չէր քննարկվել Հայաստանում, ոչ էլ հասունացած հարց էր։ Ինչպես որոշ այլ հարցերում, այստեղ նույնպես հապճեպություն է եղել։ Իհարկե ժամանակը չէ այսօր դրա մասին խոսելու, քանի որ նման հարցերը առաջին հերթին ոչ թե սփյուռքում պետք է արծարծվեն, այլ Հայաստանում, ապա նոր սփյուռքում: Մեր ժողովուրդը նման կարևոր հարցերի մասին սփյուռքի նախարարի բերանից չէ, որ պետք է լսի։ Եթե այդպիսի խնդիր կա, ապա դա պետք է դրվի հասարակական քննարկման Հայաստանում, դրանից հետո նոր կարելի է սփյուռքին ներգրավել: Եթե ավելի կոնկրետ պատասխանեմ հարցին, ապա կասեմ որ մի փոքր զարմացած եմ: Հայաստանի նման փոքր երկրի պարագայում, ընդամենը երեք միլիոն բնակչությունով, մի փոքր կասկածելի է այդ անհրաժեշտությունը: Առավել ևս, եթե ուզում ենք սփյուռքին ներգրավել, դրա համար շատ այլ ճանապարհներ կան։ Անպայման դրա համար երկրորդ պալատ ստեղծելու անհրաժեշտություն չկա:

Արմինե Վարդանյան, Գալա հեռուստաընկերություն
: Պարոն Օսկանյան, թույլ տվեք երկու հարց տալ։ Հասարակական-քաղաքական շրջանակներում Ձեր անունը այս կամ այն ձևով կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հնչում են ենթադրություններ այն մասին, որ ձեր գործողությունները կոորդինացվում են հենց նրա կողմից։ Երկարամյա միասնական աշխատանքից հետո ինչպիսի՞ ուղղվածություն են ստացել ձեր հարաբերությունները, անձնական և քաղաքական հարթություններում։ Եվ երկրորդ հարցս։ Առջևում ընտրություններ են։ Հանդե՞ս եք գալու արդյոք այդ ենտրություններին։ Եթե այո, ապա ի՞նչ ֆորմատով։ Կամ սատարելո՞ւ եք արդյոք այս կամ այն քաղաքական ուժին:

Վարդան Օսկանյան: Ռոբերտ Քոչարյանի հետ ես տասը տարի աշխատել եմ։ Դրանից առաջ էլ դեռ էլի աշխատել եմ, երբ նա ԼՂՀ-ի նախագահն էր, իսկ ես հիմնական բանագնացն էի Ղարաբաղի հարցով։ Այս երկարամյա արդյունավետ համագործակցությունը պայմանավորված է եղել փոխադարձ հարգանքով, փոխադարձ ըմբռնումով։ Ճիշտ ենք գնահատել յուրաքանչյուրիս հնարավորությունները։ Մենք իսկապես շատ արդյունավետ ենք աշխատել։ Պաշտոնաթողությունից հետո ես իմ կապերը պահում եմ, պարբերաբար հանդիպում են նրա հետ, զրուցում ենք երկրի իրավիճակից։ Միասին որևէ գործունեություն չունենք։ Նրա կողմից իմ նկատմամբ որևէ թելադրանք չի եղել։ Ես նրա առջև ոչ մի խնդրանք, քաղաքական կամ այլ, չեմ դրել։ Սա մեր պրոֆեսիոնալ շփման  բարեկամական շարունակությունն է, պարբերաբար հանդիպումներ ունենալով:

Այն մեղադրանքը, որ Քոչարյանը իմ բերանով հնչեցնում է իրեն անհրաժեշտ մտքերը, պրիմիտիվ ենթադրություն է, որին նույնիսկ արձագանքել չեմ ցանկանում։ Կասեմ միայն, որ այդպիսի ենթադրություններ անող մարդիկ ինձ դատում են իրենցով, այսինքն մարդիկ են, որոնք իրենց կյանքում երբեք ինքնուրույնություն չեն ունեցել և միշտ ինչ-որ մեկի պատվերն են կատարել։ Նման մարդիկ Հայաստանում այնքան շատ են, այդպիսի մտածելակերպը այնքան է արմատացած։ Դրանից պետք է հրաժարվել։ Մարդիկ ինքնուրույն են։ Ասում են, որ ինչ-որ մեկը մի ուրիշի խաղն է խաղում։ Մեր մտածողության թերությունն է այս ամենը ի հայտ բերում։ Մարդիկ պետք է դադարեն մյուսներին իրենցով դատելուց և առաջնորդվեն նրանով, որ մարդիկ ինքնուրույն են, մարդիկ ունեն իրենց մտածողությունը, իրենց գաղափարները, նվիրումը այս երկրին։

Ընտրությունների հետ կապված՝ ես դեռ ոչ մի որոշում չեմ կայացրել։ Նայած, թե իրավիճակը ինչպիսին կլինի, ինչպիսի զարգացումներ կլինեն, դրանից հետո ես կորոշեմ: Կարող եք ասել, որ ժամանակը արագ է անցնում, և ժամանակ չի մնացել, սակայն ես կածրում եմ, որ դեռ ժամանակ կա։ Նայած, թե հաջորդ մի քանի ամիսները ինչպիսի ընթացք կունենան, ես կորոշեմ, թե իմ անելիքները ինպիսին են լինելու:

Էդիկ Հովսեփյան: Չեք կարծո՞ւմ որ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ստորագրված կոալիցիոն հուշագրին, որ այն այդքան էլ դրան արժանի չէ:

Վարդան Օսկանյան: Միգուցե, բայց վերջիվերջո, մարդիկ ստորագրություն են տվել, բան են խոստացել, ժամանակը ցույց կտա:

Աշոտ Միրզոյանց, Սպառողների աջակցման կենտրոն: Պարոն Օսկանյան, ըստ իս, աշխարհում տեղի են ունենում շատ լուրջ փոփոխություններ, ուժային բևեռների նոր կենտրոններ են ձևավորվում: Հայաստանի իշխանությունները, ըստ իս, չգիտեն ինչ անել, ճանապարհը չեն տեսնում։ Դա ապացուցում է այս հուշագիրը: Նրանք ցույց են տալիս, որ իրար հետ են, կոալիցիա են և այլն, իսկ ժողովուրդը հուսալքվում է, զզվում է, գնում է: Հայրենիքը, իմ կարծիքով, կործանման է գնում։ Այդ ցույց են տալիս շատ փաստեր: Ձեր կարծիքով ո՞րն է այն ուժը, ո՞րն է այն գաղափարը ազգային, որ ժողովրդին կձգի: Ո՞րն է այն ուժը, որի շուրջ մարդիկ կարող են համախմբվել, կանգնել իրենց երկրում և փոփոխություն առաջացնել: Այսինքն կարճ ասեմ` ինչպե՞ս եք պատկերացնում Դուք այդ քաղաքական մոնոպոլիան ջարդել: Քաղաքական ձևով, ոչ Եգիպտոսի կամ այլ ձևով:

Վարդան Օսկանյան: Ես այդ ճանապարհներից մեկն արդեն նկարագրեցի և կոնկրետ կուսակցությունների անուններ տվեցի: Դա, իմ կարծիքով, ամենալավ ճանապարհներից մեկն է: Այսօր էլ, թերևս, այդ ճանապարհը, ընտրությունների միջոցով, փակված չէ: Շատ բան կախված է ժողովրդից։ Եթե ժողովուրդն իր անտարբերությունը թոթափի և իսկապես հավատա, որ վերջիվերջո քաղաքական փոփոխությունն է, որ կհանգեցնի մյուս փոփոխություններին և ընտրություններին դրսևորի իր քաղաքացիական պարտականությունը, գնա, քվեարկի, հետևողական լինի իր ձայնին, եթե զգա, որ իսկապես մասսայական կեղծիքներ են եղել, որ ընտրության արդյունքի վրա են ազդել, իր զայրույթը, իր բողոքն իսկապես բարձրացնի, այդպիսով, ես կարծում եմ, որ ինչ-որ բան կարելի է անել: Դժբախտաբար, այսօր մեր ժողովուրդը, երբ հուսալքվում է, ոչ թե փողոց է գնում, այլ երկիրն է թողնում և գնում: Սա իսկապես մեր ամենացավոտ կետն է: Ես կուզենայի, որ իսկապես մեր ժողովուրդն իր քաղաքացիական պարտականությունը մի քիչ ավելի հետևողականորեն ընդունի, հետևողական լինի այդ հարցում և պահանջատեր լինի: Ես դեռ հույս տեսնում եմ, որ քաղաքական ճանապարհով Հայաստանում ինչ-որ բան հնարավոր է փոխել, և ժողովրդից շատ բան է կախված: Կոնկրետ ո՞րն է այդ ուժը, որ կարողանա առաջնորդել այս պահին, չեմ կարող ասել: Տեսեք, թե ինչ կատարվեց արաբական աշխարհում: Այդ երեք-չորս երկրներում, որտեղ մեծ ցնցումներ կան, և արդեն ակնհայտ է, որ փոփոխություն կլինի, այդ շարժումներն առաջնորդ չեն ունեցել: Այսօր դեռ ոչ մի դեմք չի հայտնվել: Սա ժողովրդի քաղաքական հավաքական կամքի դրսևորումն է եղել: Ինչու՞ եմ սա ասում: Մի ակնկալեք, որ միշտ ինչ-որ մի լիդեր պիտի լինի, մի ակնկալեք, որ ինչ-որ քաղաքական ուժ պիտի լինի։ Ժողովուրդն ինքնուրույն էլ կարող է բաներ անել: Դրա համար եմ ասում, որ ժողովրդից շատ բան է կախված: Անհատից շատ բան է կախված: Ես իմ գաղափարախոսությամբ, գաղափարներով լիբերալ եմ: Լիբերալիզմի հիմքում երկու բան կա` անհատականություն, անհատ և անհատի հավասար իրավունք: Ես հավատում եմ, որ մենք պետք է լավ նորմալ հասարակություն կառուցենք, որպեսզի անհատը լավ ապրի, ոչ թե ի հաշիվ անհատի: Վերջիվերջո գալիս է անհատին, գալիս է քե՛զ, քե՛զ, քե՛զ, քե՛զ… Դուք պետք է մտածեք, թե ձեզ համար ինչ է արվում: Իշխանությունը պետք է մտածի, որ կոնկրետ այս քայլն անելով անհատի վրա դա ինչ ազդեցություն է ունենում: Ոչ թե հասարակության վրա, այլ անհատի վրա կոնկրետ: Այդ սկզբունքը լիբերալիզմի հիմքերից մեկն է: Եվ եթե մենք դրանով առաջնորդվենք, կարծում եմ, գաղափարական ինչ-որ հեղաշրջում կարող է լինել մեր մտքերում:

Վիկտորյա Աբրահամյան, Ա1+: Պարոն Օսկանյան, քանի որ Դուք էլ հաստատեցիք, որ պարոն Քոչարյանի հետ երկար աշխատել եք, միմյանց շատ լավ հասկացել եք, մենք կխնդրենք Ձեզ մեզ օգնել: Այդ տեսանկյունից եմ հարցս Ձեզ ուղղում: Ինչո՞վ կբացատրեք պարոն Քոչարյանի վերջին այն հայտարարությունը, թե Հանրապետականի ցուցակներն ինքն էր կազմել, եթե ուզենար, վաղուց վերադարձած կլիներ: Ի՞նչ եք կարծում, պարոն Քոչարյանն իսկապե՞ս ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն, և դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Շնորհակալություն:

Վարդան Օսկանյան: Այդ մեկը պետք է պարոն Քոչարյանին հարցնեք:

Վիկտորյա Աբրահամյան: Նրան հնարավորություն չունենք հարցնելու։ Ձեզ` որպես նրան լավ ճանաչող մարդու եմ ուզում հարցս ուղղել:

Վարդան Օսկանյան: Ինչքան էլ լավ ճանաչեմ, չեմ կարող իսկապես Քոչարյանի մտքի մեջ թափանցել։ Չեմ կարող պատասխանել:

Կարեն Վարդանյան, պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ: Նախ քանի որ մեր սիրելի կազմակերպիչներն ի սկզբանե առաջարկեցին անուններ տալ, թե ում են ցանկանում, որ լսարանը տեսնի հաջորդ հանդիպումներին և այսքան հարցեր հնչեցին, երևի հենց կազմակերպիչներին խնդրենք` հաջորդ անգամ այս աթոռին նստեցնել Ռոբերտ Քոչարյանին, և այդ ամբողջ հարցերին նա պատասխանի դեմ առ դեմ:

Վարդան Օսկանյան: Ես ձեզ խոստանում եմ անպայման հրավիրել նրան։ Չգիտեմ՝ հաջորդին կգա, թե՝ ոչ, բայց համոզված եմ, որ մի օր նա գալու է:

Կարեն Վարդանյան: Հարցս այսպիսին է. չեք կարծո՞ւմ արդյոք, որ վերջին տարիներին, ասինքն ինչո՞ւ վերջին տարներին, ամբողջ երևի թե վերջին քսան տարիների ընթացքում մեր քաղաքական մենաշնորհի ձևավորման հիմնապատճառը եղել է այն, որ մենք հիմնականում ականատես ենք եղել տարբեր անհատների կամ նեղ շահերի շուրջ խմբված խմբավորումների պայքարին և ականատես չենք եղել տարբեր գաղափարախոսությունների միջև պայքարին, և հակված չե՞ք պնդելու, որ քաղաքական մենաշնորհը, ինչպես այստեղ ասացին, ջարդելու հիմնական մեթոդն է պայքարը գաղափարական դաշտ տանելը, և ի՞նչ եք կարծում, ինչ պիտի անել, այդ անելու համար:

Վարդան Օսկանյան: Բնականաբար, գաղափարական պայքարը կարևոր է, դժբախտաբար այս տարիների ընթացքում իրոք մեր քաղաքական պայքարը ոչ թե գաղափարների շուրջ է եղել, այլ մենաշնորհի շուրջ է եղել, եղել է անհատների իշխանության շուրջ: Ես կարծում եմ, եթե մենք կարողանանք քաղաքական մենաշնորհն ինչ-որ տեղ ջարդել, բնականաբար գաղափարախոսությունն առաջին պլանի վրա արդեն կհայտնվի: Այսօր, երբ կոալիցիան ձևական է, հնարավոր չէ կոալիցիայի ներսում գաղափարական լուրջ տարակարծություններ ունենալ, բնականաբար դա երկրորդ պլան է մղված: Բայց երբ այդ մոնոպոլիան ջարդվի, լինեն իսկական կոալիցիաներ, ես համոզված եմ, որ այդ պարագայում գաղափարականն առաջնային կդառնա:

Ես հակակշիռների մասին խոսեցի։ Ուզում եմ մի լրացում անել: Հակակշիռը միայն չի նշանակում, որ երկու ուժեր կամ մի քանի ուժեր քաղաքական համակարգում իրար պետք է հակակշռեն: Կա նաև ինքնահակակշռման գաղափարը: Երբ քաղաքական ուժերը համոզվեն, որ ժողովուրդն իսկապես ընտրությունների միջոցով ի վիճակի է, կարող է իշխանություն փոխել, բնականաբար արդեն ինքնահակակշռման մեխանիզմը նույնպես կաշխատի: Ժողովրդավարական համակարգում չի բացառվում, որ ժողովուրդը մեծամասնությամբ մի կուսակցություն ընտրի, որ բացարձակ մեծամասնություն ունենա, բայց եթե այդ քաղաքական ուժը, որ բացարձակ մեծամասնություն ունի, համոզված է, որ ժողովուրդն է ընտրել և հաջորդին կարող է չընտրել, բնականաբար այդ մեծամասնությունն ունենալով հանդերձ արդեն ինքն իր վրա հսկողություն կդնի:  Այդ ժամանակ արդեն հանրային կարծիքի նկատմամբ ավելի նրբանկատ կլինի: Այսօր, որովհետև չկա այդ ինքնահակակշռման մտավախությունը, չկան նաև մյուս իսկական հակակշիռները, այսօր իշխող կուսակցության ձեռքը բոլորովին ազատ է. կարող է ցանկացած բան որոշել, կարող է ցանկացած քաղաքականություն իրականացնել, անկախ նրանից դա ժողովրդին դուր գալիս է, թե ոչ, վստահ լինելով, որ հաջորդ ընտրություններում նորից հաղթելու է: Այնպես որ հակակշիռների գաղափարը երկու հարթության վրա է` մեկը ուժերի միջև, մյուսը ինքնահակակշռման գաղափարն է, որ աշխատելու է:

Գուրգեն Խաժակյան: Երկուսուկես տարի է անցել Սիվիլիթաս հիմնադրամի ստեղծումից ի վեր։ Ինչպես հասկանում եմ, Ձեր կազմակերպությունը ստեղծվել էր առաջին հերթին քաղաքացիական հասարակությանը նպաստելու համար: Ձեր կարծիքով այս ընթացքում հաջողվեց դա անել։ Եվ ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ եք նկատում, այսինքն հետադարձ կապ կա՞, տեսնո՞ւմ եք արդյունքները:

Վարդան Օսկանյան: Ես կարող եմ ասել, որ մենք մեր լուման ունեցել ենք այդ հարցում: Ես տեղաշարժ տեսնում եմ: Ճիշտ է, գիտեք, մենք մեր նախաձեռնություններն ենք անում, կայքը ունենք, դրանով տարածում ենք մեր գաղափարները, թերևս լայն թափանցում չունենք հասարակության մեջ, լայն խավերի և շրջանակների չենք կարողանում ներգրավել, բայց համենայն դեպս, թեկուզ և փոքր քայլերով, ես կարծում եմ, որ մենք ինչ-որ առաջընթաց արձանագրում ենք: Ես գոհ եմ այս երկուսուկես տարվա մեր գործունեությունից: Կարծում եմ, որ այս տարի մենք ավելի ակտիվ կլինենք: Մեր հնարավորությունները ավելի մեծացել են: Ամենակարևորը այս տարիների ընթացքում Սիվիլիթասի շուրջ շատ լուրջ թիմ է հավաքվել, նվիրված մարդիկ, որոնք հավատում են այն ամենին, ինչը որ մենք անում ենք, կիսում են մեր մոտեցումները: Եվ ես համոզված եմ, որ այս տարի, եկող տարի Սիվիլիթասի մասին ավելի շատ կլսեք, և մենք կկարողանանք ավելի մեծ ազդեցություն ունենալ հասարակական գիտակցության վրա և կներգրավենք ավելի լայն խավերի:

Արմինե Վարդանյան, Գալա հեռուստաընկերություն: Պարոն Օսկանյան, հասարակության ընկալման մեջ, հատկապես ընդդիմադիր հատվածի կողմից Դուք համարվում եք եթե ոչ մարտիմեկյան իրադարձությունների անմիջական պատասխանատուն, ապա աջակցողը կամ քողարկողը: Ինչպիսի՞ բացատրություն կտաք Դուք այս բոլոր մեղադրանքներին։ Ինչո՞ւ Դուք որոշեցիք մարտյան իրադարձությունների ժամանակ հայտարարությունով հանդես գալ, ինչը Ձեր` որպես արտգործնախարարի գործառույթների մեջ չէր մտնում:

Վարդան Օսկանյան: Շատ կարևոր հարց է իսկապես: Նախ միանգամից ասեմ, որ ես ոչ մասնակից եմ եղել, ոչ քողարկող եմ եղել, բայց թույլ տվեք այս հարցին մի քիչ ավելի երկար պատասխանել, որովհետև վաղն էլ մարտի 1-ն է: Ուզում իսկապես լուսաբանում տալ, որովհետև անընդհատ այս հարցը իմ առաջ դրվում է: Եվ ասեմ, որ դա ինձ չի նեղացնում. հակառակը, ինձ ինչ-որ տեղ ուրախացնում է, որ մարդիկ ինձանից ակնկալիքներ ունեն։ Դրա համար էլ ես ուզում եմ սրան իսկապես սպառիչ պատասխան տալ: Հաճախ խոսել եմ, միգուցե հատվածական է եղել: Ուզում եմ այդ ամենը ամփոփիչ մարտի 1-ի նախօրեին հասարակությանը ներկայացնել:

Մարտի 1-ը իսկապես մեծ դժբախտություն էր, կասկած չկա: Դա պիտի տեղի չունենար: Մեզ համար դա վայել բան չէր: Դա մեզ շատ հետ գցեց բոլոր առումներով՝ և՛ ներքին խնդիրների առումով, և՛ արտաքին խնդիրների առումով: Պետք է իսկապես մտածել, թե ինչպես դա կարելի է կանխարգելել ապագայում: Ես հույս ունեի, որ այս երեք տարվա ընթացքում իշխանությունները կկարողանային այդ վերքը մեկընդմիշտ փակել: Բայց այդ վերքը դժբախտաբար դեռ բաց է բազմաթիվ պատճառներով: Ես հույս ունեմ իսկապես, որ հնարավոր կլինի այդ վերքը փակել:

Ես իմ դերակատարության մասին մի փոքր ասեմ: Երբ ինձ առաջարկվեց մարտի մեկին մամուլի ասուլիս ունենալ, ես երկու պատճառով դա ընդունեցի: Առաջինը իմ քաղաքական պատասխանատվությունն էր, առաջնորդ դերում լինելու պատասխանատվությունն էր: Ես զգացի, որ այդ օրը ինչ-որ մեկը պետք է ժողովրդի հետ խոսեր: Լռությունը նման պայմաններում, երբ առավոտյան բախումներ էին եղել հասարակության և ոստիկանության միջև, և արդեն մեծ զանգվածներ են կուտակվում մի այլ տեղում, և բուռն կրքեր էին բորբոքվում, լռությունը ամենավտանգավոր բանն էր, որ կարող էր լինել: Առաջինը իմ այդ օրվա առաջնորդներից լինելու պատասխանատվության գիտակցությունն էր, որ մղեց, որ ես համաձայնեմ այդ ելույթը ունենալ: Երբ ես ասուլիս էի տալիս, ժամը 6-ն էր: Առավոտվա դեպքերը եղել էին, զոհեր չկային։ Ճիշտ է, բախումներ էին եղել, վիրավորներ կային, բայց դեռևս կրակոց չէր եղել: Առաջին կրակոցը ժամը 9-ին տեղի ունեցավ: Ժամը 6-ին ես ելույթ ունեցա: Այդ պատասխանատվությունը ինձ մղեց, բայց դա բավարար չէր: Ես հանրապետության նախագահի առաջ այդ օրը շատ մի լուրջ պայման էի դրել: Այն, որ նախագահը պետք է խոսք տա ինձ, որ ես իմ մամուլի ասուլիսում հայտարարեմ, որ նախագահը պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության նստելու այդ պահին, միասին այդ ծանր վիաճակից ելքեր գտնելու համար, որ նա պետք է համաձայն լինի դրան, որ այդ պայմանով ես այդ ելույթը կունենամ, ասուլիսը կանցկացնեմ: Ասեմ, որ նախագահը համաձայնեց դրան: Եթե իմ մամուլի ասուլիսը նայեք, YouTube-ի վրա է, այնտեղ ես ասում եմ. «Ես նախագահից թույլտվություն ունեմ, ես համաձայնություն ունեմ, որ նախագահը պատրաստ է երկխոսության, և ես կոչ եմ անում ընդդիմությանը նախաձեռնել, մոտենալ մեզ, որպեսզի մենք կարողանանաք միասին ելք գտնել այդ ծանր իրավիճակից»:

Ես ինձ այդ օրը համարում եմ կանխարգելման փորձ անող ինչ-որ անհատ, ոչ թե մասնակից, մեղսակից, որ ուզում է ժողովրդին խաբել: Բացարձակապես այդպիսի բան չի եղել: Նույնիսկ իմ շրջապատի, ինձ շատ մոտ մարդիկ ինձ ասում են. «Այս հարցը շատ է ծանրացել Ձեզ վրա, միգուցե կարելի է իսկապես ներողություն խնդրել»: Ես ներողություն խնդրելու բացարձակ խնդիր չունեմ, ներողություն կարելի է խնդրել: Բայց ներողությունը, որպեսզի ազնիվ ներողություն լինի, անկեղծ ներողություն լինի, նախ ես պետք է հավատամ, որ ինչ-որ սխալ բան եմ արել: Երբ ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել, ներողություն խնդրելը անազնիվ կլինի: Թե չէ՝ կարելի է ներողություն խնդրել, այս հարցը փակել, նույնիսկ հերոսանալ, որ վերջ ի վերջո ազնիվ մեկը կա այս հասրակության մեջ, որ ներողություն է խնդրում: Բայց այդ ներողությունը անկեղծ չի լինի, ազնիվ չի լինի, որովհետև դա սուտ կլինի, որովհետև ես չեմ զգում, որ սխալ բան եմ արել: Նախ ասեմ, որ եթե ես զգայի, որ սխալ բան եմ անում, այդ ժամանակ չէի անի: Սա է իրականությունը:

Արամ Աբրահամյան: Դուք ասացիք, որ երեք տարվա ընթացքում իշխանությունը կարող էր ամոքել այդ վերքը: Ինչպե՞ս պետք է դա աներ:

Վարդան Օսկանյան: Ամենապարզ ճանապարհներից մեկը բոլոր այն բանտարկյալներին, որ այդ դեպքերի արդյունքում ազատազրկվել էին, նրանց միանշանակորեն պետք էր բաց թողնել: Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահի առաջին որոշումներից մեկը, առաջին ստորագրած փաստաթղթերից մեկը, դա պետք է լիներ: Եվ ես հույս ունեի, որ նախագահը դա կանի: Ես հույս ունեի, որ երբ նախագահը իր երդմնակալության արարողությունից հետո օպերայից գնաց իր գրասենյակ, նրա առաջին քայլը դա կլիներ: Իհարկե, կարող եք ասել, որ օրենքի հետ կապված շատ հարցեր կան: Ճիշտ է, միգուցե առաջին օրը չէր անի: Բայց ինչ-որ ձև կարելի էր գտնել այդ մարդկանց դուրս հանելու համար: Դրանով առաջին քայլը կարվեր այդ վերքը փակելու համար: Եվ եթե դա արվեր, ես համոզված եմ իսկապես, որ այսօր մենք մարտի 1-ի նախօրեին քաղաքականապես, բարոյապես, հոգեպես բոլորովին այլ հարթության վրա կլինեինք:

Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում հնարավորինս սաստելու և սանձահարելու համար: Շնորհակալություն:

Վարդան Օսկանյան: Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում մեղմացնելու համար հայ-թուրքական գործընթացում մենք պետք է կարողանանք ավելի կտրուկ փոփոխություն մտցնել: Հայ-թուրքական գործընթացով մենք Թուրքիային տվեցինք այդ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի հարցով առավել մեծ ներգրավվածություն ունենալու մեր տարածաշրջանում: Դա Թուրքիային լայն հնարավորություններ տվեց, և այսօր Թուրքիան դա ամբողջությամբ շահարկում է: Ճիշտ է, նախագահը կասեցրեց գործընթացը, բայց ես այդ ժամանակ էլ ասացի՝ բավարար չէր:  Հակառակը, դա Թուրքիայի վրայից ճնշումը հանելով հանդերձ Թուրքիային չազատեց ԼՂ հարցում ինչ-որ դերակատարություն ունենալուց: Այնպես որ, մի կողմից մենք ոչինչ չստացանք, մյուս կողմից, Թուրքիան շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ:

Ճանապարհներից մեկը Հայաստանի մասով Ղարաբաղի հարցում Թուրքիային մեկուսացնելն է: Այլ հարցերում մի քիչ դժվար է, մեզնից կախված չէ։ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, երկաթգիծ են կառուցում, նավթամուղ կա, գազամուղ կա, առևտուր ունեն: Այնտեղ մենք չենք կարող միջամտություն ունենալ, բայց մեր մասով ես տեսնում եմ այդ հնարավորությունը:

-Մարտի մեկից առաջ արտգործնախարարության մի քանի աշխատակիցներ հանդես եկան հայտարարությամբ, ասացին, որ կարող է արյունահեղություն լինել և այլն: Ինչպե՞ս եք գնահատում նրանց արարքը։

Վարդան Օսկանյան: Նրանց արարքի գնահատականը ես այն ժամանակ եմ տվել։ Սա ցավով եմ ասում։ Այդ տղաները աշխատանքից հեռացվեցին: Ես օրենքի տառով առաջնորդվեցի: Մի փոքր նորություն ասեմ այդ կապակցությամբ, որ մինչ այս կարծես չի ասվել։ Հինգ-վեց դիվանագետների այդ հայտարարությունը նույն բովանդակությամբ իմ խոսնակի կողմից նույն առավոտյան կամ մեկ օր առաջ ինձ առաջարկվել էր, որպես հայտարարություն նախարարության անունից: Ես մերժել էի, ու նույն կամ հաջորդ երեկոյան դիվանագետները ստորագրեցին այն: Հաճախ է եղել, որ մերժել եմ տարբեր տեքստեր կապված ԼՂ-ի, Ադրբեջանի կամ որևէ այլ հարցի հետ։ Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե մի քանի հոգով որոշեին դա ստորագրել կամ հայտարարություն անել: Դուք ի՞նչ կանեիք։ Բնականաբար կհեռացվեին աշխատանքից: Ճիշտ է, մեկն արտաքին քաղաքականությանն է վերաբերում, մյուսը՝ ներքին, անվտանգության, գոյատևման խնդիրներ են, բայց էությամբ նույնն են: ԱՄՆ-ի նման ժողովրդավար պետությունում Ջոն Էվանսը աշխատանքից հեռացվեց արտաքին քաղաքականությունից շեղվելու համար՝ «ցեղասպանություն» բառը հնչեցնելու համար: Այդ մի բառի պատճառով դեսպանը պաշտոնից հեռացվեց։ Մեր պարագայում մի բառ չէր, մի ամբողջ տեքստ էր: Ցավում եմ, որ ստիպված էի նման քայլի գնալ, որովհետև բոլորն էլ լավ դիվանագետներ էին, ներդրում և հետագայում անելիք ունեին։ Դժբախտաբար այդպես եղավ:

Մարտի մեկից հետո ձերբակալվածները այսօր քաղբանտարկյալ են։ Ձեր նախարար լինելուց հետո դրական փոփոխություններ նկատո՞ւմ եք։ Երկրորդ նախագահի վերադարձը ինչ-որ բան կփոխի՞։

Վարդան Օսկանյան: Երկրորդ նախագահի վերադարձի հետ կապված ոչ մի ասելիք չունեմ։ Այդ հարցը նրան է պետք տալ: Ինչ վերաբերում է իմ քննադատություններին այն հարցերին, որոնք իմ ժամանակ էլ կային, սրա տրամաբանությունն էլ չեմ տեսնում: Մի՞թե մենք չենք կարող քննադատել այն երևույթները, որ մեր պաշտոնավարման ժամանակ էլ եղել են։ Դա նշանակում է, որ այսօրվա քաղաքական դաշտում գտնվողներից որևէ մեկը, չնչին բացառություններով, չպիտի կարողանա քննադատել ինչ-որ բան, որովհետև բոլորը ինչ-որ ձևով այս կամ այն իշխանության մաս են կազմել: Ես այդ տրամաբանությունը չեմ ընդունում: Դա շատ պրիմիտիվ է։ Պետությունները, հասարակությունները այդպես չեն ձևավորվում և զարգանում: Գտնում եմ, որ յուրաքանչյուր անհատ, որ պաշտոնավարության ընթացքում եղել է անկեղծ, ազնիվ, իր պաշտոնը չի օգտագործել անձնական հարստացման համար, ամեն տեսակ հարց բարձրացնելու բարոյական իրավունք ունի:

Բանտարկյալների մասին իմ ձևակերպումը հետևյալն է՝ անազատության մեջ գտնվողներ քաղաքական գործունեության արդյունքում: Երևի նույն բաներն են, բայց ես նախընտրում եմ այս ձևակերպումը: Այո, գտնում եմ, որ բոլոր մարդիկ, որ մարտի մեկին իրենց քաղաքական գործունեության արդյունքում հայտնվել են անազատության մեջ, պիտի առաջին օրվանից ազատ արձակվեին: Այսօր էլ ուշ չէ, որպեսզի կարևոր առաջին քայլն արվի արդեն վերքը փակելու համար: Ուշացել է, բայց համենայն դեպս, ամեն ինչ սպառված չէ: Հասարակությունը կա, գոյատևում է, լարվածությունը կա, պետք է դա փորձել վերացնել:

http://www.civilitasfoundation.org/am/2009-06-01-12-28-40/638-one-hundred-questions-and-answers.html
Հարյուր հարց ու պատասխան