Դիտել l Կարդալ |
Սիվիլիթաս հիմնադրամի «Հասարակական կազմակերպություններ. ձեռքբերումներ և ձախողումներ» թեմայով քննարկումը նվիրված էր Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությանը, քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրներին ընդհանրապես: Գլխավոր բանախոսներն էին «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը,
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը: Քննարկումը վարում էր լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:
Ստեփան Դանիելյանի համոզմամբ` հասարակական կազմակերպությունները, որպես հասարակության ձայնն արտահայտողներ, մեծ դեր ունեն: «Այդ դերը պայմանավորված է իշխանությունների վարած քաղաքականությամբ: Եթե իշխանությունը իր առաջ խնդիր է դնում վարել որոշակի հասարակական և ներքին քաղաքականություն, բնականաբար, կարող է ունենալ գործընկերներ եւ թշնամիներ: Սակայն այսօր իշխանությունները վարում են հակահասարակական քաղաքականություն, որովհետև իշխանությունները սպասարկում են իրենք իրենց: Տնտեսական, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում իշխանությունների ամենաթողությունը սահմանափակում են մարդու իրավունքները: Եվ այդ առումով` հասարակական կազմակերպություններին, որոնք պատրաստ են ծառայել հասարակությանը, իշխանությունը դիտում է որպես թշնամի», ասաց Դանիելյանը:
Քննարկման մյուս մասնակից Մարինե Պետրոսյանը նկատեց, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունների զգալի մասը լեգիտիմություն ունի ոչ թե հասարակության, այլ իշխանության կամ միջազգային կազմակերպությունների շրջանում, այնտեղ է լեգիտիմություն որոնում` ի դեմս դրամաշնորհների: «Հասարակական կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն ոչ թե պետությանը, այլ` հասարակությանը», ասաց նա: Պետրոսյանի խոսքերով` հասարակական կազմակերպություններն առաջին հերթին մտածում են, թե որտեղ կան դրամաշնորհներ, և ինչ թեմաների արծարծման համար են դրանք տրվում, և ոչ թե այն մասին, թե ինչ կարիքներ ունի հասարակությունը:
«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը նշեց, որ ՀԿ-ների վերաբերյալ իրենց անցկացրած ուսումնասիրությունների համաձայն, տպավորություն է ստեղծվում, թե հայաստանյան ՀԿ-ները չեն կարող դառնալ հասարակության այն բջիջները, որոնք տրամադրություններ կամ ազգային շահեր են արտահայտում, և որոնք ընդունվում են նաև իշխանությունների կողմից։ Նրա խոսքերով՝ Հայաստանում ամենից շատ ժողովրդականություն են վայելում բնապահպանական հարցերով զբաղվող կազմակերպությունները, և հակառակը՝ թերահավատություն կա այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք փորձում են քաղաքական հարցեր քննարկել։
Սիվիլիթասի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյան քննարկման վերջում նույնպես անդրադարձավ հասարակական կազմակերպությունների քաղաքականացման խնդրին, սակայն այլ տեսանկյունից: «Հասարակական սեկտորը ժողովրդավարական պետության կարևորագույն բաղադրիչներից է, ժողովրդավարության հենասյունը, և հասարակական կազմակերպությունների գործունեությունը անհրաժեշտ է և’ հասարակությանը, և’ պետությանն ու իշխանությանը», քննարկմանն ասաց Վարդան Օսկանյանը:
«Դժբախտաբար, Հայաստանում ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է, և իշխանությունները ՀԿ-ների գործունեությունը քաղաքական տեսանկյունից են դիտում: Թեև կան մասնագիտացված ՀԿ-ներ, սակայն իշխանությունների համար դրանք բաժանվում են քաղաքական հետեւանք ունեցող և չունեցող կազմակերպությունների», ասաց Օսկանյանը, ընդգծելով, որ իդեալական կլիներ, եթե ՀԿ-ները սնվեին ժողովրդի կամ տեղական գործարարության կողմից: