Սիվիլիթաս հիմնադրամը փետրվարի 14-ին Ստեփանակերտի “Արցախ պարկ հոթել” հյուրանոցում ներկայացրեց իր տարեկան հերթական` հինգերորդ զեկույցը, որը կրում է “Հայաստան-2012. Ընտրությունների տարի” խորագիրը: Զեկույցի ներկայացումից անմիջապես հետո կազմակերպվեց հանրային քննարկում “Հայաստանի նախագահական ընտրությունները և ղարաբաղյան կարգավորումը” թեմայով:
Քննարկումը կազմակերպվել էր Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի հետ համատեղ: Բանախոսներն էին Արցախի Ազգային ժողովի երկու պատգամավորներ` ԼՂ նախագահական վերջին` 2012-ի ընտրություններում շուրջ 33 տոկոս քվեներ ստացած Վիտալի Բալասանյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը: Քննարկմանը մասնակցում էին Արցախի կառավարական, կուսակցական, հանրային, փորձագիտական և լրագրողական շրջանակների ավելի քան յոթ տասնյակ ներկայացուցիչներ: Քննարկումը վարում էր լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:
Բանախոսները անդրադարձան Հայաստանի նախագահական ընտրություններին և դրանց ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան հնարավոր համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական զարգացումներին:
Սիվիլիթասը Գյումրիում ներկայացրեց տարեկան զեկույցը
Փետրվարի 6-ին Գյումրիի «Արևամանուկ» կենտրոնում Սիվիլիթասը ներկայացրեց իր տարեկան հինգերորդ զեկույցը՝ «Հայաստան 2012. Ընտրության տարի», որին հաջորդեց «Ապակենտրոնացման հրամայականը եւ հեռանկարները» թեմայով հանրային քննարկում: Լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը, ով վարում էր քնարկումը, նկատեց, որ Սիվիլիթասի համար, որպես ապակենտրոնացման օրինակ, կարևոր է տարեկան զեկույցները Երևանից դուրս ներկայացնել նաև Ստեփանակերտում, Գյումրիում և Վանաձորում:
Քննարկմանը որպես բանախոսներ մասնակցում էին Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մասնաճյուղի նախագահ Սեյրան Մարտիրոսյանը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի պետ, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը և ազգագրագետ, «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ Արտաշես Բոյաջյանը: Բանախոսները նշեցին, որ ապակենտրոնացման քաղաքականությունը կյանքի կոչելու և Երևանը «բեռնաթափելու գործում» առաջին հերթին կարևոր է կենտրոնական իշխանությունների կեցվածքը, որոնք սոցիալ-տնտեսական ճիշտ և համաչափ քաղաքականություն չեն իրականացրել 1991-ի անկախությունից ի վեր:
Սեյրան Մարտիրոսյանի խոսքերով՝ Հայաստանում տեղական ինքնակառավարումը չի կայացել, հանրապետության ավելի քան 900 համայնքներից և ոչ մեկը մարդու համար ապահով, անվատանգ, գրավիչ տարածք չի դարձել: Արտաշես Բոյաջյանը Գյումրին համեմատեց մեծ գյուղի հետ. նախկին 230 հազար բնակչություն ունեցող քաղաքում այսօր մնացել է միայն 100 հազարը, արդյունաբերական ձեռնարկություններ չեն աշխատում, հասարակությունը բաժանված է երկու հիմնական շերտի՝ վաճառողներ և գնորդներ: Սերգեյ Նազարեթյանի խոսքերով՝ մշակույթը և զբոսաշրջությունը այն երկու հիմնական ուղղություններն են, որոնք կարող են օգնել Գյումրիի վերելքին:
Բանախոսները անդրադարձան նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման և հայ-թուրքական սահմանի բացման խնդիրներին, Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու հայաբնակ Ջավախքին: Շիրակի մարզը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին, այնտեղ է գտնվում հայ-վրացական երեք սահմանադռներից մեկը: Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցը, որը աշխատում էր խորհրդային տարիներին, 1993-ից չի գործում ղարաբաղյան հակամարտության պատճառով:
Փետրվարի 14-ին Սիվիլիթասը իր տարեկան զեկույցը կներկայացնի Ստեփանակերտում, ինչպես նաև կկազմակերպի հանրային քննարկում: