Սիվիլիթաս հիմնադրամը երեկ քննարկում էր կազմակերպել “Անկախության քսան տարիները Հայաստանում և տարածաշրջանում” թեմայով: Հյուրերն էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Դեսպանների խոսքից որոշ մեջբերումներ ներկայացված են ստորև:
Հանս-Յոխեն Շմիդտ
Հայաստանում փոփոխությունների համար քաղաքական կամք է հարկավոր: Իսկ երկրի ներկա իրավիճակի համար պատասխանատու են թե՛ ներկա, թե՛ նախկին նախագահները: Առիթ եմ ունեցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնել 1995-96 թթ. և 2008թ. ընտրությունների նմանությունների մասին, ինչը, սակայն, Տեր-Պետրոսյանը չի ընդունել: Նրանց համար դժվար է դա ընդունել և համեմատել: Այն ժամանակվա քաղաքականությամբ հիմք դրվեց ներկայիս օլիգոպոլ տնտեսությանը:
Անկախության սկզբից Հայաստանը լուրջ մարտահրավերների է առերեսվել, ինչպես երկրաշարժը, Ադրբեջանի հետ հակամարտությունը, արտագաղթը, որոնք բացասաբար են ազդել երկրի զարգացման տեմպերի վրա, և ինչի պատճառով Հայաստանն այսօր հետ է մնում, օրինակ, բալթյան երկրներից:
Օրենքները պետք է ոչ միայն ընդունել, այլև իրագործել՝ դրանց լավ լինելը գործով ապացուցելով: Եթե Հայաստանը ցանկանում է մերձենալ Եվրամիության հետ, պետք է մի շարք մարտահրավերներ հաղթահարի՝ կոռուպցիա, մաքսային գործընթացներ, տնտեսության մրցունակության ապահովում և այլն:
Կենտրոնական բանկը Հայաստանում միակ պետական կառույցն է, որտեղ բարձր աշխատավարձ են վճարում, անելիքներ կան նաև մասնավոր ոլորտում: Պետք է շեշտադրել աշխատողների իրավունքների պաշտպանությունը: Օրինակ՝ կարելի էր պարտադրել «Մարիոթի» պես միջազգային կազմակերպությանը ավելի բարձր վարձատրել աշխատողներին:
Եվրամիություն-Հայաստան տնտեսական համագործակցության հարցում դեռևս հաջողություններ չկան, իսկ տարածաշրջանում էներգետիկ համագործակցությունն իրականացվում է առանց Հայաստանի, քանի որ վերջինս դուրս է մնացել նավթամուղի շինարարությունից: Մտավախություն ունեմ, որ Հայաստանը զարգացման տեմպով հետ է մնում մյուսներից: Թուրքիայի հետ բաց սահմանը դրական կազդի տնտեսական զարգացման վրա:
Ջոն Էվանս
Հայաստանն աշխարհում լավ դիրք ունի: Լուրջ բարելավումներ եմ տեսնում, բայց մայրաքաղաքում: Իսկ թերություններ տեսնում եմ անգամ իմ երկրում:
Ամեն երկիր Հարավային Կովկասը տարբեր է տեսնում: Որոշակի փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում, և ապագայի մասին պետք է մտածել՝ հաշվի առնելով տեղի ունեցող փոփոխությունները:
Կովկասի երեք երկրներում առկա է սեփական խնդիրները լուծելու նպատակով արտաքին դաշնակիցների կամ ուժերի որոնման միտումը։ Սա հետխորհրդային հասարակության շրջանում լայն տարածում գտած խնդիրներից է։
Հեշտ է ասել, թե ԱՄՆ-ը կարող է ազդել Անկարայի վրա: Սակայն Թուրքիայի հետ երբեմն ունենք բարդ հարաբերություններ: Դրսից լուծման սպասելու փոխարեն տեղի մարդիկ պետք է խնդրին լուծում գտնեն, իսկ աշխարհը կօժանդակի:
Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ինչը չի նշանակում դառնալ բարեկամ երկրներ: Դիվանագիտական հարաբերությունները պարզապես կնպաստեն, որ երկրները շփվեն առանց բարձրախոսի դիվանագիտության: Որպես օրինակ կարող եմ նշել Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները, որոնք տարածքային խնդիր ունեն: Երկրները պետք է կարողանան առաջ անցնել՝ առանց անցյալը մոռանալու:
Ներկա զարգացումները կարող են լինել փոքր պետությունների վերադարձի ժամանակաշրջան։ Նայեք Սինգապուրին և այլ փոքր պետությունների, որոնք կարողացել են հարմարավետ միջավայր ստեղծել։ Ինտերնետը ևս օգնում է աշխարհն ավելի հասանելի դարձնելու գործում։
Յուրաքանչյուր ոք Հարավային Կովկասը տարբեր տեսանկյուններից է դիտարկում։ Այն անհանգիստ տարածաշրջան է, և առկա խնդիրները հեշտ չէ հաղթահարել։ Շրջափակման վերացման դեպքում մեծ ներուժի ականատես կլինենք։
Հոդվածը տպագրվել է Օրակարգ տնտեսական օրաթերթում սեպտեմբերի 28-ին