Սիվիլիթաս հիմնադրամը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, Երևանի ավագանու ընտրությունները լիարժեք լուսաբանելու և իսկական մրցարշավ խթանելու նպատակով կազմակերպում է մասնակից կուսակցությունների բանավեճ: Երևանի ավագանու ընտրությունների շուրջ մրցակից կուսակցությունների թեկնածուների միջև բանավեճը կկայանա ապրիլի 30-ին ժամը 14:00-ին Մոսկվա կինոթատրոնում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հանրության կողմից սովորաբար պակաս ուշադրության են արժանանում, քան խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները: Մինչդեռ քաղաքացիների ամենօրյա կյանքի վրա անմիջական ազդեցություն ունեն հենց տեղական իշխանությունները: Երևանի գրեթե բոլոր քաղաքապետերը եղել են իշխող կուսակցության անդամ և, որպես կանոն, հաշվետու են եղել իրենց կուսակցություններին, ոչ թե՝ ընտրողներին: Սրանք են պատճառները, որ քաղաքացիները լիարժեք տեղյակ չեն քաղաքային իշխանությունների լիազորություններից, ինչպես նաև իրենց իրավունքներից և պարտականություններից:
Քանի որ լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանումը մեծապես անհատականացված է և ոչ ծրագրային՝ հանրությունը բավարար չափով իրազեկված չէ, թե թեկնածուներն իշխանության գալու դեպքում ինչ լուծումներ են առաջադրում: Սա ևս նպաստում է հանրության շրջանում այն տպավորության ստեղծմանը, որ ընտրությունները կանխորոշված են, և իրենց մասնակցությունը նշանակություն չի կարող ունենալ:
Հրավիրում ենք Երևանի ընտրողներին մասնակցելու ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բանավեճին և անմիջականորեն հարցեր ուղղելու թեկնածուներին:
Միջոցառումը կազմակերպվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: