Փետրվարի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր իր հերթական հանրային քննարկումը «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» թեմայով: Բանախոսներն էին Կարինե Հարությունյանը՝ Գալա հեռուստաընկերության գործադիր տնօրեն, Արմեն Մելիքբեկյանը՝ Epress ինտերնետային պարբերականի համահիմնադիր և Գեղամ Բաղդասարյանը՝ ԼՂՀ-ում լույս տեսնող Անալիտիկոն հանդեսի գլխավոր խմբագիր: Քննարկումը վարում էր Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան մամուլի ազատությանը, այլընտրանքային լրատվական ռեսուրսներին և այլ թեմաների:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլիներ, եթե բոլոր լրատվամիջոցները միավորվեին և կանխարգելեին մյուսների փակումը, Կարինե Հարությունյանը նշեց, որ մինչ օրս լրատվամիջոցները միասնականություն չեն ցուցաբերել, բայց բոլորը պետք է հասկանան, որ չպայքարելու դեպքում,Գալայի հետ պատահածը, կարող է նաև իրենց հետ պատահել: “Գալային պատժեցին, որ ուրիշներին ցույց տան` ինչ կպատահի, եթէ չենթարկվեն”:
Ըստ Արմեն Մելիքբեկյանի ինչպես հեռուստատեսությունը, այնպես էլ ինտերնետային լրատվամիջոցները ղեկավարվում են ոչ լրագրողների կողմից: Լրագրողները չեն տիրապետում լրատվական դաշտին:
Անդրադառնալով հնարավոր բարելավման հեռանկարին Գեղամ Բաղդասարյանի պնդումը հետևյալն էր. “հնարավոր չէ բարելավում մի ոլորտում, մինչև երկրի վիճակը չբարելավվի”: Սակայն լրատվական միջոցները չեն կարող նստել ու սպասել, մինչև աշխատեն բարելավված երկրում, նրանք պիտի ստեղծեն բարելավված երկիր կառուցելու հիմքերը, այլապես հավի ու ձվի հարցը կդառնա: Կարինե Հարությունյանի համոզմամբ սակայն. “անկարող ենք ինչ-որ բան փոխել ԶԼՄ-ներում` առանց որոշ բաներ փոխելու իշխանություններում”:
Իսկ որո՞նք են այսօր մամուլի խնդիրները: «Պրոֆեսիոնալիզմի որակի լուրջ բացակայություն»,-նշեց Գեղամ Բաղդասարյանը: Խորհրդային կարգերում չկար խոսքի ազատություն, բայց խոսքն արժեք ուներ: Հիմա կա խոսքի ազատություն, բայց խոսքի արժեքը պահպանելու համար մենք ունենք պրոբլեմ»:
Ըստ Արմեն Մելիքբեկյանի՝ խնդիրներից մեկն ազատ ֆինանսական միջոցների բացակայությունն է: Կարինե Հարությունյանը հավատացած է՝ «Եթե դու աշխատում և քո նպատակին հասնում ես նորմալ լրատվությամբ, ուշ թե շուտ ֆինանսական հատուցում կունենաս»:
Տպագիր մամուլի դեպքում ամենամեծ խնդիրը թերթերի` ընթերցողներից կախված չլինելն է. Գեղամ Բաղդասարյանի կարծիքով շատ հաճախ տպագիր մամուլն առաջնորդվում է` ”Գումար կա` տպագրվում են” սկզբունքով: Այն խնդրի վերաբերյալ, թե ինչու չկա անկախ մամուլի ինստիտուտ, նա նշեց երկու խնդիր՝ ընթերցողները չեն, որ ոճ, ուղղվածություն և թեմա են որոշում, մյուս խնդիրն այն է, որ լրատվությունը դեռ բիզնես չի դարձել:
Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը խոսեց այն մասին, որ «բիզնեսը չի թելադրում իր շահերը, այլ իշխանությունն է թելադրում։ Ինչո՞ւ է իշխանությունը դա անում. որովհետև այսօր կա քաղաքական մենաշնորհ։ Եթե չլիներ քաղաքական մենաշնորհ, իշխանությունը չէր կարող իր կամքը թելադրել հեռուստաընկերություններին»:
Ինչը կարող է հանդիսանալ այն ընդհանուր շահը, որը կմիավորի լրատվամիջոցներին: Արմեն Մելիքբեկյանի պատասխանը սպառիչ էր. մրցակցությունը կարող է լինել այն շահը, որի շուրջ կարող են համախմբվել լրատվամիջոցները:
Քննարկվեց նաև ինտերնետի դերը լրատվական աշխարհում: Ըստ Գեղամ Բաղդասարյանի, այսօր հեռուստատեսությունը կորցրել է վստահության ողջ ռեսուրսները, բայց ինտերնետը արտամղելու է հնացած քաղաքական գաղափարները: Ինտերնետը դեռ ամեն ինչ չի զավթել, բայց ժամանակը կգա, որ ինտերնետը դուրս կմղի հեռուստատեսությանը, ապագան այլընտրանքային լրատվական միջոցներինն է: Նա ավելացրեց որ իշխանությունը մտածում է՝ ինչպես պայքարել սրա դեմ, մամուլը պետք է որոշի իր հետագա անելիքները, եթէ ոչ՝ « Սա կլինի վերջին մեխն ազատ մամուլի դագաղին»: Քննարկման ավարտին հարցեր և տեսակետներ հնչեցին նաև դահլիճից: