Թոմաս դե Վաալ. առաջիկայում պատերազմի հավանականությունը մեծ չէ
Բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը կարծում է, որ Կովկասում հակամարտությունները ոչ թե “սառեցված” են, այլ` “ննջող”: Մարտի 9-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» թեմայով քննարկման ընթացքում դե Վաալը, ով Երևան էր ժամանել Բաքվից, մոտ ապագայում քիչ հավանական համարեց նոր պատերազմի հավանականությունը Լեռնային Ղարաբաղում:
“Վրաստանի դեպքում մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի աղետ բերեց օգոստոսյան պատերազմը:
Չեմ կարծում, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, չնայած, որ նա ավելացնում է իր սպառազինությունները: Իր հերթին, Հայաստանն էլ ուժեղացնում է պաշտպանական հնարավորությունները”,- ասաց նա:
Քննարկումը վարող Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալփի Ղազարյանը հիշեցրեց, որ 1998 թվականից ի վեր Հայաստանը “այո” է ասել միջնորդների ներկայացրած բոլոր փաստաթղթին, իսկ Ադրբեջանը` “ոչ”: Վերջին` Սոչիի առաջարկները, ընդունելի են Ադրբեջանի համար, մինչդեռ հայկական կողմը հակված չէ “այո” ասել այդ փաստաթղթին, իսկ անցած տարվա հոկտեմբերից նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է, որ հակամարտության կողմերն անգամ մոտ չեն համաձայնագրին:
Թոմաս դե Վաալը բացատրեց, որ այսօր սեղանին դրված փաստաթուղթը պարունակում է “երկիմաստություն”, հատկապես կարգավիճակի հարցում մտցված բավականաչափ փոփոխություններն արդեն բավարարում են Ադրբեջանին:
Բրիտանացի հեղինակը կարգավորման իր տեսակետն այսպես ներկայացրեց. ղարաբաղահայությունը անկախություն է ուզում, Ադրբեջանը` տարածքային ամբողջականություն, այսպիսով` այս երկու դիրքորոշումները անհամադրելի են, փոխբացառող: Բրիտանացի հեղինակը կարծում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը լիարժեք կառավարում, լիարժեք անվտանգություն ստանան, ապա նրանց համար դա կլինի ոչ թե զիջում, այլ` հաղթանակ:
Ղարաբաղյան կարգավորման շրջանակներում վերջին հինգ տարիներին բանակցվող փաստաթղթի ամբողջ “հմայքն” այն է, որ դրա կյանքի կոչվելու դեպքում Լեռնային Ղարաբաղը կստանա “միջանկյալ անկախություն եւ անվտանգության երաշխիքներ` պահպանելով հետագա լիակատար անկախության հույսը”, ասաց դե Վաալը։ Այս և մի շարք այլ մեկնաբանություններ ներկաների մի մասն ակնհայտորեն դժգոհությամբ ընդունեց: Սրահում ներկաներից մեկը հռետորական հարց ուղղեց` արդյոք հայկական կողմից Ադրբեջանին հող վերադարձնելը և անորոշ ապագայում կարգավիճակի հարցում քվեարկությունը հավասարազո՞ր փոխզիջումներ են:
Թոմաս դե Վաալն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ջանքերը բավարար չեն հաջողության հասնելու համար: “Աթոռն ունենում է չորս ոտք, մինչդեռ խաղաղության գործընթացն այսօր ունի միայն երկու ոտք. բանակցություններ հիմնարար սկզբունքների փաստաթղթի շուրջ և հրադադարի ռեժիմի պահպանում շփման գծում, ընդ որում` այս երկրորդ ոտքը բավական երերուն է”:
Անդրադառնալով պատերազմական քարոզչությանն ու ռազմական հռետորությանը, դե Վաալը նշեց. “Ադրբեջանը վիրավորված ազգ է, խոցված է: Լեռնային Ղարաբաղը մի կողմ, բայց այդ մարդիկ` ադրբեջանցիները, իրոք խոցված են: Հայկական զորքը կանգնած է Աղդամում, Ֆիզուլիում, այդ տարածքները հայկական չեն”:
Քննարկման վերջում ներկաներին` դիվանագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, ուսանողներ, հնարավորություն տրվեց հարցեր ուղղել օրվա բանախոսին