Հուլիսի 26-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ ՍիվիլՆեթի «Թեղուտ՝ 10 տարի անց. դբա լա՞վը» կարճ վավերագրական տեսաֆիլմի հանրային ցուցադրությունը և քննարկումը, որին ներկա էր շուրջ 100 մարդ։
Քննարկման բանախոսներն էին Բնապահպանության նախարարության Բնապահպանության և տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, տնտեսագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Ալեքսանդր Գրիգորյանը։ Սիվիլիթասի՝ միջոցառմանը բանախոսելու հրավերը «Վալլեքս» ընկերությունը մերժեց։
Արթուր Գրիգորյանը նշեց, որ Թեղուտի տարածքում եղած հնարավորությունները թույլ էին տալիս զարգացնել հանքարդյունաբերությունից տարբեր ուղղություններ։ «Թեղուտի հանքավայրն այն տարածքում չէր գտնվում, որի շահագործումը լավագույն լուծումն էր այդ տարածքի սոցիալական խնդիրները լուծելու համար»,- նշեց Գրիգորյանը։ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ տարիներ շարունակ վարած իրենց պայքարը ոչ միայն Թեղուտ և Շնող համայնքների բնակիչների, այլ բոլորի համար է եղել։ Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով էլ՝ հանքարդյունաբերությունը պետք է դադարի համարվել տնտեսության շարժիչ ուժ, իսկ այդ ոլորտում հարկային քաղաքականությունը պետք է ամբողջությամբ փոխվի։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության» ենթադրամաշնորհի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ կողմից՝ ԵՀՀ-ի հետ համագործակցությամբ։
«Թեղուտ՝ 10 տարի անց. դբա լա՞վը» տեսաֆիլմը կարելի է դիտել այստեղ, քննարկման ֆոտոպատմությունը՝ այստեղ, իսկ միջոցառման ուղիղ հեռարձակման տեսագրությունը՝ այստեղ։