Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խորհրդի անդամ, աշխարհահռչակ ռոք երաժիշտ և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Սերժ Թանքյանը, օգոստոսի 12-ին` իր առաջին համերգից առաջ, հանդիպեց Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանի և տնօրեն Սալբի Ղազարյանի հետ:
Երևանյան առաջին համերգը, Հայաստան նախկինում երկու անգամ այցելած, Սերժ Թանքյանի համերգային շրջագայության մաս էր, որը հնարավորություն ընձեռեց ավելի քան երկու հազար հայաստանցի երկրպագուների առաջին անգամ ներկա գտնվել նրա համերգին Երևանում:
Սերժ Թանքյանը խոսեց Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման, հատկապես երիտասարդական նոր շարժումների վերաբերյալ իր տպավորությունների մասին: Նախորդ օրը, Երևան ժամանելուն պես, նա հանդիպել էր բնապահպանական շարժման ներկայացուցիչների հետ և այդ առիթով ասել, որ տպավորված է երիտասարդների նվիրվածությամբ և նրանց կատարած աշխատանքով: “Կարծում եմ, դա կարևոր է, թե բնապահպանական խնդիրների մակարդակում, թե մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական մակարդակում: Ես իսկապես կարծում եմ, որ այստեղ որոշակի զարթոնք է տեղի ունենում”, ասաց Սերժ Թանքյանը:
Մինչ համերգը և համերգից անմիջապես հետո ֆեյսբուքը և այլ սոցիալական ցանցերը լի էին հայաստանցի երիտասարդներ Սերժ Ֆենոմենին դիմավորող դրական արձագանքներով:
Սերժ Թանքյանի հարցազրույցի հայերեն թարգմանությունը.
Ես, առավել քան երբևիցե, երիտասարդական շարժման ծիլեր եմ տեսնում Հայաստանում: Երեկ հանդիպեցի Թեղուտի պաշտպանության խմբի հետ և տեսա, որ նրանք նվիրված են իրենց գործին և իսկապես կանեն ամեն ինչ անտառը փրկելու և պղնձի հանքի շահագործումը կանխելու համար:
Կարծում եմ, որ դա կարևոր է, թե բնապահպանական խնդիրների մակարդակում, և թե մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական մակարդակում: Ես իսկապես կարծում եմ, որ այստեղ որոշակի զարթոնք է տեղի ունենում: Կարծում եմ` իմ սեփական փորձից ելնելով, դա տեղի ունենում, երբ դադարում ես ուշադրություն դարձնել, թե մարդիկ ինչ են կարծում, և հասկանում ես այն, ինչ զգում ես, ինչ մտածում ես, և սկսում ես անել դա: Մենք` հայերս, չափից մեծ նշանակություն ենք տալիս, թե ուրիշներն ինչ են կարծում, թե մեր մասին ինչ են մտածում օտարները: Մենք հովանավորում ենք այն խմբերին կամ կառույցներին, որոնց նկատմամբ օտարների վերաբերմունքը դրական է: Սակայն հիմա մենք սկսել ենք այլ կերպ վարվել և ասում ենք` մենք առանձնահատուկ ենք և ինքներս ենք կարող ենք մեզ գնահատել: Եվ որքան շատ մեր մտածելակերպը տարբերվի կարծրատիպերից, և որքան շատ մենք ասենք` ինչո՞ւ մենք չենք կարող սա անել, ինչո՞ւ չենք կարող դա անել, այնքան ավելի ազատ ազգ կդառնանք: Որովհետև որքան ազատ է անհատը, որքան ավելի համարձակ է “հայկական ավանդական կյանքի” կարծրատիպերից դուրս գալու հարցում, անկախ այն բանից թե որն է այդ “հայկական կյանքը”… մենք հիմա ստեղծում ենք այդ հայկական նոր կյանքը, սա նոր աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք: