Նոյեմբերի 8-ին Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Նորարարություն հանուն սոցիալական ազդեցության» ենթադրամաշնորհի շրջանակում, որն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր ՍիվիլՆեթի պատրաստած «Երևանի կռացած տրանսպորտը. հինգ տարի անց» կարճ վավերագրական տեսաֆիլմի հանրային ցուցադրություն և քննարկում։
Հանրային քննարկման բանախոսներն էին «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահագն Մինասյանը և ակտիվիստ Հելենա Մելքոնյանը։ Միջոցառմանը հրավիրված էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, որը, սակայն, չկարողացավ ներկա գտնվել քննարկմանը։
«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահագն Մինասյանը նշեց, որ Երևանի քաղաքային տրանսպորտի որակի փոփոխության հետ կապված սակագնի թանկացումն այս պարագայում անգամ արդարացված չի լինի։ Այն պետք է նախ հիմնավորված լինի սոցիալական բաղադրիչներով, մասնավորապես՝ ուսանողների, տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց և անապահով ընտանիքների հետ կապված։
Ակտիվիստ Հելենա Մելքոնյանը Երևանի քաղաքային տրանսպորտի ներկայիս վիճակի հետ կապված հարցին պատասխանեց, որ, ինչպես հինգ տարի առաջ, այնպես էլ հիմա, քաղաքացիների տեղափոխման խնդիրը մնացել է նույն կարգավիճակում։ Նա հույսը կապում է Երևանի նորընտիր ավագանու անդամների հետ, որոնք կարող են հասնել ինչ-որ ինստիտուցիոնալ փոփոխությունների։
Քննարկումը վարում էր ՍիվիլՆեթի խմբագիր Կարեն Հարությունյանը։ Հանրային ցուցադրության և քննարկման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։