Դիտեք | {enclose Armenias_European_Prospect.m4a} |
Սիվիլիթաս հիմնադրամի պարբերական քննարկումների շարքի հերթական քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին: Այն նվիրված էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, եվրոպական ապագայի հնարավորությանը, այն խոչընդոտներին, որոնք մինչ այժմ խանգարել են և այսօր էլ խանգարում են Հայաստանում եվրոպական արժեքների ներդրմանն ու ամրապնդմանը: Քննարկմանը մասնակցեցին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, Ինտերնյուս հասարակական կազմակերպության տնօրեն Նունե Սարգսյանը: Քննարկումը վարեց Սիվիլիթասի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Վարդան Օսկանյանի խոսքը “Եվրոպական հեռանկար. հավատամք, թե պատրանք” քննարկմանը:
Այն, որ Հայաստանը բացի Եվրոպական ինտեգրումից այլընտրանք չունի, ես չեմ կասկածում: Բայց այդ ինտեգրումը վերջնակետին հասցնելու համար, եռակողմ համագործակցության անհրաժեշտություն կա: Այս եռակողմ համագործակցությունը ես տեսնում եմ այսպես. Եվրոպան` մի կողմից, մեր հասարակությունը` մյուս կողմից, և որ ամենակարևորն է`Հայաստանի իշխանությունները: Եթե այս եռակողմ համագործակցությունը ճիշտ չեղավ և յուրաքանչյուրն իր ներդրումը չունեցավ, մենք երբևէ չենք կարող հաջողության հասցնել այս գործընթացները, այսինքն` մեր ժողովուրդը օգուտ չի ստանա այս գործընթացներից: Եկեք մի կողմ դնենք անդամակցության խնդիրները: Ես միշտ, իմ նախարարության շրջանում էլ եմ ասել, որ խնդիրը անդամակցությունը չէ, այլ պետք է կարողանալ օգտվել գործընթացներից և յուրաքանչյուր օր մեր ժողովուրդը իր կյանքում տարբերություն զգա այդ համագործակցության ընթացքում:
Մենք պահանջատեր պետք է լինենք, որ եվրոպացիներն ավելի լուրջ լինեն իրենց ներգրավվածության հարցերում, այսինքն եվրոպական պահանջատիրությունը ավելի հետևողական պետք է լինի, որպեսզի Հայաստանը իր պարտականություններն իրականացնի` լինի դա Եվրոպական Միության շրջանակներում, ԵԱՀԿ-ի հետ, ՆԱՏՕ-ի հետ, վերջիվերջո դրանք պարտավորություններ են, որ մենք ստանձնել ենք, և Եվրոպան` կլինեն չինովնիկները կամ ընդանրապես Եվրոպան էական չի, ես կարծում եմ, որ պետք է հետևողական լինի:
Երկրորդը` մեր հասարակությունը, պահանջատեր պետք է լինի իր առօրյա կյանքում: Ժողովրդի պահանջատիրությունը ինքնաբուխ, բնականաբար, համազոր է եվրոպական արժեքներին: Եթե մենք պահանջատեր լինենք մեր առօրյա կյանքում, ես կարծում եմ` մենք ներքևից ճնշում կդնենք իշխանությունների վրա, որպեսզի իրենք առնվազն Եվրոպայի առաջ իրենց պարտավորությունները իրականացնեն:
Բայց ամենակարևոր օղակն իշխանությունն է: Ես այնտեղ եղել եմ, և պատճառներից մեկը, որ այսօր այնտեղ չեմ, այն է, որ մի պահ էր եկել, որ իսկապես դժվար էր խոսքի և գործի այդ տարբերությունը բացատրել եվրոպացիներին: Այդ խնդիրը միշտ եղել է, հատկապես ընտրություններից հետո, երբ Հայաստանում ինչ-որ հակաժողովրդավարական մի բան է եղել: Պատկերացրեք արտաքին գործերի նախարարի վիճակը, երբ Եվրոպայում դրվում է հարցը, թե ինչպես այսպես պատահեց: Այս օղակը` իշխանությունների ներգրավվածությունը, հավատարմությունը այս արժեքներին հաջողության գրավական է: Առանց դրա մենք ոչ մի տեղ չենք հասնի, և իմ փորձը ցույց է տվել, որ մեր հաջորդական իշխանությունները պատրաստ չեն եղել այս արժեքների ամբողջական որդեգրմանն ու կիրառմանը: Լավագույն դեպքում եղել են` շատ ընտրովի:
Այստեղ երկու խնդիր կա: Առաջին` եվրոպական արժեքների ամբողջական ընդունումը և դրանց կիրառումը իշխանությունները դիտարկել են որպես սպառնալիք հենց իշխանության համար և մինչև մենք չկարողանանաք հակակշիռներ ստեղծել մեր քաղաքական համակարգում, միշտ այդպես է լինելու: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ազատ մամուլը իշխանությունները համարելու են սպառնալիք իրենց իշխանության մենատիրության համար:
Երկրորդ` իշխանության օղակներում գտնվող այն մարդիկ, որոնցից իսկապես կախված է բարեփոխումների արդյունավետ իրականացումը, խորքային հավատամք չեն ունեցել եվրոպական արժեքների նկատմամբ: Պատճառը թե սովետական ազդեցությունն է, թե արժեքների խնդիր է, թե կրթությունն է: Այնպես որ, այդ երկու գործոնները թույլ չեն տվել առ այսօր իշխանություններին, որպեսզի նրանք ամբողջությամբ ներգրավված լինեն այս գործընթացների մեջ և իրենց կողմից ամեն ինչ անեն, որպեսզի մենք կարողանաք արդյունավետ եզրահափակման հասցնել այս գործընթացները: Եվրոպական արժեքներ չի նշանակում տարեկան մի քանի անգամ Փարիզ, Բրյուսել պաշտոնական այցելություններ կատարել: Մենք պետք է կարողանանք Բյուսելի, Փարիզի շունչը բերել Հայաստան: Եվ իսկապես` իշխանական այն օղակներում, որոնցից կախված են իրական բարեփոխումների արդյունավետ իրականացումը, պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնց մոտ այս արժեքները բնածին են, այնպիսի արժեքներ են, որոնց ամբողջությամբ հավատում են և չեն մտածում, որ դրանք կարող են վտանգ լինել իրենց իշխանության համար: