IMG_8254“Դոնոր կազմակերպությունների ռազմավարությունը Հայաստանում” թեմայով Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած այսօրվա քննարկման գլխավոր բանախոսներն էին ԱՄՆ միջազգային գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Չիմա Ջեթինդերը, Նիդերլանդների փոխդեսպան Հեյնո Վան Հաուվլինգենը և Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմըթի Սթրեյթը:

Քննարկումը վարեց Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը:  Քննարկման նպատակը հայաստանյան դոնոր կազմակերպությունների կողմից իրականացրած ծրագրերի արդյունավետության գնահատումն էր, թե հենց իրենց` դոնորների, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև հետագայում դոնորների և հասարակական կազմակերպությունների ջանքերն ավել արդյունավետ դարձնելու ուղիների որոնումը:

Բացելով քննարկումը Սալբի Ղազարյանը հարց ուղղեց մասնակիցներին, թե ինչ նպատակով են ընդհանրապես դոնոր կազմակերպությունները ծրագրեր իրականացնում Հայաստանում և այլ զարգացող երկրներում: Արդյոք դա համընդհանուր բարեկեցություն և միջազգային համերաշխության պատճառով է արվում, ի շահ բոլորի, թե դոնոր երկրներն իրենց շահերն ունեն:

Պատասխանելով հարցին, Նիդերլանդների փոխդեսպան պարոն Հաուվլինգենը ասաց, որ Նիդերլանդները փոքր երկիր է առևտրի և տնտեության առումով և հարյուրամյակների ընթացքում Նիդերլանդներում հասկացել են, որ կախված են ամբողջ աշխարհից, և որքան իրավիճակն աշխարհում բարվոք լինի, այնքան դա դրական է իրենց համար: Բայց Նիդերլանդների կառավարության ու թերևս հասարակության համար էլ նման աջակցության ծրագրերը նախ և առաջ միջազգային համերաշխության տեսնակյունից են արվում:

Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս պարոն Սթրեյթի մեկնաբանությունը հետևյալն էր. “Նորվեգիայի, Ֆինլանդիայի համար ամբողջ աշխարհում և հարավային կովկասում նույնպես խաղաղությունը, կայունությունը, բարեկեցությունը օգտակար է բոլորի համար”, այդ առումով այս երկրների կառավարությունները նպաստում են այնպիսի ծրագրերի իրականացմանը մեր տարածաշրջանում, որոնք կծառայեն այդ նպատակին, ինչպես նաև կծառայեն արդարության և ժողովրդավարության խնդիրների լուծմանը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերի փոխանցմամբ ռազմավարությունը, որ այժմ կիրառվում է երկար քննարկումների արդյուք է և այն աշխատում է երեք ուղղությամբ, տնտեսական աճի, քաղաքացիական հասարակության ամրապնդման ու ներգրավման և առողջապահական ու սոցիալական ծրագրերի ուղղությամբ:

Սալբի Ղազարյանը հարց ուղղեց մասնակիցներին, թե որն է դոնոր կազմակերպությունների համար հաջողության և արդյունավետության չափանիշը:
“Մենք գրասենյակում հաճախ ենք քննարկում այդ հարցը, որ դոնոր կազմակերպություններն, օրինակ, 20 տարի ֆինանսավորել են մամուլի ազատության տարբեր ծրագրեր, լրատվամիջոցների ազատության հարցը, այդուհանդերձ Հայաստանում չի լուծվել, արդյոք դա նշանակում է, որ այդ ծրագրերը տապալվել են”, հարցրեց տիկին Ղազարյանը:
Տիկին Չիմա Ջեթինդերն ասաց, որ տարբեր ոլորտներում արդյունավետության չափանիշները տարբեր են: Տնտեսական և սոցիալական ոլորտում առաջընթացն ավելի նկատելի է: Քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության ոլորտներում առաջընթացն ավելի դժվար է, այստեղ խնդիրները շատ են և բարդ են: Բայց դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել և դադարեցնել ծրագրերը: Պետք է փորձել գտնել ճիշտ թիրախները և անել ավելին արդյունքի հասնելու նպատակով:

Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմըթի Սթրեյթը խոսեց այն մասին, որ Հայաստանում դոնոր կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը նվազում է: Այդ իրողությունը հաշվի առնելով` անհրաժեշտ է հասարակության ավելի մեծ ներգրավում, քաղաքացիների կամավոր աշխատանքների խրախուսում: Պարոն Սթրեյթի համոզմամբ, հասարակական կազմակերպությունները պետք է փորձեն գրավչություն մտցնել իրենց աշխատանքի մեջ, որպեսզի շահագրգռեն հասարակությանն ավելի ակտիվ ներգրավվել այդ գործում: Այլապես քաղաքացին իր շահից ելնելով վերցում է ընտրակաշառքը և քվեարկում: Դրան պետք է այլընտրանք հակադրել:
Դահլիճից հնչեցին բազմաթիվ հարցեր, դոնոր կազկամակերպություների ռազմավարության սկզբունքներ, այս կամ այն հայտը ընդունելու կամ մերժելու չափանիշների վերաբերյալ:

Դոնոր կազմակերպություններին ուղղված առաջարկով հանդես եկավ Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը:
Նա ասաց, որ դոնոր կազմակերպույթւոնները հսկայական գործ են արել Հայաստանում անկախությունից ի վեր, և այդ գործը պետք է շարունակվի:

“Բայց, կարծում եմ, դոնոր կազմակերպությունները պետք է միասին մի ոլորտի կամ ծրագրի վրա կենտրոնանան, որն առավել մեծ ազդեցություն կունենա Հայաստանում զգալի փոփոխությունների վրա: Եվ այդ մեկ ոլորտը կարող է զանգվածային լրատվությունը լինել: Ես խորհուրդ կտամ, որ դուք լրջորեն մտածեք սրա շուրջ: Այսօր մենք հրաշալի քննարկում ունեցանք, լավ գաղափարներ հնչեցին, բայց հասարակության մեծ մասը չի իմանա այդ մասին, քանի որ հանրային հեռուստատեսությունը չի լուսաբանի սա: Նրանք, ովքեր կկարդան այս քննարկման մասին մեր կայքում տեղյակ կլինեն, բայց հասարակության մեծ մասը չի իմանա, թե ինչ ենք մենք քննարկել: Մենք պետք է կարողանանք ներգրավել հասարակության մեծ մասին և դրա միակ հնարավորությւոնը անաչառ և ազատ տեղեկատվության   տարածումն է: Այդ մեծ ոլորտը, որ կարող է զգալիորեն փոխել իրավիճակը Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցն է: Ես կառաջարկեի, որ դուք, շարունակելով այն լավ գործը, որ անում եք Հայաստանում, համախմբվեք մեկ մեծ ծրագիր իրականացնելու նպատակով և որ այդ ծրագիրը դառնա հեռարձակող լրատվամիջոց, ֆինանասավորեք այն, որպեսզի հասարակությունը կարողանա տեղեկատվություն ստանալ` զերծ պետական քարոզչությունից”, ասաց Վարդան Օսկանյանը:  

Քննարկման սղագրությունը և տեսագրությունը տեղադրված կլինի www.civilitasfoundation.org կայքում առաջիկա օրերին:

Դոնոր կազմակերպությունների ռազմավարությունը Հայաստանում