{youtube}TkSvHflRHmE{/youtube}
Սիվիլիթաս հիմնադրամում մարտի 27-ին կայացած ասուլիսին, որը վարում էին հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը և փաստաբան Վահե Գրիգորյանը, ներկա էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը և Եվրամիության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն: Ասուլիսին դիվանագետները զորակցություն հայտնեցին Սիվիլիթաս հիմնադրամին և նրա ծրագրերին և քննադատեցին հիմնադրամի դեմ իշխանությունների գործողությունները: ԱԱԾ-ի կողմից Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի հարուցումից արդեն անցել է տասն ամիս: Ասուլիսի սղագրությունը՝ որոշ խմբագրումներով և կրճատումներով, ներկայացված է ստորև:
Սալբի Ղազարյան. ՍիվիլՆեթին հետևողների թիվը հասել է մեկ միլիոնի
Վերջին ամիսներին, ինչպես դուք նկատել եք, մենք ավելի լուռ ենք մնացել՝ ակնկալելով, որ տասնամսյա այս քննարկումները, քննությունները կհասնեն այն ավարտին, որ մեզ թվում էր՝ բնական ավարտը պետք է լիներ: Այսինքն՝ այս բոլորին պետք է վերջ դրվեր, որովհետև ինչպես ասել ենք ի սկզբանե, մեր անունի և պարոն Օսկանյանի անունի շուրջ այդ բոլոր ամբաստանությունների մասով փաստեր չկան: Սակայն ոչ միայն դա չկատարվեց, այլև ընդհակառակը՝ հարցաքննությունները խորացան, այս վերջին ամիսներին հարցաքննվեցին մեր աշխատակիցներից մի քանիսը: Ինձ են կանչել մի քանի անգամ, ուսումնասիրել են այնպիսի բաներ, ինչպես օրինակ՝ ավտոլվացման կտրոններ, վառելանյութի կտրոններ, օգտագործողների ցուցակ և այլն, օրապահիկ ստացողներ գործուղվողների մասին և հավելյալ տեղեկություններ տարբեր-տարբեր ուղղություններով:
Հիմա, վերջապես, մի քանի շաբաթ առաջ մեր հաշվապահական ընկերությունը ստացավ հայց, որտեղ խնդրվում է տեղեկացնել բոլոր՝ 40-ից ավելի մեր ծրագրերի և նվիրատվությունների գումարների մասին, թե ինչպես են ծախսվել, որ մենք տեղեկություններ հաղորդենք, թե ինչպես են տնօրինվել հիմնադրամի կողմից, տրամադրել յուրաքանչյուր գործարքի, նվիրատվության, նախահաշվի, պայմանագրի, գումարների ծախսի, նվիրաբերողներին ներկայացված վերջնական հաշվետվությունները և բոլոր փաստաթղթերը: Խոսքը բոլոր ծրագրերի մասին է՝ լինեն 200 հազ. դրամի, թե 200 հազ. դոլարի:
Եղել է նաև հոգեբանական ճնշում ոչ միայն մեր աշխատակազմի անդամների, այլև, օրինակ, այն երիտասարդների նկատմամբ, որոնք մասնակցել էին դատախազին ուղղված ստորագրահավաքին՝ խնդրելով, որ նա Սիվիլիթասի դեմ հետապնդումը դադարեցնի:
Այս վերջին մեկուկես ամսվա ընթացքում նաև ուրիշ զարգացումներ են եղել. «Օրակարգ» թերթի տարածումը կրկնապատկվել է, ՍիվիլՆեթին հետևողների թիվը հասել է մեկ միլիոնի՝ միայն ուղիղ եթեր դիտողների: Այսինքն՝ մենք շարունակում ենք մեր գործունեությունը, որովհետև մենք հավատում ենք, որ ինչպես հինգ տարի առաջ, այսօր նույնպես այն, ինչ մենք անում ենք, կարևոր է Հայաստանի համար: Պետք է շարունակենք այդ բոլորը անել, խոչընդոտները կան և շատանում են, բայց մենք այդ գործունեությունը պետք է շարունակենք: Եվ այսօր մենք շատ-շատ շնորհակալ ենք, որ մեր բոլոր աջակիցները՝ փոքր թե մեծ, մեզ հետ են և հավատում են, որ այդ գործը պետք է շարունակվի:
Վահե Գրիգորյան. Սիվիլիթասը տուժում է ԱԱԾ-ի գործողություններից
Տասն ամիս շարունակ նախաքննություն է իրականացվում մի գործով, որով Սիվիլիթաս հիմնադրամը ավելի շատ է ներգրավված: Ընդ որում՝ Սիվիլիթաս հիմնադրամը կամ նրա պաշտոնատար անձինք կամ աշխատակիցներն ու ներկայացուցիչներն ավելի շատ այդ գործով ներգրավվում են իրենց գործողությունների օրինականության նկատմամբ կասկած հարուցող հարցեր առաջադրելով, այնինչ բոլորդ հիշում եք, որ Ազգային ժողովում, երբ ներկայացվում էր Վարդան Օսկանյանի պատգամավորական անձեռմխելիությունը սահմանափակ չափով կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը, մի շարք պաշտոնատար անձանց կողմից Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացվում էր իբր կատարված անօրինական գործողություններից տուժած կազմակերպություն: Իրականության մեջ մենք այսօր հայտարարում ենք, որ իրապես Սիվիլիթաս հիմնադրամը տուժում է, բայց արդեն իսկ նախաքննության մարմնի՝ Ազգային անվտանգության ծառայության գործողություններից և այսպես կոչված նախաքննությունից:
Մեր կարծիքով՝ նախաքննության նպատակները որևէ կերպ չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քրեական դատավարության նպատակներին և ավելի շատ համապատասխանում են Սիվիլիթաս հիմնադրամի կողմից, որպես նաև խոսքի ազատության ոլորտում կարևոր սուբյեկտի, արտահայտվելու ազատությանը՝ որպես քողարկված միջամտություն, ինչն աննախադեպ է ՀՀ-ում, եթե հաշվի առնենք ընդամենը այն փաստը, որ նախաքննություն է իրականացվում ոչ կառավարական կազմակերպության գործունեության վերաբերյալ: Այդ գործունեության նկատմամբ վերահսկողական գործողությունները իրականացվում են նախաքննության անվան տակ՝ այս գործընթացին, ԱԱԾ-ից բացի, ներգրավելով հարկային մարմիններին, որոնք առ այսօր վերջնական եզրակացություն այդպես էլ չեն տվել Սիվիլիթասի գործունեության օրինականության և բյուջեի հետ կապված փոխհարաբերությունների վերաբերյալ:
Բնականաբար, այս ողջ գործընթացն իրականացվում է օրենքի ձևական կողմի պահպանմամբ, բայց բովանդակային առումով անհասկանալի է տասն ամիս իրականացվող նախաքննության վերջնական նպատակը:
Ջոն Հեֆերն. Սիվիլիթասը և Սիվիլնեթը անչափ կարևոր են Հայաստանի ժողովրդավարության համար
Ես երկու նկատառում եմ ուզում ներկայացնել՝ մեկը այն, որ ԱՄՆ-ի դեսպանությունը Սիվիլիթասի հետ մի քանի տարի աշխատել է մի շարք ծրագրերի շրջանակում: Միացյալ Նահանգների կառավարությունը և դեսպանությունը համարում են, որ Սիվիլիթասը և նրա լրատվական ծրագիրը՝ ՍիվիլՆեթը, մեզ համար իրապես կարևոր գործընկեր են Հայաստանի միջազգային համայնքի համար:
Մենք նաև կարծում ենք, և սա թերևս ավելի կարևոր է, որ Սիվիլիթասը և «Սիվիլնեթը» անչափ կարևոր են Հայաստանի ժողովրդավարության համար, և մենք՝ որպես այստեղ աշխատող դեսպանությունների ներկայացուցիչներ, սերտորեն աշխատում ենք այս կառույցների հետ:
Սիվիլիթասի հետ մենք աշխատել ենք երեք ծրագրերի շուրջ՝ երկուսը գրադարանների վերաբերյալ աշխատանք էր, մեկը՝ փաստավավերագրական ֆիլմի հետ կապված, և Միացյալ Նահանգների դեսպանությունը որևէ մտահոգություն չունի այս ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Դրանք իրականացվել և ավարտվել են բյուջեի սահմաններում, ճիշտ ժամկետներում: Մենք հարցեր չունենք այն մասին, թե ինչպես են ամերիկյան հարկատուների միջոցներն իրացվել այս երեք ծրագրերի շրջանակում, ծրագրեր, որոնք ԱԱԾ-ի ցուցակում ներառված են: Մենք այստեղ տուժողներ չենք տեսնում, ոչ ոք որևէ դժգոհություն, որևէ բողոք չի հայտնել, որևէ խախտման մասին հաղորդում չի եղել, և մենք հավատացած ենք, որ այստեղ հետաքննելու ոչինչ չկա ԱԱԾ-ի կամ որևէ այլ կառույցի կողմից, քրեորեն հետապնդելի ոչինչ չկա:
Շնորհակալ ենք ՍիվիլՆեթին, Սիվիլիթասին՝ որպես միջազգային համայնքի գործընկերոջ և որպես Հայաստանի ժողովրդավարության համար առանցքային գործընկերոջ:
Ռայներ Մորել. Մեղադրանքները պետք է հիմք ունենան
Կարող եմ միայն համաձայնել ամերիկացի գործընկերոջս հետ: Ուրախ ենք, որ Սիվիլիթասի նման կազմակերպություն կա Հայաստանում, շատ լավ աշխատանք է իրականացնում, մեզ շատ դուր է գալիս նրա հետ աշխատելը: Համարում ենք, որ այս երկրում Սիվիլիթասը դրական փոփոխություն է բերում ժողովրդավարացման հետագա ընթացքի իմաստով՝ հատկապես լրատվության ոլորտում տարբեր դեպքեր, իրողություններ ներկայացնելով: Օրինակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման լուսաբանումը:
Մենք ֆինանսավորում ենք տրամադրում, եթե կազմակերպությունը գործում է օրենքին համապատասխան: Սիվիլիթասին գումարներ տրամադրելու հետ կապված ոչ մի խնդիր չկա: Երկու անգամ մենք գումար ենք հատկացրել հիմնադրամի ծրագրերին, ևս երկու դոնոր Գերմանիայից գումար է հատկացրել: Բնականաբար, երբ մենք հանգանակություն ենք անում, պատշաճ փաստաթղթերը պետք է առկա լինեն, մենք դրանք ստուգում ենք, և դրա հետ կապված որևէ խնդիր չկա: Սա առաջին պահն է:
Երկրորդ պահը օրենքի գերակայությանն է վերաբերում: Կարծես թե երկիրը համապատասխան հավակնություններ ունի օրենքի գերակայության վերաբերյալ, և սա է համապատասխան քննությունը, այսինքն՝ ներկայացվող մեղադրանքները պետք է հիմք ունենան: Մինչ օրս ես իրական հիմքերից տեղյակ չեմ, միգուցե սկսում ես, փաստաթղթեր ես պահանջում ակնկալիքով կամ մտադրությամբ, որ հիմք կգտնես: Հուսով եմ՝ այդպես չէ: Մենք կուզենայինք, որ հակառակը տեղի ունենար: Չգիտեմ, ԱԱԾ-ն, իմ պատկերացմամբ, ուրույն կազմակերպություն է: Գերմանիայում դատախազությունը և ոստիկանությունն են զբաղվում նման հարցերով, փորձում են հիմքեր գտնել, մեղադրանք ներկայացնել, հետո ամեն ինչ գնում է դատարան: Հիմա չգիտեմ՝ ինչ հիմքերով է սա, չեմ հասկանում:
Եվս մի պահ: Միգուցե դա այն է, երբ նմանատիպ դեպքերում Հայաստանը հնարավոր է՝ վնաս է հասցնում այն դրական իմիջին, որը երկիրը կայացնում է՝ բոլոր քաղաքական զարգացումների բերումով, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի բերումով: Մենք ուրախ էինք այդ զարգացումներով, կուզենայինք, որ դրանք իրենց տրամաբանական ավարտին հասնեին: Նմանատիպ իրողությունները վնասում են երկրի շահերին:
Կոնստանտին Օբոլենսկի. Որևէ դժգոհություն չունենք Սիվիլիթասի հետ ծրագրից
Շվեցարիայի դեսպանությունը Սիվիլիթաս հիմնադրամի հետ համագործակցել է մի ծրագրի շրջանակում՝ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարելավման վերաբերյալ՝ 2009-2010 թթ.: Այս ծրագրի ավարտից հետո, ինչպես ընդունված է, մենք պատվիրել ենք աուդիտորական եզրակցություն՝ նմանատիպ ծրագրերի իրականացման հետ կապված ընդունված պրակտիկա, և այս պահի դրությամբ թույլ տվեք հայտարարել, որ ծրագիրը իրականացվել է պայմանագրի դրույթներին համապատասխան: Այսինքն՝ որևէ պահանջ և դժգոհություն չունենք Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ, և սա է կարևոր:
Թիմոթի Սթրեյթ. Հպարտ ենք Սիվիլիթասի պես գործընկեր ունենալու համար
Նորվեգիան միանգամայն համոզված է, որ աշխույժ և առողջ մամուլը հույժ կարևոր է կենսունակ ժողովրդավարության համար: Նորվեգիան բացահայտեց և այդ օրվանից ի վեր համարում է, որ Սիվիլիթասը շատ լավ գործընկեր է Հայաստանում կենսունակ, աշխույժ և ազատ մամուլ կայացնելու համար: Գրեթե առաջին օրվանից աջակցություն ենք ցուցաբերել Սիվիլիթասին: Նորվեգիայի հարկատուների միջոցներով նրանց իրականացրած ծրագրերից է, օրինակ, հանրային հարցման վերաբերյալ ծրագիրը, երբ մարդկանց հարցնում են, թե ինչ են կարծում այս կամ այն հարցի շուրջ, և հանրային քննարկումների անցկացումը:
Ի հավելումն դրա՝ նշեմ, որ տարեկան հաշվետվությունները, որ շատ բարձր գնահատականի են արժանանում հետազոտողների, կառավարությունների, անհատների կողմից աշխարհով մեկ: Ասեմ, որ թեև թե՛ հանրային քննարկումների, թե՛ հարցման ծրագրերի ֆինանսավորումը ավարտվել է, Սիվիլիթասը որոշել է շարունակել այդ ծրագրերը սեփական միջոցներով: Շատ լավ սովորություն է, որ մենք ներդնում ենք Հայաստանում, և հետո դրանց իրականացումը շարունակվում է ինքնուրույն՝ առանց լրացուցիչ ֆինանսավորման: Սրան ենք մենք ձգտում:
Մենք որևէ խնդիր չենք ունեցել, թե ինչպես է Սիվիլիթասը տնօրինել գումարները: Շատ ուրախ ենք արդյունքներից և շատ հպարտ ենք Սիվիլիթասի պես գործընկեր ունենալու համար:
Մաս 2. հարցուպատասխան
Հարց – Փաստաբանը դժգոհեց նախաքննության ընթացքից, որ երկար է տևում: Օրենքով սահմանված նախաքննության ժամկետ կա՞:
Վահե Գրիգորյան – Օրենքով նախատեսված ժամկետային սահմանափակումը «ողջամիտ» բառով է սահմանափակվում, չնայած և քրեական գործի նախաքննությունը հստակ ժամկետով է սահմանափակված՝ երկամսյա, և այն շարունակաբար կարող է երկարացվել գործի նկատմամբ հսկողությունը իրականացնող դատախազի կողմից: Այդուհանդերձ, եթե նույնիսկ այդ ժամկետը «ողջամիտ» սահմանմամբ սահմանափակված չլիներ, մի բան հստակ է, որ նախաքննության մարմինը քրեական դատավարության ընթացքում հստակ նպատակներ պետք է հետապնդի, և դրանք չպետք է տարբեր լինեն քրեական դատավարության նպատակից: Այս պահի դրությամբ, ինչքանով մենք ենք նկատում, քրեական հետապնդում իրականացնող մարմինը ոչ թե գտել է այն կասկածը կամ մեղադրանքը, կամ դրա մոտավոր բովանդակությունը, որի շուրջ կարող է շարունակել քննությունը, այլ դեռ շարունակում է այդպիսի կասկած կամ մեղադրանք որոնել: Նկատեք, որ սրանք տարբեր նպատակներ են, այսինքն՝ այդուհանդերրձ ինչ-որ բան գտնելը: Այսինքն՝ խոսքը չի վերաբերում փաստի շուրջ կամ առիթի շուրջ կատարվող քննությանը, խոսքը վերաբերում է այդպիսի փաստ կամ առիթ փնտրելուն, կոնկրետ Սիվիլիթաս հիմնադրամին է վերաբերում ասածս:
Հարց – Այսինքն՝ ժամկետի բողոքարկումը հնարավոր չէ՞:
Վահե Գրիգորյան – Ո՛չ, դա բացարձակ անարդյունավետ միջոց է:
Հարց – Տիկին Սալբի, որոշ ժամանակ, կարծես թե, հարցաքննություններ չկային, ոչ մի պահանջ չկար: Եթե չեմ սխալվում, մարտի 1-ին ձեզ կանչեցին հարցաքննության: Դուք դա կապո՞ւմ եք ավագանու առաջիկա ընտրությունների հետ:
Վահե Գրիգորյան – Եթե թույլ կտաք՝ խնդրի իրավական, փաստական կողմի վերաբերյալ ես որոշ ինֆորմացիա տրամադրեմ: Թեկուզ ի սկզբանե հարցերը տիկին Ղազարյանին և Սիվիլիթաս հիմնադրամի մի շարք աշխատակիցներին ուղղված են եղել այն տոնայնությամբ, որ դրանք կասկած էին պարունակում նրանց գործողությունների օրինականության վերաբերյալ, ինչը կհանգեցներ նրան, որ այդ անձինք ուղղակիորեն կարող էին հրաժարվել ցուցմունք տալուց՝ թեկուզ վկայի կարգավիճակով էին հրավիրել, այդուհանդերձ ընդունվեց այն մոտեցումը, որ ցուցմունք տալուց հրաժարվելու որևէ անհրաժեշտություն չկա, և եթե ԱԱԾ-ն իրոք ուզում է պարզել՝ ինչը ինչոց է, մենք պատրաստ ենք համագործակցել և տրամադրել ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև մեր տրամադրության տակ եղած փաստաթղթերը: Շարունակաբար այդ հարցաքննությունների և կատարված հարցումներին ի պատասխան՝ տրամադրվել է ողջ տեղեկատվությունը Սիվիլիթասի գործունեության վերաբերյալ:
Ձեր նշած մարտի 1-ի հրավերի հետ կապված. վերջին հարցաքննության օրը ուղղակի տիկին Ղազարյանը հրաժարվեց այլևս ցուցմունք տալ, որովհետև նրա կողմից տրված ցուցմունքները և տրամադրվող տեղեկատվությունը գործի նախաքննության ընթացքում փորձ էր կատարվում հիմք ծառայեցնել քրեական գործի այլ փուլեր վերաբացելու համար՝ այլ ծրագրեր ստուգել, այլ գործունեության ոլորտներ մտնել, թեկուզ էլի ոչինչ չի հայտնաբերվելու, այնուամենայնիվ, դա կազմակերպության համար բավական ծանր բեռ է. տասն ամիս նախաքննություն իրականացնել մի կազմակերպության գործունեության վերաբերյալ, որի և՛ աշխատակիցներն են շարունակաբար կանչվում հարցաքննության, և՛ ողջ փաստաթղթաշրջանառությունն է ստուգվում, ինչը լրացուցիչ աշխատանք է և՛ հաշվապահների համար, և՛իրավաբանի համար, և՛առհասարակ լարվածության այն միջավայրը, որում աշխատում է կազմակերպությունը: Եվ խնդրում եմ կրկին հաշվի առեք, որ Սիվիլիթաս հիմնադրամի կողմից կազմակերպվում, ֆինանսավորվում և իրականացվում է մի շարք լրատվամիջոցների գործունեությունը, փոքր լրատվամիջոցների մասով առավել ևս զգայուն է:
Սալբի Ղազարյան – Պատկերացնե՛ք, այս վերջին տասն ամսվա ընթացքում մենք, հիմա չեմ հիշում, երևի 50 հայց, հարցաթերթիկ, թուղթ ենք ստացել տարբեր պահանջներով: 50 շաբաթ չի անցել, բայց մենք առնվազն 50 անգամ ինչ-որ պահանջ ենք ստացել։ Մենք՝ որպես կազմակերպություն, հիմնադրամ, ամբողջությամբ զգում և հասկանում ենք, որ մենք պարտավոր ենք մեր դոնորներին, մեր շահառուներին, մեզ հեևողներին և հասարակությանը բաց ներկայացնելու մեր գործունեությունը: Այդ բոլորը անում ենք և պատրաստ ենք շարունակել անել, բայց երբ այդ բոլորը կատարվում է ինչ-որ հանցագործության, մեղսակցության, ոճիր գործելու հովանու ներքո, ոչ միայն անընդունելի է, այլև մեղք է մեր հասարակության դեմ: Այդպես չպետք է մոտենանք մեր ՀԿ-ներին: Մենք, որ կարող ենք տարեկան զեկույց հրապարակել Հայաստանում, որտեղ թե՛ լավը կա, թե՛վատը, մեզ նմանների գործի պատճառով է, որ Հայաստանը, օրինակ՝ Ադրբեջանի մակարդակում չէ ժողովրդավարության և մյուս ինդեքսներում: Այն, ինչ անում է Սիվիլիթասը, անում է, որ երկիրը զարգանա: Կարո՞ղ է սխալ գործենք՝ իհարկե, կարո՞ղ է սխալ բան ասենք՝ իհարկե, կարո՞ղ է այս հինգ տարվա ընթացքում ինչ-որ ուրիշ սխալներ ենք արել՝ իհարկե, բայց այդ աստիճանի մեղադրանքը պարզապես անընդունելի է: Հատկապես, երբ դա ի սկզբանե չկա, և հետո են սկսում փաստեր որոնել:
Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված լինելը երևի իրենց պետք է հարցնեք: Ես միայն կարող եմ ասել, որ այստեղ կա մի քանի դեպք. կա այդ իրականությունը, կա նաև այն բանը, որ ՍիվիլՆեթի տարածումը ահագին փոխվել է այս վերջին մեկ, մեկուկես ամսվա ընթացքում և այլն, մնացածը չգիտեմ: Բայց նույնիսկ, որ կարելի է նման հարց տալ, արդեն նշանակում է, որ մենք վստահություն չունենք այս գործընթացների նկատմամբ:
Հարց – Եթե չեմ սխալվում, Գերմանիայի դեսպանը տարօրինակ համարեց, որ ԱԱԾ-ն է զբաղվում այս գործով: Դուք այսօր որքանո՞վ եք արդարացված համարում ԱԱԾ-ի այս գործով զբաղվելը:
Վահե Գրիգորյան – Արդարացված համարել-չհամարելու հարցին չեմ կարող պատասխանել, բայց ես չեմ տեսնում ԱԱԾ-ի որևէ գործառույթ, որի շրջանակում նախաքննության մարմինը իրականացնում է նախաքննությունը կոնկրետ Սիվիլիթասի մասով: Այսինքն՝ բնականաբար չկա քննչական մարմիններին այդպիսի ազգային անվտանգության վերապահված գործառույթ: Այլ բան ձեզ ասեմ. ես արդեն նշեցի, որ օրենքի ձևական կողմի պահպանմամբ՝ քրեական օրենքը կիրառվում է այլ նպատակով, ԱԱԾ նախաքննության մարմնի կողմից կարող է վկայակոչվել փողերի լվացման վերաբերյալ հանցագործությամբ գործեր քննելու ԱԱԾ քննչական ստորաբաժանման իրավասությունը՝ կոնկրետ Վարդան Օսկանյանի մեղադրանքի մասով, որովհետև այս գործը, այդուհանդերձ, քննվում է նույն գործի շրջանակներում, բայց որևէ նման բան չկա Սիվիլիթասի պայմաններում՝ նույնիսկ պաշտոնապես նախաքննության մարմնի կողմից հայտարարված: Այսինքն՝ բնականաբար այստեղ չկա ԱԱԾ գործառույթների շրջանակում և ԱԱԾ քննչական ստորաբաժանման ենթակայության որևէ հարց: Առհասարակ, հասկանալի էլ չէ, թե ինչ հարցի շուրջ է ընդհանրապես այդ քննությունը կատարվում:
Հարց – տիկին Սալբի, հենց գործընթացը սկսվեց, դուք հայտարարեցիք, որ այն ամբողջությամբ քաղաքական է: Շարունակո՞ւմ եք այդպես պնդել:
Սալբի Ղազարյան – Այո, ես ուրիշ բացատրություն չունեմ:
Հարց՝ Ջոն Հեֆերնին – Տեղի ունեցածը կապո՞ւմ եք Վարդան Օսկանյանի գործունեության և խորհրդարանական ընտրություններից առաջ նրա՝ իշխանությունների հասցեին հնչեցրած սուր քննադատությունների հետ:
Ջոն Հեֆերն – Պարոն Օսկանյանի գործի վերաբերյալ ես անցած տարի հայտարարությամբ հանդես եկա, երբ Ազգային ժողովը նրան զրկեց անձեռմխելիությունից։ Ես իմ այդ հայտարարությանը ոչինչ չունեմ ավելացնելու:
Հարց -Իսկ դեսպանները ի՞նչ տպավորություն են ստացել այս տասն ամիսների նախաքննությունից: Նրանք քաղաքական հետապնդման մասին ի՞նչ կարծիք ունեն:
Ջոն Հեֆերն – Ես շարժառիթների մասին դատողություններ չեմ կարող անել, բայց կարող եմ ասել, որ, իմ կարծիքով՝ սա օրինական քննություն չէ, բայց չեմ կարող ասել՝ այն ինչ է իրենից ներկայացնում:
Սալբի Ղազարյան – Ի դեպ, հարկայինի ստուգումները շարունակվում են:
Վահե Գրիգորյան – Մենք ցանկանում ենք՝ հանրությունը տեղյակ լինի, որ Պետեկամուտների կոմիտեն նույնպես ներգրավվել է այս գործընթացին՝ ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանման որոշմամբ, որպեսզի ստուգում կատարի Սիվիլիթաս հիմնադրամում, և համապատասխան եզրակացությունը ակտի տեսքով ներկայացնի նախաքննության մարմնին: Օրենքով թույլատրված ժամկետից արդեն շատ ավել ստուգման ժամկետը կասեցված է հարկային մարմինների կողմից: Դա կասեցվում է հենց հարկային մարմինների կողմից, որևէ խոչընդոտ Սիվիլիթաս հիմնադրամի կողմից չի առաջադրվել այդ ստուգումը իրականացնելու համար, և հարկային մարմինները շարունակաբար, կասեցնելով ստուգման գործընթացը, մինչև այսօր շարունակում են այդ ստուգումների անցկացման կամ չանցկացման հարցը օդում առկախ պահել՝ անորոշության մեջ պահելով հիմնադրամին: Այսինքն՝ առ այս պահը հարկային մարմիններն իրենց սկսած ստուգումը չեն իրականացրել և ավարտել: Կրկնում եմ՝ հիմնադրամը որևէ խոչընդոտ չի հարուցել սրա համար, և մեզ համար անհասկանալի են հարկային մարմինների կողմից ստուգումների շարունակական կասեցումները:
Հարց – Դեսպանների՝ այստեղ հնչեցրած գնահատականները կարելի՞ է համարել որպես կոչ Հայաստանի իշխանություններին՝ ի պաշտպանություն Սիվիլիթաս հիմնադրամի:
-Ջոն Հեֆերն – Այո:
-Ռայներ Մորել –Այո: