«Մենք չունենք կառավարություն: Կա մարդկանց խումբ, որոնք առանձին ինչ-որ խնդիրներ ունեն, սակայն ոչ միասնական խնդիր, քաղաքականություն: Մեր հարկային օրենսդրությունը միջնադարյան է և ժամ առաջ բարեփոխումներ է պահանջում»,- ասաց Ասատրյանը:
Քննարկման ընթացքում, որին որպես բանախոսներ մասնակցում էին նաև Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը և անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը, անդրադարձ եղավ գնաճը զսպելու հնարավորությանը, այս ուղղությամբ կառավարության և Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերի արդյունավետությանը, համաշխարհային շուկայի ազդեցությանը և այլ գործոնների:
Հայաստանյան գնաճին նպաստող մյուս կարևոր գործոնը տեղական պատճառ ունի: Հայաստանի տնտեսությունում մենաշնորհները բացառում են մրցակցությունը, ինչի հետևանքով գները բարձրանում են արհեստական կերպով: Ինչպե՞ս զսպել գնաճը: Որո՞նք են գնաճին նպաստող հիմնական գործոնները: Ինչո՞ւ Հայաստանի Կենտրոնական բանկին ու կառավարությանը չի հաջողվում զսպել գնաճը: Այս հարցերին էին փորձում պատասխան տալ երեք բանախոսները:
«Մեր երկրում յուրաքանչյուր օղակ քայքայված է, մեզ կառուցվածքային փոփոխություններ են պետք, այդ թվում՝ նաև գնաճի կարգավորման համար»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Քննդատելով Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, պատգամավոր Արա Նռանյանը ընդգծեց. «Գների արհեստական զսպումները պայթյունավտանգ են: Շատ ավելի կարևոր է ազատ մրցակցության ապահովումը»:
Տնտեսագետ Սամվել Ավագյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, ասաց, որ Հայաստանում անվերահսկելի գնաճի հիմնական պատճառը պետք է փնտրել սխալը օրենսդրության մեջ:
Բանախոսները նկատեցին, որ կառավարությունը պետք է առաջին հերթին ոչ թե մտածի գնաճը զսպելու մասին, այլ փորձի խթանել մրցակցությունը:
Քննարկման երկրորդ հատվածում բանախոսներին հարցեր ուղղելու, ինչպես նաև տեսակետներ արտահայտելու հնարավորություն ստացան նաև դաճլիճում ներկա գտնվողները: Մասնավորապես, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ տնտեսությունը ճգնաժամային վիճակում է։
«Այսօր մեր կառավարության հիմնական թիմը կենտրոնական բանկային մտածողություն ունի։ Վրաչապետը ԿԲ նախագահ է եղել, և ԿԲ-ի ու կառավարության միջև այս հակակշիռը վերացել է։ Ես հիշում եմ, որ նախագահ Քոչարյանի ժամանակ, երբ նստում էի կառավարության նիստին, «պատերազմ» էր գնում ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի և Տիգրան Սարգսյանի միջև։ Բանկն իր բնույթով զսպողական է, հատկապես ճգնաժամային պայմաններում, երբ հակասություններ կան։ Իսկ գործադիրն ավելի ընդլայնված քաղաքականություն պետք է վարի։ Եվ այս հակադրությունն ինչ-որ միջինի է գալիս»,- ասաց նա։