Գյումրիի «Արևամանուկ» կենտրոնում հունվարի 24-ին Սիվիլիթաս հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Զեկույցի ներկայացումից հետո տեղի ունեցավ հանրային քննարկում «Գյումրի. քաղաքական և տնտեսական ապակենտրոնացման հեռանկարը» թեմայով, որին մասնակցեցին Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը և «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող-մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:
«Մեծ գլխով և վտիտ ոտքերով հիվանդ երեխա». այսպես բնութագրեց այսօրվա Հայաստանը քննարկումը վարող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: «Մեծ գլուխը» Երևանն է, իսկ «վտիտ ոտքերը»՝ մնացյալ Հայաստանը: Ինչպե՞ս ապահովել քաղաքական և տնտեսական ապակենտրոնացում, ի՞նչ անել, որ մայրաքաղաքի և Հայաստանի մյուս հատվածների միջև կենսամակարդակը ավելի չխորանա:
«Գյումրին ինքը պետք է նաև փորձի տեղից շարժվել և չսպասել Երևանի քայլերին», ասաց Վահան Թումասյանը: Նրա խոսքերով, եթե կենտրոնացումը դեպի Երևան գնալով ավելի խորանա, ապա կգա մի ժամանակ, երբ Գյումրիում կմնա այնքան բնակչություն, որ կսպասարկի 102-րդ ռուսական ռազմակայանին:
Դերենիկ Մալխասյանի կարծիքով՝ ապակենտրոնացման հաջող և անհրաժեշտ քայլ կարող է լինել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը: Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ անկախությունից ի վեր անցնող երկու տասնամյակներում Հայաստանում ոչինչ չի արվել ապակենտրոնացման քաղաքականության ուղղությամբ, իշխանությունները երբևէ այդ խնդրին ուշադրություն չեն դարձրել: Գայանե Ավագյանը համոզված է, որ Գյումրիում գործազրկության ավելացումը անմիջական շարունակությունն է և հետևանքը երևանակենտրոն քաղաքականության:
Քննարկման մասնակիցները լավատես չէին առաջիկա խորհրդարանական ընտրությունները համեմատաբար ազատ և արդար անցկացնելու առումով, քանի որ չկան նախադրյալներ: Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ «Իշխանությունները փորձելու են ընտրությունները կեղծել նախքան ընտրությունները»:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը ընդունման և դրա՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ու թուրք-հայկական սահմանի ապաշրջափակման ազդեցության մասին: Բանախոսները ընդգծեցին, որ թուրք-հայկական սահմանի բացումը չի կարող լուրջ ազդակ լինել Հայաստանի զարգացման համար և պետք չէ հույսը դրա վրա դնել: «Հայաստանի խնդիրների շուրջ 70 տոկոսը Հայաստանի ներսում են» ասաց Վահան Թումասյանը: