DSC_7641Համաշխարհային ճգնաժամն ու վերջին տարիներին Հայաստանում արձանագրված  տնտեսական աննախադեպ անկումը առաջին հերթին ազդել են մարզերի վրա: Գյումրիի «Արևամանուկ» հիմնադրամի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանի խոսքերով՝ Շիրակում «կյանքն ուղղակի կանգ է առել, Գյումրիում յուրաքնաչյուր ընտանիք այս ճգնաժամի պատճառով խորապես վնասված է»: Նրա ասելով՝ չկա մի ոլորտ, որ ազդված չլինի: Գյումրեցիներն այսօր այնպիսի պայմաններում են ապրում, որ չգնալ այլևս հնարավոր չէ: «Ես ինքս շատ հաճախ մտածում եմ այդ մասին»,- ասում էր նա:

Սիվիլիթաս հիմնադրամը Գյումրիում ներկայացրեց իր տարեկան «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցը, որին անմիջապես հաջորդեց քննարկում «Արտագաղթի նոր ալիք. ինչո՞ւ են մարդիկ լքում հայրենիքը» թեմայով՝ կենտրոնանալով Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա: Քննարկման բոլոր մասնակիցները Գյումրիից էին: «Գալա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի խոսքերով, Հայաստանից և մասնավորապես Շիրակի մարզից արտագաղթն ունի ցիկլային բնույթ: Յուրաքանչյուր նախագահական ընտրություններից հետո մարդիկ հեռանում են հայրենքից, քանի որ նախագահական ընտրությունները համարվում են այն հանգուցային կետը, որից ակնկալում են փոփոխություններ, որոնք, սակայն, այդպես էլ կյանքի չեն կոչվում: 

«Մարդիկ հեռանում են հեռանկարի բացակայության պատճառով: Մարդն իր երկրում իր երեխայի համար ապագա չի տեսնում: Հիմա արդեն հեռանում են նրանք, ովքեր սոցիալապես քիչ թե շատ ապահովված են: Երբ մարդիկ հասարակական ընդվզման ճանապարհով չեն կարողանում լուծել իրենց խնդիրները, «բողոքում են ոտքերով», սկսում են լքել Հայաստանը»,- ասում էր Դերենիկ Մալխասյանը:

Քննարկման երրորդ մասնակիցը՝ Շիրակի մրցունակության կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը, նշեց, որ Գյումրիից ոչ միայն մարդիկ են հեռանում, հեռանում է նաև բիզնեսը: Կան դեպքեր, երբ գյումրեցիներն իրենց բիզնեսը տեղափոխում են հարևան Վրաստան, քանի որ այնտեղ գործարար միջավայրն ավելի բարենպաստ է, կոռուպցիան իջեցվել է նվազագույն մակարդակի: «Չնայած այսօր Հայաստանում բանկերը սկսել են ավելի ակտիվ աշխատել, տրամադրում են ավելի շատ վարկեր ու ֆինանսական գործիքներ, բայց շատ քիչ գործարարներ են կարողանում օգտվել ֆինանսական այդ միջոցներից, որովհետև բարձրացել են տոկոսադրույքները»,- ասում էր Գայանե Ավագյանը:

Շիրակի մարզը սահմանակից է երկու պետության՝ Թուրքիային ու Վրաստանին: Քննարկման մասնակիցներն ու դահլիճում ներկաները, ընդհանուր առմամբ, ընդունեցին, որ թուրք-հայկական սահմանի վերաբացումը և Կարս-Գյումրի երկաթուղու գործարկումը կարող են տնտեսապես աշխուժացնել կյանքը մարզում, սակայն մյուս կողմից, քանի դեռ Հայաստանի ներքին խնդիրները չեն կարգավորվել, սահմանի բացումից չպետք է լուրջ ակնկալիքներ ունենալ:

http://www.galatv.am/news/other/mec-glxov-hajastan.html

Գյումրիում կյանքը կանգ է առել