Փետրվարի 26-ին Երևանի Ուրբաթ ակումբում կայացավ լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի Արցախյան օրագիր. կանաչ ու սև գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը: Գիրքը հայերենով հրատարակվել էր 2008-ին: Այն Թաթուլ Հակոբյանի լրագրողական աշխատանքի` ղարաբաղյան հակամարտության պատմության սեփական աչքերով տեսած դրվագների, ինչպես նաև հարցազրույցների, հոդվածների մարդկային պատմությունների համադրում է: Ռուսերեն հրատարակությունը 2008-ի հայերեն հրատարակության լրացված տարբերակն է: Առաջիկայում լույս կընծայվեն նաև գրքի անգլերեն և արևմտահայերեն տարբերակները: Բացման խոսքում Թաթուլ Հակոբյանը խոսելով գրքի վերնագրի մասին, տեղեկացրեց, որ վերնագրի հեղինակը ռեժիսոր Տիգրան Խզմալյանն է: Նա էր, որ ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ իր տպավորությունը պատկերավոր ներկայացրել է որպես կանաչի (զինվորական հագուստի գույնի) և սևի (զոհվածների մայրերի, կանանց ու քույրերի հագուստի գույնի) համադրություն: Տիգրան Խզմալյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Թաթուլին այս բարդ աշխատանքի` հիշեղությունների, պատմությունների, փաստերի հավաքագրման ու անաչառ ներկայացման համար և խոսեց այն մասին, որ բոլորիս ցանկությունն է, որ Ղարաբաղում պակասի սևը իսկ կանաչը մնա միայն որպես խոտի և տերևի գույն:
Ներկաներից մի քանիսը` Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, խոսեցին այն մասին, որ պատմությունը թղթին հանձնելը բարդ և պատասխանատու աշխատանք է, և Թաթուլ Հակոբյանին հաջողվել է իսկական լրագրողի անաչառությամբ ներկայացնել փաստերը, մարդկանց ու իրադարձությունները:
Թաթուլ Հակոբյանն ինքը խոսելով գրքի մասին, ասաց, որ պատմությունը գրելը հեշտ է այն դեպքում, երբ այդ պատմության անմիջական մասնակիցները, հերոսներն ու հակահերոսները վաղուց չկան: Ղարաբաղյան հակամարտության պատմության դեպքում նրանցից շատերը մեր կողքին են և իրադարձություններն ու դեպքերը նրանք տարբեր կերպ են տեսնում ու մեկնաբանում: Այդ առուոմվ նորագույն պատմության որևէ, առավել ևս ղարաբաղյան հակամարտության նման բարդ հատվածը գրելը բարդ գործ է: Այդ կապակցությամբ Թաթուլ Հակոբյանը խնդրեց իր ընթերցողներին իր հետ կիսվել ոչ միայն դրական գնահատականներով, այլև դիտողություններով, եթե այդպիսիք կլինեն:
Անցյալ շաբաթ Թաթուլ Հակոբյանի գիրքը ներկայացվեց նաև Լեռնային Ղարաբաղում` Ստեփանակերտում և Հադրութում: