Երրորդ տարին անընդմեջ Սիվիլիթաս հիմնադրամը իր տարեկան զեկույցը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում, որին անմիջապես հետևեց հանրային քննարկում «Արցախը 2012-ին. հանրության ակնկալիքները» թեմայով: Միջոցառումը, ինչպես և նախորդ տարի, անցկացվեց Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդի հետ համագործակցաբար:
Նախքան քննարկումը լրագրող, Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը մասնակիցներին հակիրճ ներկայացրեց «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը և «Հայաստան և հարևաններ. 20 տարի թվերով» գրքույկը:
Քննարկման մասնակիցները՝ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդգես Բաղրյանը և Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, անդրադարձան Երևան-Ստեփանակերտ հարաբերություններին ու համագործակցությանը, Հայաստանի իշխանությունների ազդեցությանը ԼՂ ընտրական գործընթացների վրա, ղարաբաղյան կարգավորմանն ու Արցախի ժողովրդավարական գործընթացներին, արցախյան լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկա վիճակին, 2012թ. ամռանը կայանալիք ԼՂ նախագահական հինգերորդ ընտրություններին:
Քննարկման երկրորդ հատվածում բանախոսներին, ինչպես նաև վարող Թաթուլ Հակոբյանին ու Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանին հարցեր ուղղեցին դահլիճում ներկա քննարկման մասնակիցները՝ ԼՂ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, տարբեր նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ստեփանակերտի բուհերի ուսանողներ և մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներ: